«ՄԵՆՔ ՊԻՏԻ ՀԱՍՆԵՆՔ ՆՐԱՆ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՈՒՆԵՆԱՆՔ ԳԵՐԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՏԵԽՆԻԿԱ ԱՐՏԱԴՐՈՂ ԳՈՐԾԱՐԱՆՆԵՐ, ՈՐՊԵՍԶԻ...

«ՄԵՆՔ ՊԻՏԻ ՀԱՍՆԵՆՔ ՆՐԱՆ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՈՒՆԵՆԱՆՔ ԳԵՐԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՏԵԽՆԻԿԱ ԱՐՏԱԴՐՈՂ ԳՈՐԾԱՐԱՆՆԵՐ, ՈՐՊԵՍԶԻ ՄԵՐ ԵՐԿԻՐԸ ԴԱՌՆԱ ՏՏ ԳԵՐՏԵՐՈՒԹՅՈՒՆ». ՍԱՐԳԻՍ ՄԵԼՔՈՆՅԱՆ

1437

«Արմաթ» ինժեներական լաբորատորիան այն եզակիներից է իր տեսակի մեջ, որը գրանցում է լավագույն արդյունքներ ծրագրավորման, անիմացիանների եւ խաղերի ստեղծման, ռոբոտաշինության, եռաչափ մոդելավորման ոլորտում: 2018 թվականի տվյալներով՝ ՀՀ բոլոր մարզերում, նաեւ Արցախում եւ Ջավախքում գործող 230 «Արմաթ» լաբորատորիաներ է հաճախում ավելի քան 5200 երեխա:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը նախաձեռնել եւ իրականացնում է Հայաստանի կրթական համակարգում «Արմաթ» ինժեներական լաբորատորիանների հիմնման ծրագիրը:

Նախագծի հիմնական նպատակներն են ուժեղացնել Հայաստանում տեխնիկական կրթության բազան, նպաստել դպրոցականների մասնագիտական կողմնորոշմանը, պատրաստել տեխնիկական կրթությամբ մասնագիտական աշխատուժ, որը կբավարարի աճող պահանջարկը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Այս ամենը հանգեցնելու է մտածելակերպի փոփոխության, նոր ստեղծարար արժեքների դաստիարակման, որը նպաստելու է երիտասարդների շրջանում սոցիալական արժեհամակարգի առողջացմանը:

Հերթական «Արմաթ» ինժեներական լաբորատորիան բարերար Հրաչյա Պողոսյանի աջակցությամբ բացվել է Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում։ Այն կրում է տիեզերագնաց, ԽՍՀՄ հերոս Յուրի Գագարինի անունը: Հենց այս լաբորատորիայում, որպես խմբավար, աշխատում 17-ամյա Սարգիս Մելքոնյանը:

Սարգիս, ինչպե՞ս որոշեցիր ներգրավվել «Արմաթ» լաբորատորիայի կազմում:

  • Երբ լաբորատորիան սկսեցին կահավորել դպրոցում, գյուղում հայտնի էի որպես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին շատ մոտ կանգնած մարդ, քանի որ տիրապետում էի ծրագրավորման մի քանի լեզվի, կարողանում էի կայքեր ստեղծել, ինչպես նաեւ ստեղծում էի վավերագրական ֆիլմեր եւ անիմացիաներ։ Դպրոցի տնօրինությունից առաջարկ ստացա դասավանդել նորաբաց լաբորատորիայում, որն էլ սիրով ընդունեցի։ Վերապատրաստվելուց հետո սկսեցի ծավալել գործունեությունս «Արմաթ» լաբորատորիայում։

Ի՞նչ նպատակներ ունի այս լաբորատորիան եւ ի՞նչ աշխատանքներ է իրականացնում:

