ԱՄԱՆՈՐԻ ՀԵՔԻԱԹԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՐԵԱՅՈՒՄ

ԱՄԱՆՈՐԻ ՀԵՔԻԱԹԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՐԵԱՅՈՒՄ

2623

Հարավային Կորեայում  Ամանորը նշում են առանց խանդավառության։ Ամերիկացներից նրանք վերցրել են Սանտա Կլաուսին, իսկ զարդարելու մշակույթը՝ Եվրոպացիներից։
Տոնն ավելի շատ նշվում է  որպես համաշխարհային մշակույթի տուրք։ Այն նշում են հիմնականում երիտասարդները, ովքեր հետաքրքրությամբ են ընդունում այլ երկրների ամանորի ավանդույթները։ Դեկտեմբերի 31-ից հունվարի 1-ը շատ տղաներ և աղջիկներ գնում  են զվարճանքի վայրեր `ակումբ, ռեստորան, զբոսայգի: Ավագ սերնդի համար սա սովորական հանգստյան օր է, ինչը աշխատասեր կորեացիների մոտ, ի դեպ, հազվադեպ երևույթ է:



Հունվարի 1-ը Կորեայում

Ինչպես ԱՄՆ-ում, Կորեայում նույնպես, մարդիկ  Սուրբ Ծնունդը նշում են դեկտեմբերի 25-ին։ Եվ հենց այդ օրն են նրանք զարդարում եղևնիները, ձևավորում տները և պատրաստում Սանտա Կլաուսներ: Ի դեպ, հունվարի 1-ին Հվ․Կորեայի փողոցները լի են Ամանորի զարդանախշերով  և թիթեղներով։ Սուրբ Ծնունդը համարվում է ամենալավ օրը  հետագա ծրագրերը իրականացնելու համար։

Սուրբ Ծննդյան  նախօրեին կորեացիները հավաքում են նվերներ, զարդարում շենքերն ու եկեղեցիները, կազմակերպում զվարճալի ծրագրեր:




Իրական Ամանորը Հարավային Կորեայում

Այս տոնը Կորեայում անվանում են Սոլլալ։ Այն նշվում է ըստ լուսնային օրացույցի՝ առաջին ամսվա 1-ին. սովորաբար  հունվարի  կամ փետրվարի վերջին: Տոնն այնքան կարևոր է երկրի համար, որ առաջ  հատկացվում էր 14 արձակուրդային օր, այժմ արձակուրդային օրերը միայն 3-ն են, ինչը կորեացիներին, միևնույն է, չի տխրեցրել։
Նոր տարում սերունդների կապը շատ կարևոր է, ուստի այն անցնում է ընտանեկան շրջանակներում: Համարվում է, որ նույնիսկ մահացած նախնիներն այդ օրը  իրենց հարազատների կողքին  են, և տոնը նշում են բոլորի հետ: Սեղանի վրա մատուցվում են միայն  ավանդական ուտեստներ, այն էլ՝ մեծ քանակությամբ:
Խանութները և զվարճանքի վայրերը տոն օրերին չեն աշխատում․ նույնիսկ նրանց աշխատակիցները մեկնում են իրենց հարազատների մոտ ՝ Սոլլալը նշելու: Բնակարանները զարդարվում են հավի և վագրի պատկերներով, որոնք պետք է պաշտպանեն տնակը չար ոգիներից։


Ի՞նչ են նվիրում միմյանց կորեացիները

Նոր տարվա տոնակատարության ժամանակ կորեացիները պահպանում են մի կարևոր ավանդույթ ՝ հարգանքը մեծերի նկատմամբ: Ընտանիքի կրտսեր անդամները ծնկի են գալիս և խոնարհվում իրենց պապերի, տատիկների, ծնողների, մորաքույրերի և հորեղբայրների առջև․ յուրաքանչյուր խոնարհում  ուղեկցվում է  շնորհավորանքներով: Նման ծեսից հետո մեծահասակները երեխաներին տալիս են քաղցրավենիք և փող: Գումարի չափը կախված է երեխայի տարիքից. որքան մեծ է երեխան, այնքան ավելի  շատ գումար  են տալիս նրան: Հաջողակները նույնիսկ գումար են հավաքում համալսարանի մի քանի կիսամյակի  վարձի համար:

Երիտասարդները միմյանց, սովորաբար, կոսմետիկ նորույթներ են նվիրում: Այս ընտրությունը կապված է  կատարյալ դեմք ունենալու ցանկության հետ:



Մերի Խաչատրյան

3-րդ կուրս

Կիսվել