ՎԵՐՋԻՆ ՇԱԲԱԹՎԱ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԿՐՔԵՐԸ

ՎԵՐՋԻՆ ՇԱԲԱԹՎԱ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԿՐՔԵՐԸ

1046

Անցած հանգստյան օրերին տեղի ունեցան Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի 12-րդ տուրի հանդիպումները: Այս տուրը տարբերվում էր նախորդներից ինչպես գոլառատությամբ, այնպես էլ հետաքրքիր ու անցանկալի իրավիճակներով:

Առաջին խաղը, որին պետք է անդրադառնանք «Երևանի» և Գյումրու «Շիրակի»  միջև հանդիպումն էր:  Այս առաջնության  ձախողակը «Երևանն»  էր:  Երևանյան թիմը 12 խաղից հետո ունի նույնքան պարտություն՝ խփած 7 և բաց թողած 30 գնդակով: Թիմում բացահայտ  քաոս է: Այս ամենին հակառակ, «Շիրակի» մոտ այս մրցաշրջանում գործերը  փայլուն են: Վարդան Բիչախչյանի սաները 25 միավորով 1-ին տեղն են կիսում Երևանի «Արարատի»  հետ:

Թիմերի միջև խաղը հիանալի դասավորվեց «Շիրակի» համար: Արդեն խաղի 26-րդ րոպեին Գյումրին ներկայացնող թիմն առջևում էր 3-0 հաշվով: Երկրորդ խաղակեսում «Շիրակը» թուլացրեց  հարձակումը և թիմերը փոխանակվեցին մեկական գնդակով: Այսպիսով, «Շիրակը» ընդհանուր 4-1 հաշվով առավելության հասավ ետնապահի նկատմամբ:

Մամուլի ասուլիսին «Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը, խոսելով խաղի մասին, ընդգծեց.

«Մեր առջև խնդիր էինք դրել առաջին խաղակեսում  ստեղծել առավելություն, որը թույլ կտար երկրորդ խաղակեսում մեծ ուժեր չծախսել և պահպանել արդյունքը: Առաջին խաղակեսում մեծ ճնշումով գրոհեցինք և կարողացանք անել այն, ինչ պլանավորել էինք»:  Իսկ այն հարցին՝ կա՞ արդյոք հավանականություն, որ  նա կարող է լքել Շիրակը Հայատանի հավաքականը գլխավորելու համար, մարզիչը պատասխանեց.

«Այդ տարբերակը չի քննարկվում: Այս պահին դա անհնարին է: Իմ միտքը ամբողջովին կապված է «Շիրակի» հետ»:

«Երևան»ի մարզիչը խոսելով թիմի վատ խաղամակարդակի մասին՝ նշեց.

«Մենք չպետք է հանձնվենք, պետք է շատ աշխատենք,  որպեսզի բարելավենք ինչպես ֆուտբոլիստների խաղը, այնպես էլ  թիմի ընդհանուր վիճակը»:

Մյուս խաղը, որին պետք է անդրադառնանք,  Երևանի «Արարտի» և « Փյունիկի» միջև կայացած հանդիպումն է: Այս հանդիպումը նույնպես անցավ  բավականին գոլառատ: Առաջին  խաղակեսում թիմերից յուրաքանչյուրը դարձավ մեկական գոլի հեղինակ: Երկրորդ խաղակեսի սկզբնամասում «Արարատը» 4 րոպեի ընթացքում  2 անգամ գրավեց «Փյունիկի» դարպասը: Խաղավերջում թիմերը կրկին փոխանակվեցին  գոլերով՝ արձանագրելով վերջնական արդյունքը` 4-2: Սակայն այս հանդիպման, և ընդհանրապես այս տուրի ամենաթեժ պահը գրանցվեց 67-րդ րոպեին: «Փյունիկի» ֆուտբոլիստ Էրիկ Վարդանյանը կարմիր քարտ ստացավ մրցակցին հարվածելու և գլխավոր մրցավարին հրելու համար: Ամենաքննարկվող և աղմկոտ դրվագը գրանցվեց այն ժամանակ, երբ Վարդանյանը դուրս էր գալիս խաղադաշտից: Նա «Արարատի» երկրպագուների սուլոցների ազդեցության տակ  անվայել ժեստ ցույց տվեց նրանց, որից հետո տրիբունաներում հրմշտոց սկսվեց երկրպագուների միջև, որոնց թվում էր նաև  ֆուտբոլիստի հայրը: Խաղից հետո կրքերը չեն հանդարտվել և ֆուտբոլիստը սոցցանցերի միջոցով փորձել է հարցեր պարզաբանել:

Խաղից հետո «Փյունիկի» գլխավոր մարզչի օգնական Սուրեն Չախալյանն անդրադառնալով այդ դրվագին՝ նշեց,  որ Էրկը ճիշտ չվարվեց և ստացավ արժանի կարմիր քարտ:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան առայժմ պաշտոնական հայտարարությամբ հանդես չի եկել այս դեպքի վերբերյալ, սակայն հավանական է, որ ֆուտբոլիստը որակազրկվի մի քանի հանդիպումով:

Սա միակ  դեպքը չի, որ գրացնվել է այս տուրում: ArmFootball.com-ի փոխացմամբ, «Լոռի»-«Գանձասար-Կապան» հանդիպման ընդմիջման  ժամանակ վիճաբանություն է սկսվել «Գանձասարի» ֆուտբոլիստի և «Լոռիի» ղեկավարներից մեկի միջև, որի պատճառով հանդիպման 2-րդ  խաղակեսը սկսվել 17 րոպե ուշացումով:

Տուրի մյուս հանդիպումները նույնպես առանձնացան իրենց գոլառատությամբ, բայց այս անգամ առանց միջադեպի:

«Արարատ-Արմենիա»-«Նոա» 3:1

«Ուրարտու»-«Ալաշկերտ» 2-4

«Լոռի»-«Գանձասար-Կապան» 2-1

12-րդ տուրից հետո Հայստանի  Բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը`

Վազգեն Կարապետյան

3-րդ կուրս

Կիսվել