ՍԻՐԻՐ ԻՆՔԴ ՔԵԶ

ՍԻՐԻՐ ԻՆՔԴ ՔԵԶ

1403

Արիստոտելը պնդում էր, որ երաժշտության շնորհիվ հնարավոր է որոշակիորեն ազդել մարդու ձևավորման վրա: Հին հունական ձեռագրերը նույնպես վկայում են, որ երաժշտությունը ամենահզոր զենքն է, քանի որ մեղեդու ներդաշնակությունը թափանցում է մարդկային հոգու խորքերը:

Երևի թե շատերդ լսել եք Քեյ-փոփի մասին․այս երաժշտական ուղղությունը վերջին ժամանակներս լայն տարածում է գտել Հայաստանում: Հայ երկրպագուները ամեն տարի կազմակերպվում են տարբեր միջոցառումներ, ֆլեշմոբեր, համերգներ, մրցույթներ որևէ խմբի վերաբերյալ,  ինչպես նաև երկրպագուները նշում են իրենց սիրելի խմբի անդամների ծննդյան օրը և այլն: Քեյ-փոփ խմբերը շատ են՝ BTS, EXO, Blackpink, Stray Kids, Ateez և այլն:
Իսկ ինչպիսի՞ ազդեցություն է ունենում Քեյ-փոփը երկրպագուների վրա, ի՞նչն է նրանց դուր գալիս այդոլների, երաժշտության մեջ: Այս և նման այլ հարցերի պատասխանները փորձեցինք ստանալ աշխարհահռչակ BTS խմբի հայ երկրպագուներից:  
17-ամյա Դիանան 3 տարի է ինչ «Արմի» է (այդպես են կոչում BTS-ի երկրպագուներին): Պատահական յութուբով լսել էր իրենց երգը և առաջին իսկ վայրկյանից հավանել. « Ես ինքս էլ երաժշտության մարդ եմ ու մեծ սիրով եմ մոտենում ամեն երկրի երաժշտական ցանկին ու լսելով իրենց՝ մի պահ քարացել էի ու հետո, երբ երգը ավարտվեց, ես մի քանի անգամ նույն երգը լսեցի: Սկսեցի հետաքրքրվել ու մտնել իրենց աշխարհ: Երբ իրենց սկսեցի ճանաչել ահավոր վատ հոգեբանական շրջանում էի գտնվում:Ու միակ սփոփանքս իրենք եղան էդ ժամանակ: Հետո երբ թարգմանում էի երգերն ու հասկանում էի իմաստը,ամեն ինչ ներսումս փոխվեց: Հասկացա, որ պետք է փոխվեմ, ու այն մարդը, ով հիմա կա, միայն իրենց շնորհիվ է»:
15-ամյա Մաշան 3 տարվա «Արմի» է: Ինչպես ինքն է նշում՝ BTS-ի շնորհիվ սկսել է կյանքին թեթև նայել, ամեն ինչի մեջ լավը փնտրել. «Մինչև Արմի դառնալս՝ Քեյ-փոփեր եմ եղել և իրենց չիմանալ հնարավոր չէր, քանի որ քեյ-փոփերների 90%-ը Արմի էր: Ես BTS-ի մեջ տեսա ինձ, դարձա ավելի ինքնավստահ, սիրեցի ինքս ինձ: Բանթանը և առհասարակ քեյ-փոփը ինձ համար ապրելակերպ են դարձել»:
Մերին արդեն 6 տարի է, ինչ երկրպագում է խմբին. «Տղաները մեզ ուժ են տալիս. ինչ անհաջողություններ էլ ունենում ենք՝  կարողանում ենք ոտքի կանգնել և պայքարել: Իրենք ինձ դուր են գալիս: BTS-ը ինձ վրա շատ մեծ ազդեցություն է ունեցել, քանի որ ես նախկինում շատ փակ և ամաչկոտ մարդ էի, միշտ սթրեսի մեջ էի, չունեի մոտիկ ընկերուհիներ և չէի ուզում ոչ մեկի հետ շփվել: Սակայն «Արմի» դառնալուցս հետո դարձել եմ շատ շփվող, ուրախ, ունեմ շատ ընկերներ: Տղաները սովորեցրին սիրել ինքս ինձ այնպիսին, ինչպիսին կամ…»:
18-ամյա Էմման արդեն երկուսուկես տարվա Արմի է և Բանթանի մասին քույրիկի շնորհիվ է իմացել. «Երբ առաջին անգամ նայեցի՝  հավանեցի իրենց ձայներն  ու պարերը, որ այդքան հավասար էին պարում։ Խմբին լավ ճանաչելուց հետո, հասկացա , թե ինչքան են փոխել իրենք ինձ։
