Մեր զրուցակիցն է Ժուռնալիստիկայի ֆակուլտետի նոր մեդիայի և հաղորդակցության ամբիոնի վարիչ Դավիթ Պետրոսյանը
–Պարոն Պետրոսյան, ժուռնալիստիկայի ֆակուլտետի հիմնադիր դասախոսներից եք: Ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել ֆակուլտետում անցած 20 տարիների ընթացքում:
-Փոփոխություններն ակնհայտ են: Միայն վերջին տասը տարիներին էապես փոխվել են լրագրության բովանդակային ուղղվածությունը, մատուցման շրջանակները՝ կապված տեղեկատվական տեխնոլոգիաների, մասնավորապես համացանցի բուռն զարգացման հետ: Մենք աշխատել ենք մեր արձագանքն այդ փոփոխություններին պահել համարժեք մակարդակի վրա: Եվ նրանք, ովքեր ֆակուլտետն ավարտել են 2000-ականների սկզբին, անմիջապես կզգան որակական տարբերությունները, եթե ծանոթանան մեր նոր ուսումնական ծանրաբեռնվածությանն ու դասավանդվող առարկաների ցանկին:
-Իսկ ի՞նչն է մնացել անփոփոխ:
-Ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի վերաբերմունքն իր գործին, մասնագիտական ու բարոյական բարձր արժեքներով առաջնորդվելու սկզբունքը:
-Ի՞նչ հնարավորություններ էր տալիս ֆակուլտետն ուսանողներին 20 տարի առաջ և ի՞նչ է տալիս այժմ:
-Պայմանները 20 տարի առաջ համեստ էին: Այժմ ուրիշ է: Նոր դասընթացների մասին նշեցի, ավելացնեմ նաև տեխնիկական այն թարմացումները, նոր հարմարությունները, որոնք պատշաճ պայմաններ են ապահովում ուսանողների համար՝ խորանալու իրենց մասնագիտության մեջ:
-Ո՞ր գծերն են բնորոշ տարբեր սերունդների ժուռֆակցիներին:
-Կուզենայի ընդգծել հատկապես նրանց ստեղծագործական ունակությունները, աշխարհի, կյանքի հանդեպ ուրույն մոտեցոմը, լրագրողին բնորոշ հետաքրքրասիրությունը: Նման ուսանողների հետ շփումները հարստացնում են նաև մեր՝ դասախոսներիս ստեղծագործական ու աշխատանքային առօրյան:
-Ի՞նչն եք կարևորում դասախոս-ուսանող փոխհարաբերություններում:
-Մեր ֆակուլտետն այս առումով շատ լավ ավանդույթներ ունի, որոնց մեջ առաջնային են ոչ միայն դասախոսի, այլև դեկանի, ամբիոնների վարիչների հետ ուսանողների անմիջական շփումները: Նման մոտեցումը հնարավորություն է տալիս արագորեն լուծելու ուսանողին հուզող շատ հարցեր, խուսափելու անհարկի վարչարարությունից: Ի դեպ, այս մասին հաճելի զարմանքով հաճախ խոսում են այլ ֆակուլտետներից մեզ մոտ մագիստրատուրա ընդունվածները:
Շատ եմ կարևորում դասախոս-ուսանող հարաբերություններում գիտելիքի մատուցման և դասավանդման ճիշտ ձևը, բովանդակային երկխոսությունները (մերօրյա բառապաշարով՝ ինտերակտիվ հաղորդակցությունը), երկուստեք լսելու կարողությունը: Եվ այս ամենը՝ փոխադարձ հարգանքի պայմաններում: Մի կարևոր հավելում ևս. մեր սերնդին դասավանդած լավագույն դասախոսներից մեկը՝ Ռաֆայել Իշխանյանը, մեզ խորհուրդ էր տալիս. «Որքան էլ տխուր կամ անտրամադիր լինեք, երբ մտնում եք ֆակուլտետ, անպայման ժպիտով բարևեք»: Հրաշալի պատգամ, որն այժմ էլ ուղեկցում է ինձ:
