Դեկտեմբերի 14-ին մեկնարկեց «Բիզնես ստարտ Հայաստանում․ Մեծ կոնֆերանս 3-ը 1-ում»։ Այս տարի թեման վերաբերում էր բիզնես սկսելուն։
Կոնֆերանսի ընթացքում բիզնեսի ոլորտում փորձ ունեցող ընկերությունների ղեկավարները ներկայացնում էին իրենց հաջողության գաղտնիքները, օգնում սկսնակներին խորհուրդներով։ Օրվա ընթացքում գործարարները ելույթներ էին ունենում տարբեր թեմաներով՝ բիզնեսին աջակցող պետական ծրագրեր, արտադրություն հիմնելու կարևոր սկզբունքներ, թվային մարքետինք, դիզայն, ինչպես նաև պատասխանում էին ներկաների հարցերին։
Backbone Branding կազմակերպության հիմնադիր Ստեփան Ազարյանը ներկայացրեց, թե դիզայնը ինչ դեր կարող է ունենալ վաճառքների հարցում, քանի որ գեղեցիկ ու գրավիչ ձևավորված ու կրկնակի թանկ ապրանքը կարող է սպառվել ավելի արագ։
«Դիզայնը ձևավորում չէ, դիզայնը մտածողություն է, ուժեղ գործիք է՝ արագ ազդելու, ուշադրություն գրավելու, փոփոխություններ անելու»,- ասում է Ստեփանը։
Դիզայներական տարբերվող ու ազդեցիկ գաղափարները թանկ հաճույք են, բայց գործարարի կարծիքով՝ թանկը թվացյալ է։
«Իրականում դիզայնը լծակի օրենք ունի․ դու կարողանում ես լավ դիզայնի միջոցով ավելի մեծ արդյունքի հասնել»,- բացատրում է կազմակերպության ղեկավարը։
Հաճախ մարդիկ շփոթում են դիզայն և բրենդ հասկացությունները, դրանք իրականում տարբեր են, բայց փոխկապակցված են։
«Որպես առանձին երևույթ, բրենդը խոստում է, այն, ինչ ցանկանում ես փոխանցել, բրենդի միջոցով պիտի անես»,- ասում է Ս․ Ազարյանը ու հավելում, որ բրենդինգը հստակ գիտություն է, որը պետք է մասնագետի հետ իրականացնել, հակառակ դեպքում խոստումը տեղ չի հասնի, խեղաթյուրված կլինի։
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն էլ նշեց, որ նախարարությունը փորձում է այնպես անել, որ իրականացվող ծրագրերը լինեն արդյունավետ, ծառայեն այն խնդիրներին, որոնց հանդիպում են ձեռնարկությամբ զբաղվել ցանկացող երիտասարդները:
«Մեզ համար կարևոր է, որ մեր աջակցությամբ մեծանա այն մարդկանց թիվը, ովքեր որոշում են անցնել այդ ճանապարհը»,- ասում է Տ. Խաչատրյանը:
Հավելենք նաև, որ աշխատանք փնտրողները կարող էին մասնակցել աշխատանքի տոնավաճառին, ծանոթանալ ու զրուցել գործատուների հետ, թողնել իրենց ինքնակենսագրականները։
Միլենա Մովսեսյան
3-րդ կուրս