Դառնալ հաջողակ, օրն անցկացնել արդյունավետ, լինել մշտապես մոտիվացված ու դրական օրինակ ծառայել մյուսների համար. սրանք հատկանիշներ են, որոնց ձգտում է ժամանակակից մարդը: Դրանց հասնելու ուղիներից մեկն էլ կոմֆորտ զոնայից` հարմարավետության գոտուց դուրս գալն է: Իսկ որն է կոմֆորտ զոնան: Սա մի միջավայր է, որտեղ մարդն իրեն զգում է ապահով ու վստահ:
Մոնիկա Մուղդուսյանն ուսանող է: Ամռան երեք ամիսներն անցկացրել է աշխատելով ԱՄՆ-ում: 20 տարեկան աղջկա համար այնտեղ ամեն ինչն իր կոմֆորտի զոնայից դուրս էր: Ժամանակի ընթացքում ուսանողուհին հասկացել է՝ հարմարավետության գոտուց այն կողմ հրաշքներ են պատահում:
«Այնտեղ շատ առիթներ են ստեղծվում, որ կոմֆորտ զոնայից դուրս գաս: Սկսեցի չվախենալ նոր երեւույթներից, որովհետև տեսա, որ ամեն ինչի հետևում ինչ–որ լավ բան կա»:
Անձնային աճի խորհրդատու Գոռ Հովհաննիսյանը վստահեցնում է՝ կոմֆորտ զոնայից այն կողմ սթրեսն է: Ըստ նրա՝ նոր երեւույթների հանդեպ վախը մեզ մոտ ձևավորվում է դեռ մանկուց: Այն հաղթահարելը կարևոր է, քանի որ կարողանում ենք կիրառել մեր գիտելիքներն աշխատավայրում, անձնական կյանքում: Խորհրդատուն վստահ է՝ կոմֆորտ զոնայից ոչ թե պետք է դուրս գալ, այլ՝ ընդլայնել այն:
«Այդ գործընթացը պետք է կատարվի աստիճանաբար․ փորձեք ամեն տարի ընդլայնել կոմֆորտ զոնան 20 տոկոսով, քանի որ միանգամից 100 տոկոսի դեպքում շատ շուտ հետ կգաք նախկին վիճակին»,-նշում է նա:
Հոգեբան Հայկ Բաղդյանը նույնպես խորհուրդ է տալիս առաջ գնալ փոքր քայլերով. «Միանգամից եթե փորձենք դուրս գալ կոմֆորտ զոնայից, բնականաբար տագնապայնությունը կմեծանա: Պետք է քայլ առ քայլ ընդառաջ գնալ վախերին:
Հիշեք նաև, որ օրգանիզմը պետք է մշտապես սթրեսի չենթարկել, նաեւ կարեւոր է բալանսավորված հանգիստը: Երբ մենք ծուլանում ենք ինչ–որ բան անել, մեր փոխարեն դա անում է օրգանիզմը որպեսզի հանգստանա»:
Հարմարավետության գոտին ընդլայնել կարող եք սկսել հենց այսօրվանից․ փոխեք տուն գնալու մշտական ճանապարհը, փորձեք փոքրիկ զրույց ունենալ խանութի աշխատողի հետ, ավելի ինքնավստահ լինելու համար գրքեր ընթերցեք ու վերջում մի´ մոռացեք ամեն փոքրիկ քայլից հետո ինքներդ ձեզ շնորհավորել:
Արփի Շահինյան
3-րդ կուրս