ԱՅՍՏԵՂԻՑ ԵՆ ԴՈՒՐՍ ԳԱԼԻՍ ՄԱՐԴԻԿ, ՈՎՔԵՐ ՇԵՆԱՑՆԵԼՈՒ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ. ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐԻ ՕՐԸ՝ ...

ԱՅՍՏԵՂԻՑ ԵՆ ԴՈՒՐՍ ԳԱԼԻՍ ՄԱՐԴԻԿ, ՈՎՔԵՐ ՇԵՆԱՑՆԵԼՈՒ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ. ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐԻ ՕՐԸ՝ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ

1953

Հայաստանի ազգային գրադարանում հոկտեմբերի 7-ից մեկնարկել է «Թումանյան-Կոմիտաս-150» խորագրով միջոցառում՝ նվիրված գրադարանավարի օրվան։ Աշխատակիցներին շնորհավորեց գրականագետ, արձակագիր, Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Հրաչյա Սարիբեկյանը՝ նշելով, որ իրենցից յուրաքանչյուրն այդ կարևոր գործի նվիրյալն է։ Բոլոր աշխատակիցները գրադարանին մատուցած ծառայությունների համար արժանացան շնորհակալագրերի, ինչպես նաև պարգևատրման։ Տնօրենը խոսեց նաև իր հիշողությունների մասին․ «Ես 13 տարեկան էի, երբ զանգահարեցին Վանաձորի մանկական գրադարանից և ասացին, որ ես ճանաչվել եմ ամենաշատ գիրք ընթերցողը և այդ կապակցությամբ ցանկություն հայտնեցին ինձ հետ հանդիպելու, որի ժամանակ հարցրին, թե ինչ եմ երազում դառնալ։  Ես ամենայն անկեղծությամբ պատասխանեցի՝ գրադարանավար, չնայած այդ մասնագիտության վերաբերյալ չունեի ոչ մի պատկերացում, ես պարզապես ուզում էի աշխատել մի վայրում, որտեղ կուզենայի ապրել և անցկացնել իմ ամբողջ կյանքը, և որտեղ հնարավորություն կունենայի անվերջ ընթերցել»։ Տնօրենը նշեց, որ միայն 27 տարի անց  հասկացավ, որ երազանքները կատարվելու հատկություն ունեն, այն էլ, երբ նրան զանգահարեցին և անակնկալ կերպով առաջարկեցին Հայաստանի ազգային գրադարանի տնօրենի պաշտոնը։ «Ինձ համար կարևոր չէ տնօրեն լինելը, այլ կարևորը՝ Հայաստանի ազգային գրադարանում լինելն է, որը ինձ համար ամենակարևոր վայրն է»,- նշեց նա։ Հրաչյա Սարիբեկյանը հավելեց նաև, որ այստեղ է կոփվում ազգի ոգին․  այստեղից են դուրս գալիս մարդիկ, ովքեր շենացնելու են Հայաստանը։ Հայաստանի ազգային գրադարանի հանրության հետ կապերի և միջոցառումների կազմակերպման բաժնի վարիչ Սյուզան Չիչակյանը նշեց, որ այս օրը իր համար առանձնահատուկ է, քանի որ առաջին անգամ է գրադարանում որպես աշխատակից, երկար տարիներ աշխատել է լրագրող։ «Հեռուստատեսությունում երկարատև պրակտիկայից հետո ես առաջարկ ստացա աշխատելու Ազգային գրադարանում, ինչը ինձ համար հրապուրիչ էր, քանի որ գրադարանը սոսկ գրադարան չէ, այլ նաև պատմություն է, մշակույթ և անցյալից ստացած հիշողություն»։ Հարցին, թե ինչ է նրա համար գրադարանային աշխատանքը, պատասխանեց. «Այն ինձ համար առաքելություն է և չափազանց կարևոր գործ, ես վստահ եմ, որ գրադարանի աշխատակիցներից շատերը նմանատիպ վերաբերմունք ունեն իրենց աշխատանքի նկատմամբ»։ Նա նկատեց, որ լավ կլիներ, որ աշխատավարձերը բարձրացնեին, բայց միևնույն է, այդ փաստը աշխատակիցներին չի խանգարում․ նրանք գիտակցում են իրենց կատարած գործի կարևորությունը և անձնվիրաբար աշխատում են։ «Թեև մենք ապրում եք նորարարության և տեխնիկայի դարաշրջանում, բայց և այնպես մեր այսօրվա սերունդը արժևորում է գիրքը»,-ասաց Սյուզան Չիչակյանը։ Նրա խոսքով՝ այսօր ընթերցողների թիվը պարբերաբար ավելանում է։ «Գրադարանում կա չորս ընթերցասրահ, որոնք լեփ-լեցուն են, եթե անգամ մարդիկ տեղ չեն ունենում ընթերցելու, նստում են աստիճաններին կամ բազմոցներին»,- ասում է Սյուզան Չիչակյանը։ Գրադարանը մի շարք մեթոդներ է կիրառում, որպեսզի երիտասարդության ուշադրությունը բերի դեպի գիրքը, օրինակ՝ ունենում են էկրանացումներ գրքերի վերաբերյալ, կազմակերպում են ընթերցումներ, շնորհանդեսներ և նոր ձևի ցուցադրություններ, որոնք հետաքրքրում են այսօրվա սերնդին։ Միջոցառման պաշտոնական մասին հաջորդեց հայ դասականների՝ երգի վերածված բանաստեղծությունները՝ LA project խմբի կատարմամբ։ Տոնը Ազգային գրադարանում կնշվի նաև հոկտեմբերի 8-ին և 9-ին։ Նշենք նաև, որ հոկտեմբերի 7-ը որպես «Գրադարանավարի օր» Հայաստանի կառավարության որոշմամբ նշվում է 2004 թվականից։

Մերի Մաթեւոսյան

2-րդ կուրս

Կիսվել