ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՌԵՍՈՒՐՍ, ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԿՅԱՆՔ

ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՌԵՍՈՒՐՍ, ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԿՅԱՆՔ

1726

Մարդկության համար հասանելի քաղցրահամ ջուրը կազմում է ամբողջ ջրոլորտի ընդամենը 1%-ը։  Քաղցրահամ ջրերի պաշարներով Հայաստանի Հանրապետությունը համարվում է   «միջին չափով ապահովված» պետություն, բայց սա չի նշանակում, որ մեր պաշարներն անսպառ են։ Ջուրն ամեն դեպքում սահմանափակ ռեսուրս է։ Ըստ Էկոլուրի` Հայաստանում շրջանառվող ջրի 80%-ը ուղղվում է ոռոգմանը և միայն 5-6%- ն է օգտագործվում խմելու և կենցաղային նպատակներով։ Ջրային ավազանների աղտոտումն էլ մեր ժամանակներում հանգեցրել է «ջրի սովի», որն էլ գնալով վերածվում է ջրի համար մղվող պատերազմի։ 2050թ-ին աշխարհի բնակչությունը կկազմի 9 մլրդ, որից 4 մլրդ-ը կապրի ջրի խրոնիկ դեֆիցիտի պայմաններում։

Հայաստան տարեկան մուտք է գործում 8.5 մլրդ խ/մ ջուր, որը մեկ բնակչի հաշվով կազմում է 2.6 հազար խ/մ։ 2030- 2040 թթ.-ին նախատեսվում է, որ Հայաստանում ջրային պաշարները կնվազեն 20-25%-ով` կլիմայի տաքացման և տեղումների նվազման պատճառով։ Սա ստիպում է լրջորեն մտածել։

Համաձայն ջրային օրենսգրքի` բոլորն ունեն ազատ ջրօգտագործման իրավունք, ինչը նշանակում է` ջուրն ազատ օգտագործել հանգստի, լողալու, ջրային մարզաձևերով զբաղվելու, ջուրն օգտագործելու էկոլոգիական և սանիտարական նպատակներով։ Բայց ջրօգտագործուման իրավունքը չի ենթադրում ջրի անխնա վատնում, ինչը այսօր մեծ խնդիր է դարձել։ Ամեն անգամ ջուրն ուղղակի բաց թողնելիս մտածում ենք, թե քանի մարդու կյանք է կախված այն ջրից, որը նրանց հասանելի չէ, իսկ մենք այն  վատնում ենք։ Եթե չենք մտածել, ապա ուղղակի պետք է իմանալ, որ օրինակ ամբողջ աշխարհում գոլֆի դաշտերը ջրելու համար օրական 100 միլիարդ լիտր ջուր է ծախսվում, որը բավական կլիներ 500 միլիոն մարդու ծարավը հագեցնելու համար։

Մարտի 22-ը նշվում է որպես ջրի համաշխարհային օր, սակայն ջուրը պետք է պահպանել ամեն օր։ Դրա համար ուղղակի պետք է ջրօգտագործման մի քանի պարզ կանոններ սահմանել , ինչպես անում են, օրինակ, ամերիկացիները։ Այդ կանոններից են`

  •  Ոչ թե լոգանք, այլ ցնցուղ ընդունել 5 րոպեում
  •  Ծորակը ոչ թե ամբողջությամբ, այլ կիսով չափ բացել
  •  Ջուրն անջատել ատամները լվանալու կամ սափրվելու ընթացքում
  • Մթերքները լվանալ ոչ թե հոսող ջրի տակ, այլ խոր ամանի մեջ, իսկ առաջած ջուրը  օգտագործել սենյակային բույսերը ջրելու համար
  • Գազավորված ըմպելիքները, սառույցի մնացորդները թափելու փոխարեն օգտագործել բույսերը ջրելու համար
  •  Ծաղկամարգերը վաղ առավոտյան ջրել, այդպես ավելի քիչ ջուր կգոլորշիանա
  •  Հավաքել անձրևաջուր` ծաղիկներ ջրելու կամ մեքենա լվալու համար

Ջուրը կյանք է, իսկ կյանքը խնայել է պետք։

  Լիլիթ Հովսեփյան
3-րդ կուրս

Կիսվել