ԽԱՂ ԻՄԱՍՏՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ԽԱՂ ԻՄԱՍՏՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

1067

Աշխարհի շատ երկրներ  շախմատը համարում են  սպորտաձեւ եւ մրցաշարերին պատրաստվում ինչպես մարզական  մեծ իրադարձության:  Մի մասն էլ կարծում է, որ շախմատն իսկական արվեստ է, սպորտային մշակույթ, որը պետք է տարածվի աշխարհով մեկ: Հայաստանի դեպքում շախմատը կյանքի փիլիսոփայություն է. մեզ համար այն միայն սպորտ և մրցություն չէ ու ամենեւին էլ պատահական չեն տարբեր տարիներին մեր շախմատիստների և հավաքականի հաջողությունները միջազգային ասպարեզում:

Շախմատում առավելության հասնելու համար անհրաժեշտ է անընդհատ  պայքարի մեջ լինել, կանխատեսել մրցակցի քայլերը, կանխել դրանց իրագործումը, ընտրել ճիշտ մարտավարություն և անհրաժեշտության դեպքում էլ տալ հուժկու հարված: Այս ամենը գործոններ են եւ առանց դրանց հնարավոր չէ հասնել  հաղթանակի: Իսկ ինչու են հայերը հաջողում շախմատում․  այս եւ այլ հարցերի պատասխաններ փորձել ենք ստանալ  ՖԻԴԵ-աշխատակից,  Հայաստանի շախմատային  ֆեդերացիայի նախագահության անդամ Աղասի Ինանցից:

«Մեր ազգը դարեր շարունակ մշտապես մտածել և մտածում է այս ամենի մասին` պաշտպանվել հակառակորդներից  և պաշտպանել  սեփական գոյությունը: Իսկապես, շախմատի ամբողջ գաղափարական միտքը  համընկնում է մեր ազգային մտածողության հետ: Սակայն կա մի տարբերություն: Եթե շախմատում պետք է ամեն ինչ  անես , որ  պաշտպանես  արքային, ապա մեզ մոտ միշտ արքաներն են պաշտպանել  ժողովրդին: Ներկայումս Հայաստանն  արժանիորեն դասվում է շախմատային գերտերությունների շարքին: Եվ ինչպես կարող է չդասվել, երբ մեր հավաքականը  3 անգամ դարձել է շախմատի օլիմպիական և աշխարհի թիմային առաջնության չեմպիոն: Մենք ունեցել ենք աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյան, ներկայումս` Լևոն Արոնյան, ով  2 անգամ դարձել է աշխարհի գավաթակիր։ : Իսկ պատանիներն  էլ  մշտապես լավ արդյունքներ են գրանցում աշխարհի և Եվրոպայի առաջնություններում:  Այս ամենին գումարվում է  այն , որ Հայաստանն աշխարհում առաջին պետությունն է, որը շախմատը դարձրեց պարտադիր ուսուցանման առարկա և մտցրեց հանրակրթկան դպրոցների կրթական ծրագրի մեջ»:

Աղասի Ինանցի խոսքով,  այսօր շատ երկրներ հետևում են Հայաստանի օրինակին և որպես ուղեցույց ընտրում են մեր փորձը: Առարկայի մուտքը դպրոցներ, անկասկած,  մեծացրել է երեխաների հետաքրքրությունը  շախմատի հանդեպ:

«Պետք է այս քայլին մի փոքր այլ տեսանկյունից նայել: Շախմատը մուտք գործեց դպրոց հատուկ նպատակով:  Երեխան դեռ փոքր տարիքից  սովորում է պայքարել, իսկ կյանքն ինքնին պայքար է: Շախմատը սովորեցնում է արդար պայքարի ձևը լինել հավասարակշռված, հաշվարկել հետագա  քայլերը: Եվ այս ամենը մենք տեսնում ենք մեզ շրջապատող իրականության մեջ: Այնպես որ,  մեր նպատակը ոչ թե պրոֆեսիոնալ շախմատիստներ պատրաստնելն է,  այլ գալիք  սերունդի մեջ շախմատային մտածելակերպ սերմանելը ։ Բայց  այդ երեխաներից կընտրվեն առավել աչքի ընկնողները, ովքեր պետք է շարունակեն  բարձր պահել հայկական շախմատի մակարդակը»:

Շախմատը հնարավորություն է, որ երեխան փորձի շախմատային քայլերը  կիրառի կյանքում եւ համոզվի՝  մտքի ուժով էլ կարելի է գրավել բարձունքներ:

Վազգեն Կարապետյան

3-րդ կուրս

Կիսվել