ՏԱՆ ՀԱՅԵԼԻՆ ԵՐԵԽԱՆ Է

ՏԱՆ ՀԱՅԵԼԻՆ ԵՐԵԽԱՆ Է

1594

  Կանանց նկատմամբ բռնության դեպքերը հատուկ են աշխարհի շատ երկրներին։ «Կանանց աջակցության կենտրոն»-ի պատասխանատուի հավաստմամբ՝ ամեն տարի ավելի քան 3 միլիոն երեխա իր իսկ տանն ականատես է լինում ընտանեկան բռնության։ Կենտրոնի հոգեբան Նարինե Սիրադեղյանի խոսքով, մոր հանդեպ կիրառվող բռնությունը տեսնող երեխան ենթարկվում է հոգեբանական սթրեսի, որի դրսևորումներից են մանկական տագնապները, վախերն ու ագրեսիան, ընդհանուր զարգացման կանգը, հիշողության խանգարումները, գիշերամիզությունը, երևակայության հետ խնդիրները։

Ընտանեկան բռնության ազդեցությունը հաճախ երեխաների վրա կարող է սկսվել նույնիսկ մինչև երեխայի ծնվելը։ Հոգեբանի համոզմամբ, ինչքան ավելի երկար է տևում բռնությունը, այնքան ավելի խորն է լինում հետևանքը։ Հաճախ ընտանեկան բռնության պայմաններում մեծացող երեխաները իրենք իրենց են մեղադրում կատարվածի համար և մեծանում են այն հոգեբանությամբ, որ բռնությունը ընդունելի վարք է մեծերի համար։ Երեխային այդ իրավիճակից հանելու առաջին քայլը միջավայրի փոփոխությունն է, եթե ընտանիքում ծնողներն անընդհատ վիճում են, ապա գոնե ժամանակավոր պետք է երեխային հեռացնել այդպիսի միջավայրից։ Քայլը երկրորդ՝ պետք է դիմել հատուկ մասնագետի։

Նման խնդիրներ ունեցել է Ա.Հ.-ի երեխան, ով դեռ 2 տարեկանից ականատես է եղել ընտանեկան բռնության։ Կինը պատմում է, որ երբ ինքն ու ամուսինը վիճում էին, երեխան վազում ու փաթաթվում էր ոտքերին, վախից դողում էր կամ թաքնվում էր աթոռի հետևում ու լաց լինում։ Երեխան ինքնամփոփ էր ու չէր խոսում ոչ ոքի հետ։ Երկար ժամանակ է՝ երեխան հաճախում է հոգեբանի ու լոգոպեդի մոտ. ունի վախեր և խոսքի խնդիրներ։

Նարինե Սիրադեղյանը նշեց, նման ընտանիքներում ծնողներն ունեն հոգեբանի աջակցության կարիք։ Նրանք պետք է հասկանան, որ ներկայի յուրաքանչյուր քայլը հետք է թողնում երեխայի ապագայի վրա։  Երեխան տան հայելին է. ինչ պատկեր ցույց տաս, դա էլ կարտացոլի։

Աննա Գրիգորյան

3-րդ կուրս

Կիսվել