«ԳԻՏԱԿԱՆ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ ԿԱՏԱՐՈՒՄ ԵՆՔ ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԵՐԸ»․ ՈՒԳԸ ՆԱԽԱԳԱՀ ՄԻԼԵՆԱ ՄԿՐՏՉՅԱՆ

«ԳԻՏԱԿԱՆ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ ԿԱՏԱՐՈՒՄ ԵՆՔ ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԵՐԸ»․ ՈՒԳԸ ՆԱԽԱԳԱՀ ՄԻԼԵՆԱ ՄԿՐՏՉՅԱՆ

1679

Հոկտեմբերի 2-ին ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում մեկնարկեց ԵՊՀ ՈՒԳԸ միջազգային 6-րդ գիտական նստաշրջանի լրագրության բաժանմունքի աշխատանքը:

Գիտաժողովը  նվիրված էր ԵՊՀ  հիմնադրման 100-ամյակին: Ամենամյա գիտաժողովի մասնակիցները՝ ուսանողներ, ասպիրանտներ և երիտասարդ գիտնականներ, ակադեմիական լսարանին ներկայացրին իրենց կատարած գիտական հետազոտությունների արդյունքները։

Ժուռնալիստիկայի բաժանմունքում զեկուցումներով հանդես եկան Երևանի պետական համալսարանի և Վանաձորի պետական համալսարանի ուսանողները: Ներկա էին նաև պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, տարբեր կուրսերի ուսանողներ և հյուրեր:

Ողջույնի խոսք ասաց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը․ «Լինել 100-ամյա համալսարանի ուսանողը, աշխատակիցը, առնչություն  ունենալ հայոց Մայր բուհի հետ՝ պատիվ է և պատասխանատվություն: Համոզում ունեմ, որ այստեղ՝ այս դահլիճում, այսօր նստած են Ժուռնալիստիկայի ֆակուլտետի այն ուսանողները, ովքեր ԵՊՀ-ի հաջորդ 100-ամյակի երևելի դասախոս-գիտնականները պիտի լինեն։ Մայր բուհը առաջատարն է, մայր բուհը մեր գոյության հզոր խարիսխներից մեկն է և լավագույնը պիտի լինի ու մնա նաև լավագույնը ուսանողության առկայությամբ»։

 «Այս տարի մենք նշում ենք նաև ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 20-ամյակը, ինչը նույնպես խորհրդանշական է,-ասաց ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Միլենա Մկրտչյանը։- Մեր ուսանողները, մասնակցելով ՈւԳԸ միջազգային գիտաժողովին, անում են գիտական ասպարեզում իրենց առաջին փորձերը: Շնորհավորում եմ բոլորիս և մաղթում նորանոր ձեռքբերումներ»։

Մեզ հետ զրույցում նա հավելեց, որ Ուսանողական գիտական ընկերությունը պարբերաբար կազմակերպելու է միջոցառումներ՝ միտված ուսանողների գիտական ներուժի և գիտահետազոտական աշխատանքներ կատարելու հմտությունների զարգացմանը: Գիտական զեկուցումների թեմաները բազմազան էին՝ հայ մամուլի պատմությունից մինչև մեդիահոգեբանություն, ապրիլյան պատերազմի վերաբերյալ միջազգային հանրության արձագանքներ և այլն:

Նիստը վարում էին Նոր մեդիայի և հաղորդակցության ամբիոնի վարիչ Դավիթ Պետրոսյանը և տպագիր ու հեռարձակվող լրատվամիջոցների ամբիոնի վարիչ Մուշեղ Հովսեփյանը։

 Յուրաքանչյուր զեկուցումից հետո ծավալվող քննարկումներում ներկաները հարցեր էին տալիս զեկուցողին, արտահայտում իրենց կարծիքը։
Ամփոփելով գիտաժողովի արդյունքները՝ Դավիթ Պետրոսյանը ի մի բերեց կատարված աշխատանքների դրական և թերի կողմերը, զեկուցողներին հորդորեց մինչև հոդվածների տպագրումը մեկ անգամ ևս վերանայել զեկուցումները, կատարել անհրաժեշտ շտկումներ ու հավելումներ։
Վերջում ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Միլենա Մկրտչյանը զեկուցմամբ հանդես եկած  ուսանողներին հանձնեց հավաստագրեր։

Քրիստինե Աչոյան
4-րդ կուրս

Կիսվել