«ՈՐՔԱՆ ՇԱՏ ԵՐԵԽԱՆ ՆԿԱՐԱԳՐԻ ԻՐ ՎԱԽԸ, ԱՅԴՔԱՆ ԱՐԱԳ...

«ՈՐՔԱՆ ՇԱՏ ԵՐԵԽԱՆ ՆԿԱՐԱԳՐԻ ԻՐ ՎԱԽԸ, ԱՅԴՔԱՆ ԱՐԱԳ ԿԱԶԱՏՎԻ ԴՐԱՆԻՑ». ՄԱՐԻԱՄ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

1680

«Ես մթությունից եմ ամենաշատը վախենում, թվում ա, թե հեսա մեկը կմտնի սենյակս, դրա համար գիշերը քնելուց մամաս մնում ա սենյակում, մինչև  քնեմ»,-  ասում է 5-ամյա Լիան։

Կան վախերի մի քանի տեսակներ. կպչուն վախեր` որոնք երեխաները զգում են որոշակի իրավիճակներում, դրանց շարքին է դասվում, օրինակ, վախը բարձրությունից, փակ կամ բաց տարածքներից և այլն: Ցնորային վախեր` սա վախերի ամենադժվար տեսակներից է, օրինակ, երեխան կարող է վախենալ կոշիկները հագնել, քանի որ նա դրանցով ընկել և վնասվել է: Հիմա էլ վախենում է, որ եթե հագնի նույն հագուստը կամ խաղա նույն խաղալիքով, վտանգավոր իրավիճակը կարող է կրկնվել: Գերարժևորված վախեր` սրանք մանկական վախերի ամենատարածված տեսակներն են և կապված են երեխայի ֆանտազիաների հետ:

Դեպքերի 90%-ի դեպքում դրսևորվում է մանկական վախերի հենց այս տեսակը: Այսպիսի վախերի վրա, որպես կանոն, երեխաները սևեռվում են և չեն կարողանում դուրս մղել սեփական երևակայությունից: Վախերի այս շարքին կարող են դասվել վախը մթությունից, որտեղ երեխայի երևակայությունը ստեղծում է սարսափելի կախարդներ, հեքիաթային կերպարներ: Կան վախեր, որոնք միաժամանակ երկու խմբերի են դասվում` օրինակ, վախը ջրից կարող է դասվել և՛ կպչուն, և՛ գերարժևորված վախերի շարքին: Եթե, օրինակ, երեխան երբևէ ջրում հայտնվել է վտանգավոր իրավիճակում և այժմ վախենում է ջրից, ուրեմն դա կպչուն վախ է, իսկ եթե ոչ, ապա ուղղակի գերարժևորված:

Այն ծնողները, ովքեր վախի խնդրով երեխաներ ունեն և չգիտեն ինչպես վարվել նրանց հետ, հոգեբան Մարիամ Մելքումյանը խորհուրդ է տալիս՝ ինչպես հաղթահարել մանկական վախերը. «Անհրաժեշտ է երեխային օգնել հաղթահարելու սեփական վախը: Գոյություն ունեն մի շարք մեթոդներ, որոնք կօգնեն ծնողներին աշխատելու երեխաների մանկական վախերի հետ: Նախ և առաջ անհրաժեշտ է խոսել երեխայի հետ, սակայն այս մեթոդը կգործի երեքից բարձր տարիքի երեխաների մոտ, քանի որ արդեն զարգացած է խոսքը: Ցանկալի է դա կատարել հանգիստ միջավայրում՝ նստելով մոտ կամ ուղղակի գրկելով: Զրույցը պետք է վարել առանց շտապելու և երեխայից սպասել այնպիսի պատասխաններ, ինչպիսիք են «այո», «ոչ», «վախենում եմ», «չեմ վախենում»: Փորձեք երեխայի հետ քննարկել իր վախը․ երեխային տվեք հնարավորություն խոսելու իր զգացողությունների մասին, ինչքան շատ երեխան նկարագրի իր վախը, այնքան շուտ կազատվի դրանից»։ Հոգեբանի խոսքերով` հետաքրքիր մեթոդ է նաև հեքիաթը. «Միասին հորինեք հեքիաթ, որտեղ ավարտին պարտադիր հերոսը հաղթահարում է վախը: Վախը նկարելը ամենատարածված և գործող մեթոդներից է, որից հետո երեխայի հետ համատեղ նկարված թուղթը վառվում է և երեխային բացատրվում, որ վախն այլևս չկա: Ընթացքում պետք չէ մոռանալ երեխային գովաբանել, թե ինչքան ուժեղ է նա, որ հաղթեց վախին»:

Պետք չէ  երեխայի գանգատները  անտեսել և չօգնել հաղթահարել մանկական վախերը․ երեխայի վախերին պետք է մոտենալ ըմբռնումով, իսկ եթե զգում եք, որ ինքնուրույն ի վիճակի չեք, ապա  պետք է դիմել մասնագետի։ Կան մի շարք վախեր, որոնց դրսևորումը որոշակի տարիքային շրջանում համարվում է նորմա։ Դարձեք ձեր երեխայի ընկերը և ավելի հեշտ կլուծեք երեխայի զարգացման ընթացքում ծագող խնդիրները։

Սյուզաննա Ավագյան

4-րդ կուրս

Կիսվել