Հանրային Հեռուստաընկերությամբ սեպտեմբերի 14-ին եթեր հեռարձակվեց «Վերջին ուսուցիչը» հեռուստասերիալի վերջին՝ 16-րդ մասը: Հեռուստասերիալի հիմքում Վարդգես Պետրոսյանի համանուն վիպակն էր։ Գլխավոր դերերում էին Խորեն Լևոնյանը, Աշոտ Ղազարյանը, Լիլիթ Միքայելյանը,Գուժ Մանուկյանը: Դերասանական կազմը համալրեցին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողներն ու շրջանավարտները: Հանդիպեցի նրանցից մեկի՝ Արմեն Միքայեյանի (ֆիլմում Վահանի) հետ՝ բացահայտելու նրա կերպարը կյանքում՝ էկրանից այս կողմ:
Սկսնակ դերասանն ասաց, որ քասթինգն անցել է բարեբախտաբար, քանի որ ուշացրել էր հայտագրումն ու վերջին մասնակիցն էր։
Այն հարցին, թե ինչպես ընտրեց դերասանի մասնագիտությունը, Արմենը պատասխանեց, որ չի ուզում ստել ու ասել, որ միշտ երազել է դերասան դառնալ. 14 տարեկանում պապիկի առաջարկով հաճախել է Աշոտ Ղազարյանի Հումորի, խոսքի և ծիծաղի դպրոցը: Այդ տարիներին էլ, հաճախ թատրոն գնալով ու գրքեր կարդալով, սիրահարվել է դերասանի մասնագիտությանը և 2012-ին ընդունվելով ԵՊԿԹԻ: Արմենն իրեն ուրիշ մասնագիտությամբ չի պատկերացնում: Միայն նշեց, որ սիրում է միջազգային քաղաքականություն ուսումնասիրել. «Միշտ կարդում եմ ինքնակենսագրական գրքեր Հիտլերի, Չերչիլի մասին, բայց, չստացվեց քաղաքական գործիչ դառնալ կամ միգուցե հետո ստացվի… Հիմա դերասան-քաղաքական գործիչները շատ են»:
Արմենը պատմեց, որ նաև դասախոսել է ԵՊԿԹԻ ում․
«Ինձ դուր է գալիս դասախոսի մասնագիտությունը, երբ դու հնարավորություն ունես փորձդ ու գիտելիքներդ փոխանցել դիմացինին: Ես էլ իմ ուսանողների ընկեր Մամյանն եմ»:
Ըստ դերասանի՝ բեմում ամենակարևորն ինտելեկտն է, իսկ դերասանին բնորոշ բնավորության գծերից առանձնացնում է ինքնավստահությունը, անկաշկանդությունն ու անկեղծությունը. «Շատ ժամանակ դերասանները դերասանություն են անում, բայց այդպես չպետք է լինի: Դերասանը պետք է լինի մասքսիմալ անկեղծ ու ապրի իր կերտած կերպարում»:
Մասնագիտական դժվարությունների հետ դերասանն արդեն 3 տարի է՝ պայքարում է. «Արդեն երեք տարի է, ինչ ավարտել եմ համալսարանը, բայց սա իմ առաջին պրոֆեսիոնալ աշխատանքն էր: Տարեկան համալսարանը ունենում է 60-70 շջանավարտ, որոնցից 50-ը չեն աշխատում իրենց մասնագիտությամբ»:
Նկարահանման առաջարկը դերասանին նոր հույս է տվել ու պահել Հայաստանում. «Մինչ առաջարկ ստանալն անգլերեն էի պարապում, որ գնամ երկրից, բայց զանգեցին ու ասացին, որ անցել եմ քասթինգը»:
Հարցին, թե ինչ բարդությունների առաջ է կանգնել նկարահանման ժամանակ, Արմենը պատասխանեց. «Նկարահանման առաջին օրը բոլորս լարված էինք: Մտածում էինք՝ դե, Խորեն Լևոնյանն է, հիմա նկարահանմանը չենք կարող հումոր անել, պիտի լինենք զգաստ ու պունկտուալ: Բայց իրականում Խորեն Լևոնյանը եկավ ու ցրեց լարված վիճակը: Ծանոթացանք, ու ասես իրոք 12 տարի միասին էինք սովորել, իսկ Խորենն էլ մեր ուսուցիչն էր»:
Ցանկացած դերասան, աշխատելով պրոֆեսիոնալների հետ, փորձ ու նոր գիտելիքներ է ձեռք բերում: Ըստ Արմենի՝ այս նախագծից ինքը ձեռք բերեց իմաստություն, բայց թե ինչ է թաքնված այս բառի տակ, դերասանը չմանրամասնեց:
Արմենը նշեց նաև, որ սիրում է կարդալ, անգամ ունի յութուբյան բլոգ, որտեղ խոսում է հայտնի ու իր կողմից սիրված գրողների մասին: «Մեր երիտասարդները գիրք կարդալ չեն սիրում, ձգտում են փողոցային կյանքի: Տարիներ առաջ, երբ դասավանդում էի, դերասանական ստուդիայում, աշակերտներիս մի քանի օր շարունակ հանձնարարում էի գրքեր կարդալ: Երբ գնացի արձակուրդ և վերադարձա, իմացա, որ ինձ հեռացրել են դպրոցից. պատճառն իմ խստությունն էր»:
Իր դերասանական կարիերայի մասին դերասանը խոսում է սիրով ու ափսոսանքով. «Չեմ խաբի ու ասի՝ էնքան շատ առաջարկներ ունեմ, որ մերժում եմ: Հիմա նկարահանվում եմ մի գեղարվեստական ֆիլմում: Դերս մեծ չէ, բայց փոքր էլ չէ: Ամեն դեպքում սիրում եմ մասնագիտությունս»:
Հասմիկ Չոբանյան
2-րդ կուրս