«ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄ ՉՈՒՆԵԻ, ԹԵ ՈՒՐ ԿՀԱՍՆԵՄ». ՌԱԶՄԻԿ ՄԱՐՈՒՔՅԱՆ

«ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄ ՉՈՒՆԵԻ, ԹԵ ՈՒՐ ԿՀԱՍՆԵՄ». ՌԱԶՄԻԿ ՄԱՐՈՒՔՅԱՆ

2392

«Բալետն ինձ համար վաղուց արդեն կենսակերպ է, հետևաբար, իմ օրվա և կյանքի մեծ մասն է զբաղեցնում։ Ես դա չեմ զգում, ուղղակի այդպես ստացվում է», -​ ասում է Ռազմիկ Մարուքյանը։ 19 -ամյա բալետի արտիստը արդեն հասցրել է աշխարհի տարբեր երկրների մեծ բեմեր գրավել իր փայլուն ելույթներով։​

Երիտասարդ բալերոնի կարծիքով, որևէ բան անելուց, պետք է անել լավագույն կերպ ու ջանք չխնայել․

«Չնայած մեկ տարուց ավել է ինչ կենսակերպս կտրուկ փոխվել է, աշխատում եմ համատեղել, փորձելով ոչինչ չանտեսել» – ասում է Ռազմիկ Մարուքյանը։

Ինչո՞ւ ընտրեցիք բալետը։

– Բալետը ես չեմ ընտրել, այլ ինձ համար ընտրել են։ 9 տարեկանում ինձ տարան պարարվեստի ուսումնարան, որպեսզի մասնակցեմ ընդունելության քննության, որից հետո իմ շատ սիրելի Տաթևիկ Ղարիբյանի հավանությամբ, ընդունվեցի պարարվեստի պետական քոլեջի մասնագիտական երկրորդ դասարան։​

Ո՞րն էր մասնագիտական կարիերայի սկիզբը։

– Կարիերաս սկսվեց քոլեջն ավարտելուց հետո։ Ինքուրույն պարապմունքների ընթացքում ինձ նկատեց Օպերայի և ազգային ակադեմիական թատրոնի արտիստ Արման Բալմանուկյանը՝  հետագայում նաև իմ փորձավարը։
Շատ աշխատեցի ու մասնակցեցի Բելգիայում կայացած «Concours Prix Arabesque» մրցույթին, որտեղ զբաղեցրի առաջին տեղը և արժանացա լավագույն արտիստիկ կատարում մրցանակին։ Ես դա եմ համարում իմ կարիերայի սկիզբը։

– Վերջերս՝ ոտքի վնասվածք ունենալով հանդերձ, Սոչիում կայացած մրցույթում, նվաճեցիք երկրորդ պատվավոր տեղը, այս մասին ի՞նչ կասեք։

– Չեմ ցանկանա վերհիշել այդ դաժան օրերը։ Միայն կարող եմ ասել, որ բազմիցս հուսալքության եմ մատնվել։ Բուժումը շատ դանդաղ ու երկարատև էր։ Պատկերացում չունեի, թե ուր կհասնեմ․ թե առհասարակ արդյոք նորից կթռնեմ ու կպտտվե՞մ։ Հազար փառք, որ կարողացա նորից զինվել եռանդով։ Այդ պահին, երբ իմացա, որ եզրափակչում եմ,​ ամբողջ անցած ուղիս անցավ աչքերիս դիմաց։

Ուրախությանս չափ ու սահման չկար։ Ինչպես ասում են՝ չարչարանքներիս ապաշխարանք։

– Ո՞րն է ձեր ամենամեծ ձեռքբերումը

– Կարծում եմ այս տարվա հոկտեմբերին Սոչիում կայացած Յուրի Գրիգարովիչի անվան Աշխարհի երիտասարդ բալետ մրցույթում երկրորդ տեղն ու արծաթե մեդալը ինձ համար ամենամեծ ձեռքբերումն է իմ կարիերայի ընթացքում առ այսօր․պատճառներ կան դրա համար։

– Լինելով զինվորական  ծառայության մեջ, ի՞նչ չափով եք հասցնում հաճախել պարապմունքներին։

– Ծառայությունն իհարկե իր տեղն ունի։ Շատ շնորհակալ եմ, բոլոր նրանց, ովքեր աջակից եղան, որպեսզի ծառայության հետ մեկտեղ շարունակեմ զբաղվել իմ արվեստով։ Ես դա համարում եմ հրամանատար կազմի կողմից անգնահատելի աջակցություն։

– Ձեր հարցազրույցներից մեկում ասել եք, որ չեք պատկերացնում ձեզ երկրից դուրս, այժմ ի՞նչ եք մտածում այս հարցի վերաբերյալ։

– Ես չեմ պատկերացնում ինձ այլ երկերում մշտական բնակվելիս։ Բայց բալետի ցանկացած այլ արտիստի նման, երազում եմ հանդես գալ մեծ բեմերում։ Եթե ունենամ հրավեր, անպայման կցանկանամ ներկայանալ օտար հանդիսատեսին, բայց՝  Հայաստան վերադառնալու պայմանով։ Չէ՞ որ մենք էլ ունենք բալետ, որով հպարտ ենք ու մեծ նախանձախնդրությամբ պահպանում։

Թամարա Ավագյան
3-րդ կուրս

Կիսվել