Նոյեմբերի 15-ին Երևանի պետական համալսարանի տարբեր ֆակուլտետներից ուսանողներ էին հավաքվել համալսարանի գիտական խորհրդի դահլիճում՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրը: Հանդիպումը կազմակերպվել էր Երևանի պետական համալսարանի մարտական պատրաստվածության ակումբի կողմից:
«Գուցե այսօր հենց այստեղ ձեզ հետ միասին գտնենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման բանալին»,- այսպես սկսեց իր ելույթը իրավաբանական գիտությունների թեկնածու, դասախոսության բանախոս Տարոն Սիմոնյանը:
Տարոն Սիմոնյանը ներկայացրեց արտաքին կապերում հայկական դիվանագիտության և իրավագիտության թույլ և ուժեղ կողմերը: Նշեց, որ հայկական կողմը ունի բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, որպեսզի միջազգային դատական համակարգում կարողանա հասնել ԼՂ ինքնավարության ճանաչմանը.
«Ադրբեջանական կողմը ԼՂ ինքնավարության հարցը քննարկելիս, միշտ առաջ է քաշում իր տարածքային ամբողջականության պահպանման խնդիրը, սակայն չպետք է մոռանալ նաև ազգերի ինքնորոշման հարցը, երբ մի ժողովուրդ ցանկանում է անկախանալ մյուսի լծից: Հենց այս փաստի հիման վրա էլ հայկական կողմը պահանջում է ԼՂ անկախության ճանաչումը»:
Երիտասարդ իրավաբան Տ. Սիմոնյանը խոսեց նաև օրենքների մասին, որոնք ընդունվել են միջազգային ասպարեզում և կարգավորում են նմանատիպ խնդիրներ: Հիմնականում ներկայացրեց ՄԱԿ-ի կանոնադրության առաջին և երկրորդ հոդվածները և 1933 թվականին ընդունված «Մոնտեվիդիոյի կոնվենցիան» :
Դասախոսությանը ներկա գտնվող ուսանողների այն հարցին, թե ինչ միջոցներով կարելի է հաղթել այս «պատերազմում», Սիմոնյանը պատասխանեց. «Հակառակորդին հաղթելու համար հարկավոր է ճանաչել նրան, լավ իմանալ նրա իրավաբանական և դիվանագիտական համակարգերը: Չպետք է հույսը դնել որևէ արտաքին միջամտության վրա, պետք է հզորացնել պետությունը, ունենալ լավ տնտեսություն և հոգեբանորեն լավ պատրաստված հասարակություն: Իսկ արտաքին քաղաքականությունում պետք է օգտագործել ցանկացած հնարավորություն, անգամ անձնական կապերը»:
Դասախոսության ընթացքում քննարկվեց նաև ապրիլյան քառօրյա պատերազմի դեպքերը: Ուսանողները հետաքրքրվեցին, թե մարդու իրավունքների Եվրոպական դատարանում, որ փուլում է գտնվում և որքան կշարունակվի թալիշյան խոշտանգումների վերաբերյալ նյութի քննումը: Ի պատասխան Տարոն Սիմոնյանը նշեց, որ այս գործի քննությունը ընթանում է գաղտնի պայմաններում: Նշեց միայն, որ գործում ներգրավված են տուժողների իրավահաջորդները: Հայաստանը 3-րդ կողմն է, իսկ գործի քննությամբ զբաղվում է փաստաբանների պալատը:
Կազմակերպիչներից Արմեն Խաչիկյանն ասաց, որ նմանատիպ հանդիպումներ հաճախ են կազմակերպվում և դրանք նպատակ ունեն բարձրացնելու երիտասրդների մարտական ոգին:
Տարոն Սիմոնյանը դսախոսությունն ավարտեց հետևյալ լավատեսական մտքով. «Կգա ժամանակ, երբ մենք մեր ժառանգներին կկտակենք ոչ թե հույս, այլ ռեալ պետություն…»:
Լիանա Եղիազարյան
2-րդ կուրս