«Հա ջան, ինչով կարող եմ օգնել,- միշտ այս խոսքերը կլսեիր Արմանից: Բարի՝ ինչպես իր էությունը: Աչքերն էին ասում` անկեղծ է: Նա իսկապես պատրաստ էր օգնել բոլորին, օգնել նրանց, ովքեր ունեին նրա կարիքը։
Արման Անդրեասյանը ծնվել է 1996թ-ի հուլիսի 11-ին, Մեծ Մանթաշ գյուղում։ Սովորական մի ընտանիքում, որտեղ նա ստացել է մեծ սեր ու ջերմություն։ Սերն ու ջերմությունն այնքան էր, որն իր սրտից անմնացորդ բաժանում էր բոլորին։ Ես իսկապես այն երջանիկ մարդկանցից եմ, ում բախտ է վիճակվել ճանաչել Արմանին։ Ճանաչել նրան նշանակում է ճանաչել բարությունը։ Ճիշտ է, Արմանը մեր հարևան գյուղից էր, բայց նրա բարեկամներից շատերը մեր գյուղում են ապրում, և նա հաճախ էր գալիս մեզ մոտ։ Շատ ենք խաղացել միասին։
Մի անգամ Վարդավառին Արմանն էլի մեր գյուղում էր: Հետաքրքիր ու գեղեցիկ օր ստացվեց։
Մենք սովորություն ունենք Վարդավառը նշել թաղերով։ Հավաքվում ենք մեր թաղով ու գնում մյուս թաղերի հետ ջրով «մենամարտելու»։ Երբ այդ օրը գնացել էինք հարևան թաղ, մի տեսակ մեր «հակառակորդները» մեզանից շատ էին ու չէին թողնում՝ իրենց աղբյուրից ջուր վերցնեինք, մանավանդ մի մարդ, ով կլիներ մոտավորապես 40 տարեկան, պահում էր աղբյուրի ակն ու անհավասար պայքարում աշխույժ ջրում մեզ:
-Վարպետն աչքիս ջրոցու սիրահար է,- ասաց Արմանը։ Նրա հումորն այնքան հանկարծակի էր, որ բոլորս ծիծաղեցինք։
Ջուր վերցնելու հնարավորություն այդպես էլ չունեցանք, գնացինք մեկ այլ թաղ։ Մի խոսքով` այդ օրն իսկապես հետաքրքիր ժամանակ անցկացրինք։
Միտքս եկավ 2015թ-ի Ամանորը։
Արմանը դարձյալ մեզ հետ էր, ուրախությունն ու հումորն ապահովված էին։ Նա իր քեռու աղջկա հետ՝ ով նույնպես մեր շատ մտերիմ ընկերն է, եկան մեր տուն՝ շնորհավորհելու Նոր տարին, սակայն Արմանը մի տեսակ տրամադրություն չուներ։ Հարցրինք թե ինչ է պատահել… Սիրած աղջկան չէր շնորհավորել, աղջկա հեռախոսը մայրը վերցրել էր։
Մտածում էինք՝ ինչպես օգնենք Արմանին, երբ Արմանի քույրն ասաց, որ կարելի է զանգել ու ներկայանալ աղջկա ընկերուհի։ Այդպես էլ արեցինք, զանգեցինք, մայրն հեռախոսը տվեց աղջկան։ Նրանք մի ժամ շարունակ խոսում էին։ Հետո Արմանը ներս մտավ բավականին ուրախ տրամադրությամբ․ նրան այլևս ոչինչ չէր խանգարում, որ ուրախանար։ Մեր լավ տրամադրությունը ևս ապահովված էր։
Օրեր անց՝ հունվարի 16-ին Արմանը զորակոչվեց բանակ։ Արցախի հյուսիս-արևելք` Ջաբրաիլ (Ջրական)։ Ծառայությունից գոհ էր, բողոքներ` երբեք։ Արմանը ծառայեց 11 ամիս։ Նրա ծառայությունը, ցավոք նաև կյանքը ընդհատվեց ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, երբ Ադրբեջանը հրահրեց լայնածավալ ռազմական գործողությոններ։
Հետո պատմում էին՝ վիրավոր ընկերոջն օգնություն ցույց տալուց հետո, Արմանը նորից գնացել էր կռվելու, նրա վիրավոր ընկերը զենք էր լիցքավորել կռվող զինվորների համար մինչև գիտակցությունը կորցնելը։ Դրանից հետո նա այլևս չի տեսել Արմանին։
Ապրիլի 10-ին 18 զինվորների մարմինների հետ Արմանի աճյունը ևս հանձնվեց հայկական կողմին։ Նրանցից յուրաքանչյուրը մարտի դաշտում ընկել էին արիաբար։ Չի արձանագրվել և ոչ մի զինվորի ինքնակամ փախուստ՝ ի տարբերություն հակառակորդի…
«Մամ, պապ համբերեք, բան չմնաց, գալու եմ․․․»,- սա Արմանի վերջին գրառումն էր իր սոցիալական էջում, որն արել էր դեպքից օրեր առաջ։
Վերջերս դիտում էի «Ապրելու ապրիլ» հաղորդումը , Արմանի մայրիկն էր խոսում: Ասաց, որ դեռ սպասում է որդուն․․․
«Եթե ես իմանամ ինձ կլսե, կսեի Արման ջան քիչ մնաց ծառայությանդ, իրեք ամիս ու տուն գուգաս, բալա ջան, իրեք ամսից սաղ գուգան դու չգա՞ս․․․»,- ասաց մայրն ու լուռ հեկեկաց։
Ահա այն բանաստեղծությունը, որն Արմանի մահից հետո ընկերներից մեկը նվիրեց իր հիշատակին:
Անսահման բարի, ինչո՞ւ գնացիր,
Րոպեները զուր չկորցրիր,
Մարտի նետվեցիր,
Անմահացար, ու
Նրանց բոլորին ապացուցեցիր,
Որ դու հերո՛ս ես, այն էլ՝ Հա՛յ հերոս,
Ում ահից թուրքը դողում է անխոս:
Կռվի ես ելել անվախ քաջի պես,
Դու մեր օրերի հերոսն ես, գիտե՞ս:
Երանի էլի մեր կողքին լինեիր,
Ու քո լինելով մեզ երջանկացնեիր:
Բայց ես վստահ եմ`
Դու մեր կողքին ես,
Ճիշտ է չեմ տեսնում,
Սակայն զգում եմ,
Որ բարությունդ է
Մեզ բարի դարձնում,
Հիշողությանս մեջ
Աչքերիդ փայլն է
Հոգիս հանդարտում:
Մեր բարի՛ ԱՐՄԱՆ,
Մեր բարի՛ հերոս,
Կա՛ս ու կմնա՛ս
Մեր սրտում անխոս…
Վերջերս նկատել եմ, որ հաճախ, երբ տալիս են անունս, ինքնաբերաբար ասում եմ «հա ջան»։ Դա ես քո շնորհիվ եմ ձեռք բերել իմ լավ ընկեր, դու էիր այդպես ասում, դա քո հոգու մաքրության արտահայտումն էր․դա Դու էիր։ Մենք քեզանից երբեք չարություն չենք տեսել։ Դա միայն տեսավ թշնամին՝ խրամատից այն կողմ․․․
Մերի Գևորգյան
2-րդ կուրս