Նոյեմբերի 8-ի գիշերը Գորիս քաղաքի փողոցներում մարդկանց անկանոն շարժ ու անհանգստություն էր նկատվում: Մինչ այդ մարդիկ քնած էին, նրանք արթնացան, երբ ժամը 2 :47 երկրաշարժ զգացվեց: Բարձրահարկ շենքերի բնակիչները ապահովության համար դուրս էին եկել տներից, քաղաքացիների մոտ զգացվում էր վախ և անհանգստություն: Տղամարդիկ փորձում էին հանգստացնել կանանց և երեխաներին: Նույնիսկ շների և կատուների մոտ էր վախ զգացվում: Այլ էր վիճակը այն մարդկանց մոտ, ովքեր ապրում էին առանձնատներում: Նրանցից շատերը միայն առավոտյան էին իմացել երկրաշարժի մասին:
Յոթանասունամյա Լևոն պապի խոսքերով՝ տարվա մեջ առնվազն երեք անգամ Գորիսում երկրաշարժ է զգացվում, և շատերը դրան արդեն հարմարվել են: Տիկին Նարինեն, ով Գյումրիից է և 1988-ի երկրաշարժի ժամանակ կորցրել է ամուսնուն, նշեց, որ հիմա նույնիսկ ցածր ուժգնության ցնցումների դեպքում ամբողջ մարմնով դող է անցնում: Նարինեն ասաց նաև, որ երկրաշարժից մոտ կես ժամ առաջ իր շան մոտ նկատել է անհանգստություն, անկանոն շարժումներ, վնգստոցներ, և դա կապում է շան’ երկրաշարժի հնարավոր լինելը զգալու հետ:
Քաղաքում ամենաշատը տատանվել էր Գորիսի հանրակացարանային շենքը, որի վտանգավոր դիրքը և բարակ պատերը նպաստել էին շենքի երերալուն։ Շենքի բնակիչներից մի քանիսը գիշերն ավտոտնակներում կամ մեքենաների մեջ են անց կացրել: Զգացվել են նաև հետցնցումներ, որոնք ստիպել են շենքի բնակիչներից շատերին գիշերը չքնել։ ԵՊՀ_ում սովորող Անին ժպտալով պատմեց. «Տագնապային վիճակ էր, վախից մտել էի սեղանի տակ, ու եթե մի քիչ ուժեղ երկրաշարժ լիներ, մեզ ոչ քաղպաշտպանության դասերը կօգնեին, ոչ էլ առաջին բուժօգնության»: Երիտասարդներից մի քանիսն էլ մտածեցին առիթը բաց չթողնել ու քանի հավաքվել էին, որոշեցին ավտոտնակներից մեկում բլոտ խաղալ։
Հիշեցնենք, որ երկրաշարժի էպիկենտրոնը Իրանի հյուսիսում Է եղել’ Գորիսից 280 կմ հարավ-արևելք։ Էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8 բալ, իսկ Գորիսում՝ 4,5 բալ:
Դավիթ Լևոնյան
2րդ կուրս