Հոկտեմբերի 9-ին «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ սփյուռքահայ բանաստեղծուհի, արձակագիր, հրապարակախոս Անուշ Նագգաշեանի «Փոքրիկ աղջիկը մեծ երազով» գրքի շնորհանդեսը։ Գրքում նկարագրված է տիկին Անուշի կյանքը՝ մանկության օրերը, երազանքներն իրականություն դարձնելու ձգտումները, հայրենիքը տեսնելու մեծ ցանկությունը։ Մինչ միջոցառման մեկնարկը, «Նարեկացի» արվեստի միության շնորհանդեսային բաժնի համակարգող Հռիփսիմե Ասլիկյանը բանաստեղծուհուն հանձնեց ՆԱՄ-ի խորհրդանշական հուշանվերը՝ նուռը։ Միջոցառումը վարեց բանաստեղծուհի Անահիտ Դանիելյանը։ Անուշ Նագգաշեանը իր ելույթում նշեց, որ գիրքը գրել է տասը տարի առաջ. «Բացառիկ ուրախ եմ, թեև գիրքս գրած եմ ճիշտ տասը տարի առաջ, սակայն իմ ընթերցողն ալ, իմ գնահատողն ալ կհասկնա, որ այդ տասը տարին ոչինչ է. ես նույն փոքրիկ աղջիկն եմ»։ Շնորհանդեսին ներկա էին տիկին Նագգաշեանի հարազատները, մտերիմներն ու ընկերները, ովքեր շնորհավորական խոսքեր և բանաստեղծություններ հնչեցրին բեմից։ Ընթերցեցին և ասմունքեցին հատվածներ գրողի տարբեր ստեղծագործություններից։ Տիկին Նագգաշեանը անդրադարձավ իր ստեղծագործություններին. «Սա իմ առաջին գիրքը չէ, ես փոքր տարիքից կգրեմ։ «Փոքրիկ աղջիկը մեծ երազով» մի գրքիս անունն է, ընդհանրապես բանաստեղծություններ կգրեմ, ասի առաջին արձակն է։ Այն մասին է, թե ինչպես կյանքիս մեջ ես միշտ մնացի մանուկ, որովհետև սիրում եմ մանկությունս, մանկությունը մաքրություն է, անաղարտություն է, իմ երազները, ցանկությունները, բոլորը մեջն են»։ Շնորհանդեսի թե՛ սկզբում, թե՛ վերջում բանաստեղծուհին դիմեց ներկաներին. «Կուզեմ,որ այստեղեն բոլորդ մանուկ դարձած երթաք»:
Նարե Բաբերյան
2-րդ կուրս