  • Մեր բոլորի նպատակը մեկն է՝ ունենալ ավելի լավ երկիր, ավելի լավ սերունդ` կրթված, գրագետ ու խելացի։ Այն պատանիները, որոնք ունեն գիտելիքների ու հմտությունների մեծ պաշար եւ ձգտում, ցանկանում են դրանք անընդհատ ընդլայնել, փորձում են նվաճել ապագան իրենց իսկ ստեղծած տեխնոլոգիաներով։ Մենք մեր ուսանողներին տալիս ենք հիմնարար գիտելիքներ եւ աջակցում տեղեկատվական տեխնոլոգիաների անծայրածիր աշխարհում իրենց ձայնը լսելի դարձնելու գործում։

Այստեղ աշխատում եք որպես խմբավարարդյո՞ք հեշտ է աշխատել տարբեր տարիքային խմբի երեխաների հետ:

– Ոչ ֆորմալ կրթության մեջ մի այսպիսի խոսք կա՝ ես դասավանդում եմ նրանց, ովքեր ուզում են, որ իրենց դասավանդեմ։ Այսինքն, եթե մարդը՝ լինի երեխա, թե պատանի, գալիս է «Արմաթ», նա գալիս է մոտիվացիայի մեծ չափաբաժնով։ Իսկ մոտիվացված մարդկանց հետ աշխատելն աշխարհի ամենահաճելի զբաղմունքներից է։ Ինչ խոսք, պատասխանատվության չափաբաժինը մեծ է, սակայն պատասխանատու գործերը պետք է պատվով կատարել, ինչն էլ փորձում եմ անել։

Քանի՞ երեխա է հաճախում Ագարակի «Արմաթ» լաբորատորիայի մասնաճյուղ եւ ի՞նչ եք սովորեցնում աշակերտներին:

  • Կարծում եմ՝ ավելի ճիշտ կլինի նրանց ոչ թե աշակերտ անվանել, այլ ուսանող, քանի որ նրանք չեն գալիս ինձ աշակերտելու, ինձնից սովորելու (չէ՞ որ իմ եւ նրանց միջեւ գրեթե տարիքային տարբերություն չկա)։ Նրանք գալիս են իմ օգնությամբ ինքնաբացահայտվելու։ Այսինքն՝ այստեղ մենք շեղվում ենք ֆորմալ կրթական համակարգից, երբ ուսուցիչը բացատրում է դասը, իսկ աշակերտները սովորում են նրանից։

Այժմ խմբակ է հաճախում 50-ից ավելի պատանի․ նրանք ուսումնասիրում են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի կողմից մշակված Scratch եւ K-Turtle ծրագրավորման միջավայրերը, որոնց օգնությամբ կարողանում են ոչ միայն բարդ մաթեմատիկական խնդիրներ լուծել, այլեւ ստեղծել խաղեր եւ անիմացիաներ։ Այստեղ ուսանողները սովորում են եռաչափ մոդելավորում, իսկ եռաչափ տպիչի միջոցով իրենց ձեռքերով տպում մոդելավորածը։ Նրանք  ուսումնասիրում են փայտի մշակման արվեստը՝ համակարգչի միջոցով։ Հատուկ հաստոցի միջոցով, որը հենց Հայաստանում է արտադրվում, ուսանողները լազերային փորագրություն են իրականացնում։ Նրանք նաեւ ուսումնասիրում են ռոբոտաշինություն, ինքնուրույն հավաքում ռոբոտին եւ ծրագրավորում՝ տարբեր խնդիրներ լուծելու համար։ Մեր ուսանողները նաեւ ստանում են հիմք տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում առավել խորանալու եւ ինքնազարգանալու համար։ Ծրագրերի ուսումնասիրության հետ մեկտեղ մեր պատանիներն ինքնուրույն մտածել եւ տրամաբանել են սովորում։ Սովորում են նաև մեդիագրագիտություն, ինչը շատ կարեւոր է մեր օրերում։ Մենք փորձում ենք ինքնաարտահայտման նոր հարթակներ գտնել մեր ուսանողնրի համար, մշտապես կանգնած ենք նրանց կողքին եւ ամեն կերպ աջակցում ենք նրանց։ Ահա այս հետեւողական աշխատանքն է, որ փոփոխություն է բերելու մեր հասարակություն, ունենալու ենք ստեղծագործ ու ինքնուրույն մտածող, վերլուծող սերունդ։ Ահա, թե ինչ ենք մենք ուզում։

