Արագ սնվել դեռ չի նշանակում սնվել համեղ կամ օգտակար: Անորակ սնունդը կարող է առաջացնել ճարպակալում, շաքարային դիաբետ, սիրտանոթային հիվանդություններ, ընդհուպ ՝ քաղցկեղ:
Հայաստանում չկա հստակ վիճակագրություն, թե մարդիկ որքան հաճախ են օգտվում «fast food»-ից, բայց փաստ է, որ այդ թիվը ժամանակի ընթացքում ավելանում է:
«Fast food»-ի հիմնական հաճախորդներն ուսանողներ ու դպրոցականներ են: Ըստ դպրոցականների, արագ սնունդի կետերը հարմար են եւ՛ արժեքով, եւ գտնվելու վայրով:
«Մենք գրեթե ամեն օր օգտվում ենք արագ սննդի կետերից և գոհ ենք: Նախ՝ մատչելի է ու հասանելի բոլորին, և քանի որ մեր դպրոցի մոտ է, ինքնաբերաբար, ուզում ես մի բան ուտել, անգամ եթե սոված չես»,-պատմում են աշակերտները:
Սակայն ոչ բոլորն են գոհ արագ սննդի կետերի սպասարկումից: Սանիտարահիգիենիկ պայմաններից բողոքում են շատերը:
«Առաջ շատ էի օգտվում, բայց մի քանի ամիս առաջ թունավորվեցի ու հայտնվեցի հիվանդանոցում, այդ ընթացքում բացակայեցի դասերից: Այդ դեպքից հետո աշխատում էի չօգտվել նման տեղերից, չնայած` մեկ–մեկ բացառություններ լինում են: 5 ժամ լինել համալսարանում ու ոչինչ չուտել, անհնար է»:
Արագ սննդի կետերից մեկի աշխատակցուհին խուսափեց պատասխանել մեր հարցին, թե ինչու է վաճառվող սնունդն առանց փաթեթավորման:
Ի դեպ, հենց այդ պահին այդտեղ գնորդների հերթ էր: Երբ նրանցից հետաքրքրվեցինք թե արդյո՞ք իրենց չի հուզում այդ վիճակը, պատասխանեցին, որ տեսնում են, բայց սոված են ու կարճ դասամիջոցի ընթացքում չեն հասցնում ուրիշ տեղ գնալ սնվելու համար:
Սննդաբան Արմինե Սահակյանի խոսքով, արագ սննդից կարելի է օգտվել գոնե ամիսը մեկ անգամ:
«Առհասարակ, վտանգավոր է օգտվել նմանատիպ վայրերից, հատկապես երբ կա հիգիենիկ պայմանների բացակայություն: Դրանց ամենամեծ երկրպագուները երեխաներն ու դեռահասներն են, որոնց համար էլ առավել վտանգավոր է, քանի որ աճող օրգանիզմն այդ ժամանակ գտնվում է զարգացման փուլում»:
Ամեն մարդ պետք է ինքն իր առողջության մասին հոգ տանի՝ հույս չդնելով վաճառակետերի սեփականատերերի բարեխղճության վրա, քանի որ նրանք իրենց բիզնեսն են անում:
Մարո Եղոյան
3-րդ կուրս