-Պարոն Պետրոսյան, Դուք արագ մտապահում եք Ձեր ուսանողներից շատերի անունները. ինչպե՞ս է ստացվում, ի՞նչ է տալիս դա Ձեզ և նրանց:
-Ի դեպ, ֆակուլտետում ես բացառություն չեմ. Նաղաշ Մարտիրոսյանը հիշում է նաև շատ ուսանողների հայրանունները (ժպտում է)…
Ինչպե՞ս է ստացվում: Ես ունեմ մի սկզբունք. ուսանողն ինձ համար նախ և առաջ անուն է, ավելի կոնկրետ՝ ստեղծագործող անհատ: Լսարան մտնելուց հետո նրանցից յուրաքանչյուրի մեջ ինքնատիպ մի գիծ եմ գտնում դեմքի, շարժումների, դիմագծերի, նստած տեղի, ձայնի, ժպիտի մեջ… Դրանք այնուհետև մարմնավորվում են որպես անուն-ազգանուն և մտապահվում:
Երբ ուսանողին դիմում ես անունով, նախ՝ արժևորվում է ինքն իր աչքին (հաճելի է, երբ ճանաչում են քեզ): Իսկ դասախոսի համար նա արդեն կոնկրետ անհատ է, որ հետո պիտի դառնա ձևավորված անհատականություն: Ընդհանրացնեմ. ուսանողին անունով դիմելը ինձ տալիս է ճանաչումի հրճվանք, նրանց՝ ճանապարհ դեպի Անհատականություն…
-Ոսկե գրիչ, արծաթե գրիչ, գրքեր, բլոկնոտներ…Ինչպե՞ս է ծնունդ առել ուսանողներին մրցանակներ հանձնելու նախաձեռնությունը:
-Ընդհանրապես ես կարևորում եմ ուսանողին ոգևորելու գաղափարը, որ վաղուց է ծնվել իմ մեջ: Այն ամեն անգամ յուրովի է դրսևորվում և տալիս միայն դրական արդյունքներ: Ուրախության պահեր եմ ապրում իրենց հետ և հրճվում, քանի որ գիտեմ. նրանց հոգու մի անկյունում այդ հուշը երկար ժամանակ չի խամրելու:
…Մրցույթի պայմանները նախապես ներկայացնելիս երբեմն ուսանողուհիներիս կատակով խորհուրդ էի տալիս ամուսնանալու դեպքում մրցանակը դարձնել «օժիտի անբաժանելի մաս»: Մի անգամ (տարիներ առաջ էր) Աբովյան քաղաքում հանդիպեցի Օլգա Եսայանին: Նոր էր ամուսնացել: Կատակով հարցրի. «Մրցանակներդ բերե՞լ ես (երկու մրցանակ ուներ)»: Ասաց. «Մեկը թողել եմ մերոնց տանը, իսկ մյուսը բերել եմ…»:
Մրցանակն ինքնին ուսանողի համար լուսավոր կետ է, իր աշխատանքի խորհրդանշական արժևորումը: Չմոռանանք, որ ստեղծագործող անհատների համար այն ոգևորության հզոր աղբյուրներից մեկն է աշխարհում: Հակառակ դեպքում չէին լինի Նոբելյան, Պուլիտցերյան, Գոնկուր եղբայրների և բազմաթիվ այլ հռչակավոր մրցանակներ ու մրցանակաբաշխություններ: Ինձ համար ուսանողներիս մրցանակները նույնքան արժեքավոր են ու կարևոր…
-Երեք բան, որ զուգակցում եք Ձեր աշխատավայրի հետ:
-Ստեղծագործական աշխատանք, գիտություն, կրթություն:
-Եթե չլինեիք այստեղ, ապա կլինեիք…
-Իմ ներքին ձայնը հուշում է՝ դարձյալ այստեղ…
Լիլիթ Մկրտչյան
3-րդ կուրս