  • Շատերն են նշում, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում հեռանկարային եւ զարգացող ոլորտներից է: Համաձա՞յն եք այս տեսակետի հետ:

-Իհարկե, համաձայն եմ։ Բնական ռեսուրսներով աղքատ երկրում, ինչպիսին Հայաստանն է, անհրաժեշտ է օգտագործել մտավոր ներուժը։ Այս առումով մենք բոլոր հնարավորություններն ունենք զարգացնելու տեղեկատվական տեխնոլոգիների ոլորտը եւ արդեն որոշ քայլեր արել ենք այդ ուղղությամբ։ Սակայն այս ամենը քիչ է։ Մենք պիտի հասնենք նրան, որ Հայաստանում ունենանք գերժամանակակից տեխնիկա արտադրող գործարաններ, որպեսզի մեր երկիրը դառնա ՏՏ գերտերություն։

Ի՞նչ աշխատանքներ եք իրականացրել մինչ հիմա եւ ինչպիսի՞ արդյունքեր եք գրանցել:


Բացումից հետո մենք սկսեցինք մեր ուսումնասիրությունը ծրագրավորման ոլորտում։ Սկսեցինք սովորել Scratch ծրագրի հայաֆիկացված Աղուէս տարբերակը, որի շնորհիվ ստեղծեցինք պլատֆորմային խաղեր, անիմացիաներ, կարճատեւ մուլտֆիլմեր։ Այնուհետեւ սկսեցինք ուսումնասիրել K-Turtle` Կրիայ միջավայրը, որի օգնությամբ գրեցինք ծրագրեր՝ երկրաչափական ու հանրահաշվական խնդիրներ լուծելու համար։ Մեր սաները սկսեցին ուսումնասիրել եռաչափ մոդելավորումն ու տպագրությունը։ Դեկտեմբերի 6-ին տեղի ունեցավ եռաչափ մոդելավորման երկրորդ մրցույթը, որին, սակայն, չհասցրեցինք մասնակցել, բայց մեր թիմով մեկնեցինք հետեւելու ողջ իրադարձություններին։ Այժմ ունենք աշակերտներ, ովքեր զբաղվում են նաեւ ռոբոտաշինությամբ։ Այսինքն մենք ճկուն ենք, եւ թույլ ենք տալիս աշակերտներին զբաղվելու իրենց սիրած եւ իրենց առավել հետաքրքրող ոլորտներով։

  • Ի՞նչ եք պատրաստվում անել ապագայում ինչպիսի՞ ծրագրեր եւ նպատակներ ունեք:
  • Մոտ ապագայում նախատեսում ենք լաբորատորիայի ներսում ձեւավորել ստարտափեր։ Արդեն իսկ համագործակցության եզրեր ենք գտել ստարտափ ակումբների հետ։ Մենք ուզում ենք, որ մեր սաները կարողանան բարձր տեխնոլոգիաներն օգտագործել համայնքային խնդիրներ լուծելու եւ համայնքը զարգացնելու համար։ Դրան են միտված մեր բոլոր ջանքերը։ Ապագայում պատրաստվում ենք նաեւ մասնակցել DigiCode խաղերի ստեղծման մրցույթին, ինչպես նաեւ հեքըթոների, ստարտափ սամիթների։ Մենք՝ արմաթցիներս, շարունակելու ենք մեր փնտրտուքը ՏՏ ոլորտում, չէ՞ որ մենք գիտելիք որոնողներն ենք։

Սվետլանա Դավթյան

2-րդ կուրս

Կիսվել