ԵՐԵՎԱՆԻ ՓՈՂՈՑՆԵՐԸ ՆԿԱՐԱԶԱՐԴՎԵԼ ԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

ԵՐԵՎԱՆԻ ՓՈՂՈՑՆԵՐԸ ՆԿԱՐԱԶԱՐԴՎԵԼ ԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

1073

Թումանյանի թանգարանում հոկտեմբերի 22-ին տեղի ունեցավ «Թումանյանական շունչը Երևանում» խորագիրը կրող սթրիթ-արտ մրցույթ-փառատոնը: Ծրագիրը մեկնարկել է հուլիս ամսից և նվիրված է բանաստեղծի 150-ամյակին, որի շրջանակում Երևան քաղաքի գրեթե բոլոր վարչական շրջաններում նախապես ընտրվել են հատուկ հարթակներ, որոնք նկարազարդվել են Թումանյանի ստեղծագործություններով: Սթրիթ-արտ ծրագրի մտահաղացումը թանգարանի աշխատակից Մանե Խաչատրյանինն է:

Հ. Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը մեզ հետ զրույցում ասաց. «Նախորդ տարվանից մշակվել են տարբեր գաղափարներ, թե հոբելյանական տարվա շրջանակում ինչ ծրագրեր կարող ենք իրականացնել և, բնականաբար, ազատ իրավունք էր տրվում թանգարանի աշխատակիցներին քննարկելու այդ մասին և իրենց ծրագիրը առաջարկելու: Այդ ծրագրերից լավագույնը համարվեց սթրիթ-արտի ծրագիրը և սկսեցինք աշխատել այդ ուղությամբ»: Ծրագիրը նախ քննարկվել է քաղաքապետարանի համապատասխան բաժնի հետ, իսկ հետո արդեն իրավունք է ընձեռնվել Երևանի վարչական շրջաններից ստանալու հասցեներ, որոնցից էլ պետք է կատարվեր ընտրություններ: Ծրագրին մասնակցել է 9 նկարիչ՝ առանց որևէ տարիքային սահմանափակման, ովքեր վիճակահանության միջոցով ստացել են այն հասցեները, որտեղ էլ իրականացրել են ծրագիրը:

Անի Եղիազարյանը նշեց նաև, որ միակ նախապայմանը ստեղծագործողների առջև եղել է այն, որ իրենց առաջարկած էսքիզներում չպետք է լինի Թումանյանի դիմապատկերը: Մասնակիցները մնացած բոլոր դեպքերում եղել են ազատ, անդրադարձել մեկ կամ ավելի ստեղծագործություների, որոնց միջոցով արտահայտել են իրենց զգացմունքները: Մասնակիցները տարբեր հասցեներում պատկերել են «Գիքոր»-ը, «Անուշ»-ը, «Ախթամար»-ը, «Անխելք մարդ»-ը, «Մայր Հայաստան»-ը, «Քաջ Նազար»-ն ու «Սուտլիկ որսկան»-ը: Մասնակիցներից Թամարա Զարմանյանը նկարել է «Ախթամար»-ը Ռաֆու 71 հասցեում: «Սկզբում մի քիչ տխրել էի, որ չէի անցել, բայց հետո Արթուրը տեսավ էսքիզս, շատ հավանեց և որոշեց, որ իմ էսքիզն էլ պետք է լինի և այդ տարածքը տրվեց ինձ: Երեկոյան գնացինք կառուցումը արեցինք, իսկ արդեն հաջորդ օրը ինձ օգնեցին, և ես էսքիզը լիակատար ավարտեցի մի օրում»: Թամարան ուրախությամբ է պատմում, որ սա իր համար մեծ փորձ է, թեև էլի սթրիթ-արտ արել է, բայց սա իր համար շատ կարևոր ու առանձնահատուկ աշխատանք է: Ի դեպ, հենց նրա աշխատանքն է ճանաչվել լավագույնը

Փառատոնին մասնակցող Օֆելիա Սմբատյանը, ով նկարել էր «Անուշ»-ը, մեզ հետ զրույցում ասաց. «Սկզբում եղան որոշակի դժվարություններ կապված ժամանակի հետ, նույնիսկ եղավ մի պահ, որ ուզում էի հրաժարվել, բայց պարոն Սարյանի շնորհիվ հասկացա, որ սկսած գործը կիսատ չեն թողնում և աշխատանքս մինչև վերջ ավարտեցի: Ինձ համար շատ կարևոր է այս ծրագիրը, քանի որ շատ մարդիկ այս ծրագրի միջոցով կարողանում են տարբերել սթրիթ-արտը՝ վանդալիզմից»: Կազմակերպիչների խոսքով՝ երևանցիներին հատկապես դուր է եկել Նորայր Հարությունյանի աշխատանքը: Նա Ֆուչիկի փողոցում նկարել է «Սուտլիկ որսկան»-ը: Նորայրը մեզ հետ զրույցում անկեղծացավ․

 «Սկզբում մի քիչ վախ կար, որովհետև մեր հասարակությունը չի գնահատում նկարիչներին, ու ես սպասում էի, որ կոնֆլիկտ է լինելու, քանի որ կարող էին ասել, թե մենք փչացնում ենք պատերը, բայց լրիվ հակառակը դուրս եկավ։ Ժողովուրդը շատ լավ ընդունեց»:

Բոլոր մասնակիցները ստացան սերտիֆիկատներ, իսկ հաղթողին շնորհվեց Հ. Թումանյանի 150-ամյակի հուշամեդալներից թվով 36-րդը: Թանգարանում մինչև նոյեմբերի 1-ը ցուցադրվելու է սթրիթ-արտի լուսանկարները:

Աննա Խռոյան

2-րդ կուրս

Կիսվել