ԵՊՀ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՔՍԱՆ ՏԱՐԵԿԱՆ Է

ԵՊՀ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՔՍԱՆ ՏԱՐԵԿԱՆ Է

1245

Հոկտեմբերի 18-ին Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը տոնեց հիմնադրման 20-ամյակը:

ԵՊՀ Եղիշե Չարենցի անվան դահլիճում տեղի ունեցավ ֆակուլտետի հոբելյանին նվիրված հանդիսավոր նիստ: Ներկա էր ժունալիստիկայի ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմը, ֆակուլտետի շրջանավարտ, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը, Հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը, Միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը, ֆակուլտետի տարբեր տարիների շրջանավարտներ, ուսանողներ և այլք:

Միջոցառման բացման խոսքում ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը հայտարարեց. «ԵՊՀ գիտխորհրդի որոշմամբ` 1999 թվականի հոկտեմբերի 1-ին հիմնադրվեց Ժուռնալիստիկայի ֆակուլտետը և որոնումների ու կայացման բարդ տարիներին, հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ, այն դարձավ ոլորտի առաջատարը: Մենք տվել ենք շուրջ երկու հազար շրջանավարտ: Մեզ հաճախ են խորհուրդ տալիս, որ գրել սովորեցնենք: Ներողություն եմ խնդրում անկեղծությանս համար. գրել սովորեցնելուց առաջ մենք գիտակցում ենք, որ նախ պետք է սովորեցնել մտածել, ավելի ճիշտ՝ ազատ մտածել, իսկ ազատ միտք և մասնագիտական կրթություն ունեցող շրջանավարտն անպայման կգտնի ճիշտ արտահայտումի իր կերպը:  Արձանագրենք՝ այսօր ՀՀ օրենսդիր և գործադիր իշխանությունների առանցքային դեմքերը, առաջատար լրատվամիջոցների լավագույն աշխատակիցները մեր ֆակուլտետի շրջանավարտներն են․ պատահակա՞ն է արդյոք: Ազատ մտածելու և արտահայտվելու մթնոլորտն ու միջավայրը Երևանի պետական համալսարանի  ժուռնալիստիկայի ֆակուլտետում այլընտրանք չունեն, չեն կարող երբևէ ունենալ»:

Անուն առ անուն Նաղաշ Մարտիրոսյանը թվարկեց նաև ժուռնալիստիկայի բաժնի շրջանավարտներին. «Ժուռնալիստիկայի բաժնի 1954 թվականի շրջանավարտների թվում էին գրող, հրապարակախոսներ Վարդգես Պետրոսյանը, Արտաշես Քալանթարյանը, հայ մամուլի պատմության նվիրյալներից, բանասիրության դոկտոր Լիդա Գևորգյանը և այլք: 1960-80-ականներին Հայաստանի մշակութային կյանքում բացառիկ դեր ունեցած «Գարուն» ամսագրի  խմբագիրները ևս ԵՊՀ  ժուռնալիստիկայի բաժնի շրջանավարտներ են եղել, ՀՀ գրողների միության նախագահներից երկուսը դարձյալ Ժուռնալիստիկայի բաժնի ուսանողներ էին»:

Ելույթով  հանդես եկավ նաև պրոռեկտոր Էլինա Ասրիյանը: Նա իր և ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի անունից շնորհավորեց  ֆակուլտետի 20-ամյակը: Դիմելով ուսանողներին՝ պրոռեկտորն ասաց. «Ինչպես և ցանկացած երիտասարդ, դուք պետք է լինեք հավակնոտ, միտված լինեք նորին ու ապագային և այդպիսին էլ կաք, պետք է  փորձեք անընդհատ ստեղծել նորը, և հույս եմ հայտնում ու համոզված եմ, որ այդպիսին էլ կաք»:

ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի շրջանավարտ Լենա Նազարյանը հայտարարեց. «Այսօր նաև մեր խոստումի օրն է․ մենք շարունակելու ենք ջանք գործադրել ֆակուլտետի զարգացումը, շարունակական արդիականացումը ապահովեու համար: Այսօր  Հայաստանում մեդիայի ազատությունը հարյուր տոկոսով ապահովված է: Չնայած ֆեյք նյուզերին՝ խոսքի ազատությունը ոչ մի միլիմետր չպետք է տուժի և սահմանափակվի»:

Ժուռնալիստիկայի ֆակուլտետի 20-ամյակի հոբելյանական միջոցառումները մեկնարկեցին հոկտեմբերի 16-ին՝ Հայ մամուլի օրը, խոնարհումի և ոգեկոչման արարողություններով՝ ծաղիկներ դնելով հայ առաջին տպագիր պարբերականի՝ «Ազդարարի» հիմնադիր Հարություն քահանա Շմավոնյանի կիսանդրու մոտ, ապա խնկարկում կատարելով ֆակուլտետի հիմնադիր դեկան Գառնիկ Անանյանի շիրիմին:

Հոկտեմբերի 18-ին ֆակուլտետում անցկացվեց «Ժուռնալիստիկա և հաղորդակցություն» խորագրով գիտաժողով, որը Նաղաշ Մարտիրոսյանի համոզմամբ՝ պետք է դառնա ամենամյա:

Լիա Ավագյան

2-րդ կուրս

Կիսվել