Ես նախքան «Արմի» լինելը այնքան անիմաստ էի նայում կյանքին,  իսկ հիմա իրենց շնորհիվ հասկացա, որ պետք է սիրես նախ ինքդ քեզ, պետք է պայքարես նպատակներիդ հասնելու համար:  Ես ունեմ շատ նպատակներ, որոնց  պետք է հասնեմ հատ առ հատ»:
Սոֆի Հակոբյանը մոտ 2 տարվա «Արմի» է: Ինքն էլ Բանթանի մասին իմացել է ընկերուհիների միջոցով.  «Ինձ տղաների մեջ դուր է գալիս պայքարելու ուժը: Նախկինում ինքս ինձ ասում էի, թե ոչինչ չեմ կարողանա անել, սակայն տղաների շնորհիվ կարողանում եմ հավատալ ինքս ինձ և առաջ շարժվել»:
16-ամյա Մարիան արդեն 5 տարի է, ինչ երկրպագում է BTS-ին. «Առաջին երգը, որ լսեցի՝ «We are bulletproof»-ն էր: Եթե ասեմ, որ տղաները կյանքումս հեղաշրջում են արել՝ կստեմ: Բայց կստեմ նաև, եթե չասեմ, թե ինչպես են ինձ դուրս բերել կյանքիս ամենադեպրեսիոն շրջանից: Տղաները ինձ շատ օգնեցին: Եթե հանդիպեի իրենց, ապա կասեի ընդհամենը մեկ բառ՝ Շնորհակալություն»:
20-ամյա Արուսյակը 2016թ-ից դարձել է «Արմի»  և ինչպես ինքն է նշում՝ սկզբում շատ կրիտիկական էր վերաբերվում խմբին: Մտածում էր, թե հնարավոր չէ, որ լսի մի երաժշտություն, որի բառերը չի հասկանում. «Բայց եղավ անսպասելին… Տղաների աշխարհը ուղղակի կլանեց ինձ: Իմ կարծրատիպերը կոտրվեցին: Նախքան Բանթանը՝ իմ կյանքը միօրինակ էր: Բանթանի ներդրած «Սիրիր ինքդ քեզ» կարգախոսը, նրանց ապրելակերպն ու նպատակասլացությունը ինձ օգնեցին հասկանալ, որ աշխարհում ես միակն եմ իմ տեսակից և չպետք է նմանվել ինչ-որ մեկին»:
16-ամյա Աննա Ղազարյանին առաջին հայացքից դուր է եկել տղաների պարզությունը.  «Իրանք անում էին նույն բանը, ինչ-որ անում էին մյուս խմբերը, բայց իրենց երգերը մի ուրիշ աուրա ունեին։ Ես, չնայած իմ տարիքին, այդ ժամանակ բավականին դեպրեսիկ վիճակում էի, ու երբ իրանց էի լսում, մի որոշ ժամանակ կտրվում էի իրականությունից։ Ես այդ ժամանակ երակներս էի կտրում, ինքնասպանության մասին էի մտածում ու ամբողջ օրը ուղղակի սենյակից դուրս չէի գալիս, բայց, երբ խորացա իրենց երգերի իմաստի մեջ, ու  երբ պարբերաբար լսում էի, թե իրենք ինչ են ասում` ես կամաց֊-կամաց փոխվեցի։ Սկսեցի սպորտով զբաղվել, նոր մարդկանց հետ ծանոթանալ, հետևել իմ ապրելակերպին, սկսեցի ավելի գիտակից մոտենալ իմ կյանքին։ Մի քիչ շատ անկեղծ էի, բայց դե չեմ կարա չասեմ, որ իրանք իրոք շատ բան են փոխել իմ մեջ»։

19-ամյա Հասմիկը 2 տարվա« Արմի» է, Բանթանի մասին էլ տեղեկացել է հեռուստացույցի միջոցով. «Եթե էն ժամանակ ես ուղղակի ապրում էի, որովհետև ծնվել էի, հիմա ես աննկարագրելի շատ եմ սիրում ինձ ու իմ կյանքը։ Իրանք էն մարդիկ են, ովքեր վերաիմաստավորեցին իմ կյանքն

ու հնարավորություն տվեցին երազել։ Հիմա ես ունեմ կոնկրետ նպատակներ որոնց հասնելու համար անում եմ կոնկրետ քայլեր ու այդ ամեն ինչում ինձ Բանթաննա աջակցում»:
Քեյ-փոփ այդոլները հաճախ են քննարկվում և ինչու չէ՝ քննադատվում հայ հասարակության կողմից: Սակայն դրա դրական ազդեցությունը երիտասարդների վրա՝ անմերժելի փաստ է:

Պետրոսյան Գոհար
3-րդ կուրս

Կիսվել