ՈՉ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՈՉ ՊԱՐՏԱԴԻՐ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ԲՈՒՀԵՐՈՒՄ

ՈՉ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՈՉ ՊԱՐՏԱԴԻՐ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ԲՈՒՀԵՐՈՒՄ

1320

ԱԺ Հոկտեմբերի 23-ի  նիստում կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ասաց, որ հայոց լեզվի, պատմության և գրականության ուսուցումը կդադարի պարտադիր լինել ՀՀ բուհերում: Նա նշեց, որ բուհերի կրթական ծրագրերից չեն հանվում այնպիսի առարկաներ, ինչպես՝ «Հայոց լեզուն», «Հայաստանի պատմությունը» և «Հայ գրականությունը»։ Խոսքը միայն բուհերում այդ առարկաների պարտադիր ուսուցման չեղարկման մասին էր։
Այս որոշումը տարակարծություններ առաջացրեց հասարակության և հատկապես ուսանողների շրջանում: Նրանց մի մասը կարծում է, որ սխալ է նշված առարկաները ոչ պարտադիր դարձնելը, իսկ մյուս մասն էլ կողմ է դրան, նշելով, որ պետք է շեշտը դնել մասնագիտական առարկաների վրա և չծնարաբեռնել ուսանողին ոչ մասնագիտական առարկաներով:
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհի Աննա Սաֆարյանն ասաց, որ լիովին կողմ է, որ ոչ մասնագիտական առարկաները հանվեն պարտադիր ուսուցումից. «Չորս տարի սովորում ենք բակալավրը, որից երեք տարին անիմաստ ծախսում ենք  ոչ մասնագիտական առարկաների  վրա. անիմաստ ծանրաբեռնվում ենք, աչքաթող ենք անում մասնագիտականները․ տուժողը միայն մենք ենք: Ես միանշանակ կողմ եմ Արայիկ Հարությունյանի որոշման հետ»:
ԵՊՀ-ի շրջանավարտ Կարինե Նազարյանն ասաց, որ համալսարան գալուն պես հիասթափություն է ապրել ոչ մասնագիտական առարկաների պարտադիր ուսուցումից. «Առաջին կուրսից սկսած ահավոր հիասթափվել էի, որովհետև եկած-չեկած ծանրաբեռնվեցի անիմաստ առարկաներով: Ուսման վարձ տվեցի, բայց դիպլոմից բացի ոչ մի բան չստացա: Մասնագիտական առարկաները  էնքան չէին ծանրաբեռնում, ինչքան՝ ոչ մասնագիտականները: Դպրոցում ինչ անցել էի՝ հերիք էր, եկել էի համալսարան իբր մասնագետ դառնալու, բայց կոպիտ ասած, կրկնուսույցի դեր տարավ համալսարանը: Ես իմ սովորածից ոչ մի բան չհասկացա»:
Ի հակադրություն այս կարծիքներին՝ հնչեցին նաև կողմ կարծիքներ, ովքեր կարևորեցին նշված առարկաների դերը: ԵՊՀ-ի ուսանող Կարեն Ղազարյանն ասաց, որ սխալ է հայոց պատմության կամ առավել ևս հայոց լեզվի ոչ պարտադիր ուսուցումը. «Վատն այն է, որ այս պահի դրությամբ հայ երիտասարդների մեծ մասը նորմալ հայոց լեզու չգիտի, ու նույնիսկ իրենց մասնագիտությանը շատ լավ տիրապետողները թերանում են հայոց լեզվից: Իսկ պատմությունը պետք է շատ լավ իմանալ, որովհետև վերջ ի վերջո հայ ենք: Եթե պարտադիր չլինի՝ չեն ընտրի, չեն սովորի»: Աննա Սրապիոնյանի խոսքերով հայոց լեզուն և հայոց պատմությունը այն առարկաներն են, որոնք պետք է մնան պարտադիրների շարքում. «Եթե ընդունվում են համալսարան՝ գիտեն, որ կան ոչ մասնագիտական առարկաներ, որոնք պարտադիր են: Ուրեմն թող չընդունվեն, եթե չեն ուզում: Ուսանողների սովորող մասսային պետք են այդ առարկաները, և ըստ իս, եթե քիչ լինեն ընտրող ուսանողները՝ դասախոսը թերի կբացատրի ու դրանից կտուժի ուսանողը: Սրանք այն առարկաներն են, որ մեր բուհերում պետք է պարտադիր լինեն»:

Պետրոսյան Գոհար
3-րդ կուրս

Կիսվել