Դեռ 3 օր առաջ ամբողջ հայ ազգը հավատում էր, որ վերջապես մեր երազանքը կդառնա իրականություն, և մեր ֆուտբոլի ազգային հավաքականը կունենա հնարավորություն խաղալու Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում:
Եվրոպայի առաջնության նախըտրական փուլը սկսեցինք ոչ այնքան հաջող. պարտվեցին Բոսնիայի և Ֆինլանդիայի հավաքականներին: Այնուհետև, կարծես թե ուշքի եկանք այս ամենից և հաջորդ 4 խաղերից 3-ում հաղթանակ տոնեցինք, մեկում էլ փայլուն խաղ ցուցադրեցինք, սակայն պարտվեցինք Իտալիային: Հունաստանի, Լիխտեյնշտեյնի և Բոսնիա դեմ հաղթանակները նոր կրակ վառեցին հավաքականի և երկրպագուների սրտերում: Ստեղծվել էր մի իրավիճակ, որտեղ մեր ճակատագիրը մեր ձեռքերում էր: Հավաքականի վստահ և գեղեցիկ խաղը հուսադրող էր: Կար հավատ , որ եկել է ժամանակը մեր պատմությունը «եվրոպական ֆուտբոլում» գրելու համար:
Մեր հավաքականին սպասվում էր 4 «ճակատամարտ», որտեղ պետք էր ցույց տալ ամբողջ ներուժը, նվիրումը, հաղթանակի հզոր ցանկությունը: 4 խաղ, որ մեզ համար հավասարազոր էր 4 եզրափակչի:
Հայաստանի հավաքականն ուներ բոլոր հնարավորություններն իր առջև դրված խնդիրը լուծելու համար: Սակայն չունեինք կարևորը՝ մարզչական միտքը: Այո, պետք չէ ամբողջ պատասխանատվությունը թողնել գլխավոր մարզչի վրա, բայց Լիխտեյնշտեյնի և Ֆինլանդիայի հետ անհաջող հանդիպումները ցույց տվեցին, որ հավաքականը չունի մարզչական միտք, չկան տակտիկական հնարքներ, չկա խաղը ամեն պահին փոխելու հնարավորություն:
Փաստորեն կարիք չեղավ սպասել 4 հանդիպումներին, որովհետև առաջին երկուսում ձախողվելուց հետո ամբողջ սպասելիքները հօդս ցնդեցին:
Ամեն ինչ սխալ դասավորվեց մեր ընտրանու համար դեռ սկզբից: Վնասվածքների պատճառով հավաքականին չմիացան Հենրիխ Մխիթարյանը, Կառլեն Մկրտչյանը և Կամո Հովհաննիսյանը:
Առաջին հանդիպումը մեր հավաքականն անցկացրեց Լիխտեյնշտեյնի ընտրանու դեմ հոկտեմբերի 12-ին: Թվում էր՝ Լիխտեյնշտեյնի դեմ խաղը պետք է դժվար չլիներ մեր հավաքականի համար: Մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հարձակվողական կազմ էր ընտրել այս խաղի համար:
Մեկնարկային կազմը բավականին ուժեղ էր:Կամո Հովհաննիսյանի փոխարեն դաշտ էր դուրս եկել Արամ Հովհաննիսյանը, Կառլեն Մկրտչյանին փոխարինել էր Ռումյան Հովսեփյանը, իսկ Հենրիխ Մխիթարյանի դիրքում խաղում էր Գևորգ Ղազարյանը:
Հայաստանի հավաքականը խաղը սկսեց բավականին աշխույժ և միանգամից նետվեց գրոհի: Գնդակը մեծ մասամբ գտնվում էր հակառակորդի կիսադաշտում և պատահակն չէ, որ արդեն 19-րդ րոպեին Տիգրան Բարսեղյանը հեռահար հարվածով բացեց խաղի հաշիվը: Գոլից հետ մեր ընտրանին շարունակում էր վերահսկել խաղը և այդպես էլ առաջին խաղակեսը հասցրեց իր տրամաբանական ավարտին: 2-րդ խաղակեսի հենց սկզբից նկատվում էր ,որ մեր ընտրանին ցանկանում է ավելի շատ գնդակ պահել և խաղալ հաշվի վրա :Սա ուներ իր բացատրությունը, քանի որ մենք 3 օրից պետք է խաղայինք Ֆինլանդիայի հավաքականի դեմ: Սակայն այս ամենը ունեցավ հակառակ և շատ վատ հետևանք: Մեր ընտրանին սկսում էր աստիճանաբար գրոհներ բաց թողել։ Այս պատկերը տևեց մոտ 20 րոպե, որի ընթացքում գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը ոչ մի քայլ չձեռնարկեց խաղի «թելը» իր ձեռքը վերցնելու համար:Եվ սա ունեցավ իր տրամաբանական ավարտը. Խաղի 72-րդ րոպեին Լիխտեյնշտեյնը հավասարեցրեց խաղի հաշիվը: Ընդունած գնդակը սառը ցնցուղ էր ֆուտբոլիստների և մարզչի համար: Գոլից հետո, Արմեն Գյուլբուդաղյանցը կատարեց փոփոխություններ, որոնցից մեկը չափից դուրս ուշացած, երբ Արազ Օզբիլիսին դաշտ դուրս բերեց խաղավարտից 2 րոպե առաջ: Մնացած ժամանակում մեր հավաքականը ուներ տարածքային մեծ առավելություն և կային պահեր հաղթանակի նժարը մեր կողմը շրջելու համար: Սակայն որոշ պահերում մրցակիցն էր լավ պաշտպանվում, որոշ պահերում էլ մեր ֆուտբոլիստները վրիպում էին նպաստավոր դիրքերից: Խաղն այսպես էլ ավարտվեց 1:1 հաշվով, որը հավասարազոր էր պարտության:
Հանդիպումից հետո գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը խոսելով խաղի մասին, նշել էր.
-Ընդհանուր առմամբ մենք լավ խաղ ցուցադրեցին, ամեն ինչ շատ լավ էր ստացվում մեզ մոտ: Ընդամենը 2 հակագրոհ ենք բաց թողել, որոնցից մեկը ավարտվեց գոլով: Սուր պահեր չունեինք, որովհետև վերջին փոխանցումները չէր ստացվում: Ինձ չզարմացրեց մրցակցի խաղը, մենք հենց այսպիսի ֆուտբոլ էինք սպասում նրանցից:
Իսկ այն հարցին, թե արդյոք չէր սխալվել հիմնական կազմի հարցում, կամ արդյոք փոփոխությունները ուշացած չէին, պատասխանեց.
-Մեկնարկային կազմի մասով սխալ չեմ տեսնում:Այդ կազմով հաղթում էինք 1:0: Իսկ փոփոխությոնների ժամանակ միայն Օզբիլիսի դուրս գալը ուշացրինք:
Հաջորդ փուլ դուրս գալու շանսերը գնահատեց այսպես.
-Հիմա պետք է վերականգնվենք և պատրաստվենք Ֆինլանդիայի դեմ խաղին:Պետք է մտածենք այնտեղ լավ խաղ ցույց տալու մասին:
Լիխտեյնշտեյնի դեմ հնադիպումը մնաց անցյալում, իր հետ տանելով մի շարք հակասական մտքեր, անորոշ պատասխաններ և օդում կախված խնդիրներ:
Հոկտեմբերի 15-ին Հայստանի հավաքականը արդեն Ֆինլանդիայում անցկացրեց իր հաջորդ հանդիպումը: Նշենք, որ Ֆինլանդիայի հավաքականը մեր անմիջական մրցակիցն էր համարվում: Այստեղ էլ խնդիրը էապես չէր փոխվել: Ամեն գնով պետք էր հաղթել ֆիններին, սակայն միայն հաղթանակը բավական չէր: Պետք էր հաղթել մեզ համար նպաստավոր հաշվով, այն է` 2 գնդակի առավելությամբ, քանի որ Երևանում նրանց զիջել էինք 0-2 հաշվով: Մեկնարկային կազմում առանձնապես մեծ փոփոխություններ չէին եղել`
