ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԸ ԿՈՒՆԵՆԱ ԹԱՏԵՐԱԿԱՆ ԱՄԵՆԱՄՅԱ ՓԱՌԱՏՈՆ

ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԸ ԿՈՒՆԵՆԱ ԹԱՏԵՐԱԿԱՆ ԱՄԵՆԱՄՅԱ ՓԱՌԱՏՈՆ

1685

Արդեն չորրորդ  տարին է, ինչ Աբովյան քաղաքում անցկացվում  է թատերական փառատոն։  Միջոցառման նպատակն է աշխուժացնել մշակութային կյանքը: Պաշտոնական բացմանը ներկա էր նաեւ Աբովյանի քաղաքապետը։ Թատերական փառատոնի հյուրերն էին ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Թատերական գործիչների միության նախագահ՝ Հակոբ Ղազանչյանը, Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի տնօրեն՝ Կարո Շահբազյանը, Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի  տնօրեն՝ Մարիաննա Մխիթարյանը,  ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ռեժիսոր Վիգեն Ստեփանյանը։  Աբովյանի համայնքի ղեկավար Վահագն Գևորգյանը ներկայացրեց, թե ինչպես եւ երբ առաջացավ նման փառատոնի գաղափարը:

«Մի քանի տարի առաջ էր, երբ հանդիպեցի  Հակոբ Ղազանչյանին  երկար քննարկեցինք, թե ինչպես կարելի է զարգացնել Աբովյան քաղաքի թատերական կյանքը։  Որոշում կայացրինք համայքում ամեն տարի կազմակերպել թատերական փառատոն։ Այս տարիների ընթացքում փառատոնի շրջանակներում Աբովյանում հանդես եկան հանրապետության լավագույն թատրոնները, հրավիրեցինք  նաև Թբիլիսիի դրամատիկական թատրոնը։ Հպարտորեն կարող եմ նշել, որ փառատոնը կդառնա ամենամյա»։

Թատերական գործիչների միության նախագահն էլ ողջունեց ներկաներին և ընդգծեց, որ թատերական փառատոն ունենալ ցանկանում են շատ մարզեր, բայց քչերի դեպքում է, որ ցանկությունը վերածվում է գործի և ստանում պարբերականություն։ Հակոբ Ղազանչյանը անդրադարձավ  նաեւ «Արտավազդ» մրցանակաբաշխությանը:

«Աբովյանի համար մեծ ձեռքբերում և ուրախալի փաստ էր հանրապետության լավագույն մանկական ներկայացման հաղթող ճանաչվելը։ Իհարկե, աբովյանցիների ակտիվ մասնակցությունը նույնպես նպաստում է թատրոնի կայացմանը»։
Թատերական փառատոնը կշարունակվի մինչև հոկտեմբերի 11-ը։

Սրբուհի Հակոբյան

3-րդ կուրս

Կիսվել