Մինչ մեր ուսանողները պատրաստվում են միջանկյալ քննություններին, մենք պարզել ենք, թե ինչպես են ստուգում գիտելիքը արտասահմանյան բուհերում։
Հայաստանի համալսարաններում գիտելիքի ստուգման ձևերը քննություններն են՝ միջանկյալ և ամփոփիչ, գրավոր և բանավոր։ Բայց մի շարք ուսանողների կարծիքով դրանք կորցրել են իրենց արդյունավետությունը․ ոմանք արտագրում են, դասախոսները քիչ են տալիս, բայց շատ են պահանջում, անհրաժեշտ գրականություն չկա և այլն։
Հարկ է նշել, որ արտասահմանում արտագրության դեմ պայքարում են քննության համար հատկացված ժամաքանակը կրճատելով կամ խստությամբ և ուշադիր հսկելով:
«Մեր համալսարանում տարբեր են գիտելիքի ստուգման ձևերը՝ պրեզենտացիաներից մինչև էսսեներ, պարբերաբար քննարկումներ ու բանավեճեր, վերջում հանձնում ենք գրավոր կամ բանավոր քննություն»,- ներկայացնում է Վենետիկի Կա Ֆոսկարի համալսարանի ուսանող Համլետ Սիմոնյանը:
Կալինինգրադի Իմիանուիլ Կանտի անվան համալսարանի ուսանողները և դասախոսները նախօրոք գրանցվում են համալսարանի կայքում։ Ուսանող Արման Ալավերդյանը պատմում է, որ դասախոսները այդ կայքում տեղադրում են թեստեր, որոնք պետք է լուծել հստակ ժամանակահատածում։
«Բացի այդ, ամեն ամիս անցկացվում է հատուկ ստուգում. ուսանողներները նստում են կլոր սեղանի շուրջ, և դասախոսը հարց է տալիս յուրաքանչյուրին»,- ասում է Արմանը։
Եթե արտասահմանում տեխնիկան օգտագործում են քննություն հանձնելու համար, մեր ուսանողները օգտվում են ժամանակակից խելացի սարքերից գրավորը արտագրելու համար։
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը բացատրում է, թե տեխնիկան ինչպես կարող է օգնել այս հարցում․«Մենք, երբեմն, ձեռագրի հետ կապված խնդիրներ ենք ունենում, համակարգչային քննությունների դեպքում ստուգումն ավելի հեշտ է դառնում», -ասում է նա ու հավելում, որ տեխնիկան կարող է հանգեցնել արտագրության նոր մեթոդների, եթե օգտագործենք դրա ուսուցողական բաղադրիչները շատ ավելի լավ։
Սերոբ Խաչատրյանը դեմ է թեստերից հրաժարվելուն, բայց նրա խոսքով՝ դրանք բավարար չեն․ պետք է ստուգել նաև գիտելիքի կիրառումը, ուսանողի մտածողության հմտությունները։
Միլենա Մովսեսյան
3-րդ կուրս