Ելենա Ներսեսյանը պատրաստվում է տպագրել կոմիքսների իր առաջին ամբողջական գիրքը` «Կամարներ»-ը՝ ( The arctraveler):
«Կոմիքսը հոբբի է, որ ինձանից օրական տանում է 13 ժամ»,-պատմում է նկարչուհին:
Գրքի թեմաները հայկական դիցաբանությունից են.
«Այն ճանապարհորդություն է դեպի հայկական լեռնաշխարհ և հարևան երկրներ, ընթերցողին սպասում են տասնյակ հերոսներ` իրենց տարատեսակ արկածներով»:
Կոմիքսի գլխավոր հերոսուհին ասորական արքայադուստրն է, ում անիծել է Նեմրութի Աստվածը։ Կերպարները հեթանոսական աստվածներն են, ովքեր, չնայած իրենց գերբնական հատկությունների, ապրում են սովորական մարդկանց պես, չունեն ծիսակատարություններ եւ նրանց գրավում է աշխարհիկ կյանքը:
«Ստեղծագործելու ամբողջ ընթացքում ուսումնասիրում եմ մեր նախնիների մտածողությունը, աշխարհընկալումը, առօրյա կյանքը»,-ասում է Ելենան ու ավելացնում, որ այս թեմայով սկզբում կարճ պատմվածքներ է գրել, իսկ սցենարը չորս տարվա ընթացքում փոփոխել է երեք անգամ:
Կոմիքսներ նկարելը Ելենայի համար դարձել է մասնագիտություն նախորդ տարվանից` մինչ այդ զբաղվում էր անիմացիայով և իլյուստրացիայով: Նկարում է վաղ հասակից, անիմացիա սովորել է Ֆրանսիայում:
Հայաստանում քչերն են տեղյակ կոմիքսների, դրանց տեսակների մասին: Կոմիքսի հեղինակն էլ հույս ունի այս կերպ լրացնել հայկական մշակույթի հանդեպ հետաքրքրությունը: «Ընդհանուր առմամբ, սա փորձ է լինելու ընթերցողների մեջ հետաքրքրություն մտցնել հայ մշակույթի զանազան ոլորտների հանդեպ։ «The arctraveler»-ը և դրան հաջորդող գրքերը շատ խիտ ու բազմաշերտ են լինելու։ Կարծում եմ՝ ամեն ընթերցող իրեն գրավող ինչ–որ միտք կքաղի»:
Ոգևորող արձագանքներ ստացել է նաև սփյուռքից:
Բացի «The arctraveler»-ից, Ելենան այլ կոմիքսներ էլ է նկարում ու նաև ստանում է պատվերներ: «The arctraveler»-ը պատրաստ կլինի հաջորդ տարի, գրքի տպագրության համար անհրաժեշտ գումարի մի մասը հավաքել է:
Արփի Շահինյան
3-րդ կուրս