Վեդիի Մշակույթի տանը մեկնարկեց դասընթացների շարք, որի գլխավոր թեմաներից մեկը «փիչինգ»ն էր: Բանախոս, Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործման շահերի պաշտպանության և ծրագրի տեղական համակարգող Նոննա Մարգարյան իր բացման խոսքում փորձեց բացատրել, թե ինչ է փիչինգը. «Փիչինգը ասոցացվում է ստարտափ գաղափարների հետ: Փիչինգ անել՝ այսինքն համոզել դիմացինին, որ մեր արտահայտած միտքը կամ գաղափարը լավն է: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես ենք կարողանում համոզել դիմացինին»: «Փիչինգ»-ի նպատակն է կարողանալ ճիշտ ներկայացնել միտքը եւ հնարավոր ներդրողներին վաճառել գաղափարը: Այլ կերպ ասած`փիչը համոզելու արվեստն է: «Բոլորս ունենք հետաքրքիր գաղափարներ, ունենք երազանքներ, որոնք կցանկանայինք կյանքի կոչել, որոնց խանգարում են ժամանակն ու ռեսուրսները: Միգուցե մենք ունենանք լավ գաղափարներ, իսկ գաղափարը իրագործելու համար մեզ անհրաժեշտ են մասնագետներ, որոնց համար մեզ պետք են ֆինանսական միջոցներ. ահա այս դեպքում փիչինգը կարող է լավագույն տարբերակը լինել»,- վստահեցնում է բանախոսը:
«Փիչինգը» դիմացինին լավագույնս ներկայացնելու համար պետք է կարողանալ հակիրճ ձևակերպել տվյալ գաղափարը, ունենալ պարզ պատասխաններ, շեշտել տվյալ ստարտափի առանձնահատկությունը, կարողանալ դրանց մասին պատմել ներդրողներին: Բանախոսի հավաստմամբ` կարևոր են ընտրված բառերն ու տողատակերը.
«Գաղափարը իրագործելու համար շատ կարևոր է, թե ինչպես ենք դա ներկայացնում ֆինանսավորողին, ինչպես ենք պատկերացնում դրա լուծումը և վերջում` ինչ է ստանալու ֆինանսավորողը դրանից և ինչ ազդեցություն է ունենալու»:
«Փիչինգ»-ի լավագույն օրինակ է ամիսներ առաջ Վեդիում հակասրճարանի հիմնումը: Ի դեպ, գաղափարի հեղինակն է դասընթացի մասնակից Մանեն, ով իր ընկերների շնորհիվ երազանքը դարձրեց իրականություն: «Անտիկաֆեի անվան համար երկար ենք մտածել: Վերջնական որոշեցինք Կայարան, որովհետև նախ այն գտնվում է Վեդիի Կայարանի հատվածում և ասոցացվում է դրա հետ, նաև կայարան, որովհետև այն Վեդիում երիտադարդների կայարանն է, այս կայարանից նոր ճանապարհներ ենք փորձելու բացել երիտասարդներիս համար»,- համոզված պնդում է Մանեն:
Արփինե Հակոբյան
3-րդ կուրս