Թաիլանդում անցկացված աշխարհի առաջնությունից դեռ մեկ ամիս էլ չի անցել, սակայն Ռիո 2016-ի օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը նորից դուրս կգա պայքարի:
Սիմոն Մարտիրոսյանը դեռ սեպտեմբերին` Թաիլանդում կայացած ծանրամարտի աշխարհի առաջնությունում նվաճեց չեմպիոնի կոչումը` 109 կգ քաշայինների երկամարտում հավաքելով 429 կգ, իսկ պոկում վարժությունից էլ սահմանեց աշխարհի ռեկորդ: Հիմա նա պատրաստվում է Բուխարեստում կայանալիք Եվրոպայի մինչև 23 տարեկաններ առաջնությանը:
«Մրցաշրջանների ընթացքում, երբեք մրցումների մասին չեմ մտածում: Շատ մարզիկներ կան, ովքեր մինչև բուն մրցելույթը, արդեն ավարտում են մրցումը ֆիզիկապես և հոգեպես հայտնվելով ճգնաժամում: Ես աշխատում եմ շատ չմտածել: Կարևորն իմ մարզումներն են և ճիշտ օրակարգով առաջնորդվելը»,- ասել է Սիմոն Մարտիրոսյանը::
Այն հարցին, թե ի՞նչն է մոտիվացնում սպորտում, Սիմոն Մարտիրոսյանը պատասխանել է. «Իմ ուժն ինքս ինձ հավատալուց է գալիս, եթե ինքդ քեզ, քո հնարավորություններին չհավատաս, ոչ ոք քեզ չի հավատա և ամեն ինչ ապարդյուն կլինի:
Սիմոն Մարտիրոսյանը նաև խոսեց իր մարզիչի և իր սպորտային տաղանդի մասին. «Եթե կա տաղանդ, սակայն չկա մարզիչ ուրեմն չի լինի արդյունք: Իմ առաջին մարզիչը հենց սկզբից եղել է Աշոտ Փիլոսյանը: Նա ինձ սովորեցրեց ծանրամարտի տառերը, քաջալերեց և տվեց հավաքականին: Թիմի մարզիչն այնքան խելացի ու լավը պիտի լինի, որ մարզիկի ունեցածն օգտագործի և կարողանա ավելացնել, ինչն արեց Փաշիկ Ալավերդյանը: Իմ պարագայում մեդալները բոլորի աշխատանքի արդյունքն են»,-ասել է Սիմոն Մարտիրոսյանը:
Էրիկ Աթյան
4-րդ կուրս