Միակ փոփոխությունը Մարկոս Պիցելիի փոխարեն Արտակ Գրիգորյանի մեկնարկային կազմում հայտնվելն էր: Հասկանալի էր, որ Ֆինլանդիան դա Լիխտեյնշտեյն չէ, և Արմեն Գյուլբուդաղյանցը նախընտրել էր խաղալ երկու հենակետային կիսապաշտպանով: Խաղն ակտիվ մեկնարկ ունեցավ: 2 թիմերն էլ գրոհներ էին անցկացնում, սակայն նկատելի էր, որ ֆինների գրոհներն ավելի կազմակերպված բնույթ ունեին և շատ ավելի վտանգավոր էին: Մեր ընտրանու կազմում կրկին ակտիվ էր Տիգրան Բարսեղյանը, Սարգիս Ադամյանը չէր կարողանում ցույց տալ այն խաղը, որը մենք տեսանք «Հոֆենհայմի» կազմում «Բավարիայի» դեմ: Կրկին չկար այն ստեղծարար միտքը, որ կկարողանար կազմակերպել գրոհները: Ահա այստեղ էր ավելի ակնառու դառնում Հենրիխ Մխիթարյանի բացակայությունը: Ժամանակի ընթացքում Ֆինլանդիան արդեն կարողացավ խաղի «ղեկը» վերցնել իր ձեռքը և մեկը մյուսից վտանգավոր գրոհներ անցկացնել: Այստեղ կրկին երևաց մեր հավաքականի թույլ կողմերից մեկը: Մերոնք պարտվում էին գրեթե բոլոր օդային մենամարտերը: Ստանդարտ խաղարկումների ժամանակ խուճապ էր տիրում մեր տուգանային հրապարակում, շատ ժամանակ պաշտպանները չէին կարողանում գնդակը հեռացնել: Ի վերջո, այս ամենն ունեցավ իր ավարտը, և 31-րդ րոպեին Ֆինլանդիան անկյունայինի խաղարկումից հետո բացեց խաղի հաշիվը:1-ին խաղակեսի վերջին 15 րոպեներին Ֆինլանդիան ահռելի առավելություն ուներ: 2-րդ խաղակեսին ոչինչ չփոխվեց` բացառությամբ հաշվից: Խաղակեսի հենց սկզբից Ֆինլանդիան դրության տերն էր, գործում էր շատ հանգիստ, փորձելով խաղալ հակագրոհների վրա: Հենց այդպիսի հակագրոհներից մեկի ժամանակ էլ Հայաստանը բաց թողեց 2-րդ գնդակը: Գոլից հետո եղան փոփոխություններ: Խաղադաշտ դուրս եկան Արազ Օզբիլիսը, Գոռ Մալաքյանը և Էդգար Բաբայանը: Սակայն այս փոփոխություններն էական ոչ մի նշանակություն չունեցան: Խաղավարտից 2 րոպե առաջ մեր հավքականը կրկին հակագրոհի արդյունքում բաց թողեց 3-րդ գնդակը և անփառունակ կերպով ավարտեց այս հանդիպումը:
Խաղից հետո գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը խոսեց հանդիպման մասին․«Առաջին խաղակեսում մեզ մոտ ինչ-որ բաներ ստացվում էին։ Կարողացանք ստեղծել գոլային պահեր, իսկ հակառակորդն ավելի շատ վտանգավոր պահեր ստեղծում էր ստանդարտ դրություններից։ Երևի հիշում եք, որ իրար հետևից մի քանի անկյունայիններ եղան և դրանցից մեկը գոլով ավարտվեց»։
Առջևում մեր հավաքականին մնաց անցկացնել 2 հանդիպում. Երևանում՝ Հունաստանի և Իտալիայում՝ աշխարհի քառակի չեմպիոնների դեմ: Այս խաղերը, կարելի է ասել, իրենցից ոչինչ չեն ներկայացնում մրցաշարային աղյուսակում: Միակ սպասելիքը պատվով ներկայանալն է:
Հունաստանի դեմ հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 15-ին, իսկ Իտալիայի դեմ հանդիպումը՝ նոյեմբերի 18-ին:
Վազգեն Կարապետյան
3-րդ կուրս