ԵՐԿՐՈՒՄ ՋՐԾԱՂԿԻ ՀԱՄԱՃԱՐԱԿԻ ՎՏԱՆԳ ՉԿԱ

ԵՐԿՐՈՒՄ ՋՐԾԱՂԿԻ ՀԱՄԱՃԱՐԱԿԻ ՎՏԱՆԳ ՉԿԱ

1242

Նոյեմբեր ամսից  մանկապարտեզներում եւ դպրոցներում շատացել են ջրծաղկի դեպքերը։ Մանկաբույժ և ինֆեկցիոնիստ Քրիստինե Դարբինյանի հավաստմամբ,  ջրծաղկի սեզոնային տարբերակումը սխալ է. մի քանի տարի առաջ սեզոնը գարնուն-աշունն էր, իսկ հիմա կարող են վարակվել նաև ձմռանը։ Ինֆեկցիան բավականին տարածված է, որը ուղեկցվում է բարդություններով՝ գլխացավ, գլխապտույտ, քայլվածքի փոփոխություն, իսկ բշտիկների հեղուկը վերածվում է թարախի։ Նման դեպքերից խուսափելու համար հիվանդության ի հայտ գալու առաջին իսկ օրվանից պետք է դիմել բժշկի։

Ջրծաղիկն օդակաթիլային ինֆեկցիա է, որը տարածվում է շփման միջոցով։ Վարակման ռիսկը շատ բարձր է և արտահայտվում է ցանային էլեմենտներով։ Սկզբնական շրջանում՝ կարմիր մակուլաների տեսքով, հետո գնալով զարգանում, դառնում են վիզիկուլաներ՝ հեղուկով լցված բշտիկներ։

Փոքրերն ավելի թեթև են տանում, քան մեծահասակները։ Մեծերի մոտ հիվանդությունն ավելի բուռն է ընթանում, ռեակցիան ավելի ուժեղ է լինում, իսկ դրսևորումները՝ ավելի ծանր։ Վարակի աղբյուր հանդիսանում է հիվանդը։ Խնամքի, կենցաղային և այլ իրերի միջոցով երրորդ անձի վարակումը բացառվում է։ Ջրծաղիկն անկայուն վիրուս է, և հիվանդի հետ շփումը պարտադիր է։ Գաղտնի շրջանը 21 օր է, իսկ ապաքինվելու ընթացքն ու տևողությունն անհատական են՝ կախված օրգանիզմի վերականգնման արագությունից։ Գաղտնի շրջանից՝ մինչև հիվանդության ծաղկման ընթացքում վերջին կեղևիկի ընկնելը, հիվանդը համարվում է վարակակիր։  2-10% դեպքերում հնարավոր է կրկնակի վարակ՝ կախված օրգանիզմի իմունիտետից։

Հիվանդի ճիշտ խնամքը շատ կարևոր է, իսկ լոգանք ընդունելը դեռ տարաձայնություններ է առաջացնում մասնագետների մոտ։ Եթե կա արտահայտված ինտոկսիկացիա՝ բարձր ջերմություն, գլխացավ, գլխապտույտ, թուլություն, ապա այդ ընթացքում լոգանք դեռ պետք չէ, իսկ երբ ինտոկսիկացիոն երևույթները անցնում են, խրախուսվում է լոգանքը, որովհետև այն թեթևացնում է ընդհանուր վիճակը։ Սննդի հետ կապված հստակ սահմանափակումներ չկան, հիվանդը պետք է սնվի լիարժեք, բայց խուսափի գրգռող, ալերգիկ ուտելիքներից։

Հայաստանում ջրծաղկի դեմ պատվաստումներ գրեթե չեն արվում․ բավական թանկ է պատվաստանյութը։ Եվրոպայում  անում են պատվաստումները, որոնք արդյունավետ են ու կանխում են հիվանդության տարածումը։

 Թեեւ ջրծաղիկի դեպքերը շատացել են, բայց այս պահին Առողջապահության նախարարության տվյալներով չկա ջրծաղկի համաճարակ։

Աննա Գրիգորյան

3-րդ կուրս

Կիսվել