ԴԱՇՆԱԿԱՀԱՐ ՏԻԳՐԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ. «ԼՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է ԾՆՎՈՒՄ ՈՒ ՄԱՀԱՆՈՒՄ...

ԴԱՇՆԱԿԱՀԱՐ ՏԻԳՐԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ. «ԼՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է ԾՆՎՈՒՄ ՈՒ ՄԱՀԱՆՈՒՄ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ»

2352

Սեպտեմբերի 10-ը և 13-ը կարմիրով նշված օրեր էին Տիգրանի համար, ով տասնվեց տարի հետո գալով Հայաստան, վերջապես իր համերգը ունեցավ, ինչպես ինքն է սիրում ասել, «տանը»: 

Տիգրան Պողոսյանը սկզբնական կրթությունը ստացել է Հրազդանի Երվանդ Քոչարի անվան արվեստի դպրոցում: Հետագայում ուսումը շարունակել է Լիոն քաղաքի երաժշտական դպրոցներից մեկում, այնուհետև՝ կոնսերվատորիայում: 2015 թ.-ից մինչ այժմ սովորում է Բեռլինի կոնսերվատորիայում: 

Շոպենը դեռ մի քանի ամսեկանում երաժշտություն լսելիս լալիս էր: Ծնողները կարծում էին, թե նա ատում է երաժշտությունը, հետո պարզվեց, որ դրանք երջանկության արցունքներ են: 

Տիգրան Պողոսյանը նույնպես դասական երաժշտությանը սիրահարվել է շատ վաղ տարիքից: 

– Ութ տարեկան էի, երբ առաջին անգամ ծնողներս ինձ մոտ դաշնամուր նվագեցին: Հետո ես նստեցի դաշնամուրի առաջ և առանց նոտաները իմանալու փորձեցի մեղեդիներ հորինել: Խնդրեցի, որ ինձ դաշնամուրի տան, և իմ ու երաժշտության կապը մինչ այժմ գնալով ավելի ամուր է դառնում:

Տիգրանի ընտանիքը միշտ աջակցել է նրան։ Շատ երաժիշտներ ստիպված են եղել հրաժարվել իրենց ընտրած ուղուց կամ էլ հասնել դրան` ընտանիքի ցանկությանը հակառակվելով:

Շումանի մայրն, օրինակ, չէր էլ ուզում մտածել, թե նա իրավունք ունի երազել երաժշտության մասին, նրանք ցանկանում էին, որ իրենց որդին իրավաբան դառնա: Լիստի ընտանիքը նույնպես դեմ էր. ամեն ինչ, բայց ոչ երաժիշտ: 

Ի պատասխան այս պատմությունների՝ Տիգրան Պողոսյանը մեջբերում է Ֆրանս Լիստի խոսքերը. «Ձեր զավակին մի համոզեք դառնալ արտիստ, դա դժվար է, բայց եթե նա զգա` դա է իր ճանապարհը, նրա դեմ ոչինչ չեք կարող անել»: 

Շատ նշանավոր երաժիշտներ հաճախ երևակայական հանդիպումներ են ունենում իրենց ոգեշնչման աղբյուրի հետ, օրինակ՝ Շումանը հանդիպում էր Պագանինիին, ով  խորհուրդներ էր տալիս նրան: Տիգրանն էլ երբեմն ունենում է նման երեւակայական հանդիպումներ: Երբեմն նվագելիս պատկերացնում է, որ այդ երաժշտության կոմպոզիտորն անձամբ լսում է իրեն: Խոստովանում է, որ չնայած դրա երևակայական լինելուն` կոմպոզիտորի կողմից ունկնդրումը ավելի պատասխանատու է դարձնում իրեն: 

Շատ հանճարներ չար մոգական ուժերով են հասել այդ անբացատրելի մեծ տաղանդին: Ինչու ՞ էին Լիստին անվանում կախարդ, երբ նա երկար տարիներ վանական է եղել, և ինչու՞ էին Պագանինիին մեղադրում հոգին սատանային ծախելու մեջ: 

– Իրենց տեխնիկական հնարավորություններն այնքան մեծ են եղել, որ անհավատալի է թվացել մարդկանց: Երևի նրանց տեսքն էլ է մարդկանց մոտ թյուր կարծիք առաջացրել: Ամեն դեպքում, նեղն ընկած ժամանակ ինչ-որ ուժի հավատալիս աշխատում եմ բարի ուժերին հավատալ (ծիծաղում է): Իսկ եթե լուրջ,  ինձ համարում եմ ավելի արդյունավետ, երբ իմ ուժերին եմ հավատում: 

Չնայած միայն դասական երաժշտություն նվագելուն, Տիգրան Պողոսյանի երգացանկում ամեն ոճ իր տեղն ունի: Ռոքն էլ բացառություն չէ: Մեքենա վարելիս կամ նկարելիս կարող է Pink Floyd կամ AC/DC լսել: Ամեն դեպքում դասական լսելու ձևը տարբերվում է մնացածից, ինչպես ինքն է ասում. «Դասականը լսում եմ շատ ակտիվ ականջով ու ուղեղով»: 

 Ֆրիցեկ Շոպենի արի և տոկուն բնավորության մեջ մեծ դեր է խաղացել Բախի երաժշտությունը, որին նա փոքրուց ընտելացել էր. Բախի դերը Տիգրանի կյանքում նույնպես շատ մեծ է: 

– Բախը երաժտական որոշ ասպեկտներ հասցրել է մի գագաթնակետի, որը դեռ չի հաջողվել անցնել: Ցավոք, կենդանության օրոք նա այսքան չի գնահատվել: Բախի երաժշտությունը ամենահավասարակշռվածն ու ամենահարուստն է: Այն ամենափայլուն օրինակն է երաժշտության և մաթեմատիկայի հանդիպման, որից էմոցիոնալ դաշտը չի վերանում: 

7-8 տարեկանում երաժիշտը նաև սկսել է նկարել: Աշխատում է ջրաներկով և նկարում է տարբեր դիմանկարներ, պեյզաժներ, քաղաքներ։ Ջրաներկի մեջ սիրում է լույսն ու ներկի թափանցիկ հատկությունը: Բացի դա, նշում է, որ սիրում է կազմակերպված և արագ աշխատել, իսկ ջրաներկը չորանալու հատկությամբ այլընտրանք չի թողնում:

Երբ հարցրի, թե ո ՞ր ստեղծագործությունը կնկարագրի իր ներկայիս հոգեվիճակը, Տիգրանը պատասխանեց.

– Ջոն Քեյջի  «4″33» գործը: Դաշնակահարը այս գործը կատարելիս բեմ է դուրս գալիս և 4 րոպե 33 վայրկյան չի նվագում: Ես հավատում եմ լռության անհրաժեշտությանը, այն երաժշտության շատ ակտիվ մասն է: Լռության մեջ է ծնվում ու մահանում երաժշտությունը:

Անի Վաթինյան
3-րդ կուրս

Կիսվել