ԿԱՎԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՊԵՏԱՑ ԴԱՍ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ԿԱՎԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՊԵՏԱՑ ԴԱՍ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ

1740

«Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 29-ին «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի «Շենգավիթ» մասնաճյուղում անցկացվեց կավագործության վարպետաց դաս։ «Ես ամբողջ կյանքս աշխատել եմ երեխաների հետ։ Շատ եմ սիրում սովորեցնել․ դրանից լավ բան չկա։ Միջոցառումը շատ լավ է կազմակերպվել։ Այն մարդկանց մոտեցնում է և՛ հնագիտությանը, և՛ արհեստին։ Քանի որ հնագիտական հիմնական առարկան կուժն է, մարդիկ պիտի տեսնեն, թե ինչպես է դա պատրաստվում»,- ասաց միջոցառմանը հրավիրված հայտնի կավագործ Բարսեղ Հարությունյանը։ Մասնակիցները հնարավորություն ունեին իրենց ձեռքերով կավից առարկաներ պատրաստել և նախաշազարդել։ Երևանի համար 75 հիմնական դպրոցի պատմության ուսուցչուհի Արմինե Աղասյանն ասաց, որ թե´ ինքը, թե´ երեխաները այնքան ոգևորված են, որ աշակերտներին հանձնարարելու է գրել ռեֆերատ՝ այսօրվա ստացած փորձի ու գիտելիքների մասին։ Իսկ 12-ամյա Սպարտակը որոշեց, որ հաջորդ օրվանից գնալու է կավագործության ու գտավ իր վարպետին. «Ես հենց վաղը Ձեզ մոտ կգամ ընկեր Հարությունյան»։ Ներկաները, էքսկուրսավարի ուղեկցությամբ, շրջեցին արգելոց-թանգարանով։ Միջոցառման կազմակերպիչ, արգելոց-թանգարանի «Շենգավիթ» մասնաճյուղի ղեկավար Աստղ Պողոսյանը մեզ հետ զրույցում ասաց. «Մինչ այս, մեր բոլոր միջոցառումները իրականացվում էին մեր գլխավոր թանգարանում՝ «Էրեբունի»-ում, բայց շնորհիվ մեր նոր տնօրենի՝ այս տարվանից մասնաճյուղերը ևս հնարավորություն ունեցան միջոցառումներ կազմակերպելու։ Միջոցառման համար ընտրել ենք հենց կավագործությունը, որովհետև Շենգավիթի համար այն արհեստի ամենաբնութագրիչ ճյուղն է։ Կարծում եմ, որ փոքրիկների համար շատ հետաքրքիր է և ուսուցողական»։ Միջոցառումը ավարտվեց Արմինե Հայրապետյանի հեղինակային երգերով։ Ըստ կազմակերպչի՝ պատահական չէր Արմինե Հայրապետյանի ընտրությունը, քանի որ բացի լավ կատարող լինելուց, նա նաև լավ հնագետ է, ով պեղումների ժամանակ աշխատել է հենց Շենգավիթում։

 Լուսինե Հակոբյան

 2-րդ կուրս

Կիսվել