ՎԵՐՆԻՍԱԺԻ «ԲՆԱԿԻՉՆԵՐԸ»

ՎԵՐՆԻՍԱԺԻ «ԲՆԱԿԻՉՆԵՐԸ»

3173

Երևանյան կոլորիտը լրացնում է բացօթյա տոնավաճառ Վերնիսաժը։ Հուշանվերներ, նկարներ, գրքեր, գորգեր, զարդեր, տիկնիկներ, հնաոճ իրեր. Վերնիսաժն է իր ողջ ինքնատիպությամբ։ Աշխարհի շատ երկրներում կա Վերնիսաժ, Հայաստանում ձևավորվել է 1980-ականների կեսերից։ Սկզբում Սարյանի այգում էր, հետո մի մասը տեղափոխվել է հրապարակին կից տարածք։ Այսօր երկու վայրերն էլ զբոսաշրջիկների ու տեղաբնիկների համար «թանգարան են բաց երկնքի տակ», հայաստանյան մշակույթի այցեքարտը։ Արվեստագետները ապրում են այստեղ, ստեղծագործում և իհարկե վաճառում։ Նրանց «աշխարհը» փորձեցինք բացահայտել փոքրիկ զրույցով։

Մայրանուշ և Հովսեփ Օհանյանները 4 տարի է, ինչ Վերնիսաժի անկյունային հատվածում վաճառում են ասեղնագործ իրեր։ Մայրանուշը սփռոցների ու թաշկինակների վրա ասեղնագործում է ծաղիկներ և հայկական նախշեր։

«Նախշերն ավելի շատ գնում են զբոսաշրջիկները, իսկ այ ծաղիկները բոլորինս է։ Գիտե՞ք, Վերնիսաժում ես իմ ծաղիկներով եմ առանձնանում ու մարդկանց դեպի ինձ կանչում»,- ասում է Մայրանուշը։

Ծաղիկները նկարելուց աչքի առաջ միշտ լինում են դրանք։ Սկզբում նկարում է, օգնում է նաև նկարիչ տղան, իսկ հետո աղջկա օգնությամբ սկսում ասեղնագործել։ Աշխատում է ձախ ձեռքով, մատները ցավելուց փոխում։

«Վերնիսաժում գտնում եմ նաև հանգստությունս. էստեղ աչքերս հանգստանում են, որովհետև տանը միշտ ասեղնագործում եմ, չնայած, տեսեք, օղակս բերել եմ, հենց ուզեմ կսկսեմ, մի քիչ արևից եմ նեղվում։ Աղջկաս էլ նոր ճանապարհեցի տուն, թող չհոգնի, որ տանը օգնի ինձ»,- պատմում է Մայրանուշը։

Դիմացը որդին է վաճառում իր նկարները։ Ասում է` «Մեր տունն էստեղ է. պապաս, մամաս, ես… ու օրվա մեծ մասն էլ էստեղ»,- ժպտում է ու ավելացնում, որ իրենց արածը չի ընկալում աշխատանք, այլ ապրելակերպ։

Վերնիսաժի մի տաղավարում էլ իր արվեստագետ ընտանիքի նկարներն է վաճառում 20-ամյա Նարեկը։ Նկարում են հայրը, քույրը, քրոջ ամուսինը, իսկ ինքը՝ վաճառում։ Նկարները 10 հզ. դրամից հասնում են մինչև 800 դոլլար։ Թանկարժեք երկու նկարները դեռ չի վաճառել։ Ասում է, եթե այսօր վաճառվի, վաղը ավելի շուտ կգա գործի` հավատը կմեծանա։

Ազգային պայուսակներ, տարազներ պատրաստող Կարինեն պատմում է, որ իր 20-ամյա տղան կրում է իր աշխատանքները.

«Տարազի գլխարկ է ինձնից վերցրել ու Չինաստանում աշխատելու տարիներին միշտ գլխին դրել։ Ասում էր՝ մամ, էստեղ բոլորը գիտեն, որ ես հայ եմ»։

2 օր առաջ Կարինեին խնդրել է նոր գնած տաբատին ազգային կտորներ հավելել։ Կարինեի տաղավարի մոտ կանգնած էր Մոսկվայից ժամանած Աննան, ասում է՝ բոլոր նվերները Վերնիսաժից է գնելու, որովհետև ռուսները հավանում ու զարմանում են հայերի ստեղծագործական մտքի վրա։

Ծաղիկներ, մերկ կանայք, երաժշտական գործիքներ. այս նկարներով Վերնիսաժի մի անկյունում առանձնացել է  Մարտին Ոսկանյանը: Նա Վերնիսաժ է եկել Սարյանի այգուց: Ասում է, որ այնտեղ իր աշխատանքները չէին վաճառվում, որովհետև քիչ մարդ էր գալիս. «Էստեղ զբոսաշրջիկներ են շատ գալիս, թեկուզ հուշանվեր գնելու, ու կողքից լինում է, որ հավանում են իմ գործերը, գնում»:

Նկարիչը շատ չզրուցեց. գիշերը նկարել էր դասկան երաժշտության տակ, իսկ հիմա ծխախոտը, գլխացվանքը ու Վերնիսաժը:

Պատկերն այլ է «Սարյանական այգում»: Այստեղ օրվա նույն ժամին ավելի հանգիստ է: Մարդիկ ավելի շատ մտնում են այգի նկարները նայելու, քան գնելու:

Էքզիստենցիալ ոճով ստեղծագործող Վլադիմիր Շահինյանը Վերնիսաժից

2 տարի է, ինչ եկել է Օպերայի տարածք: «Իմ գործերը հասկացողը գնում է: Ես չեմ ուզում դրանց էֆեկտը փչացնել «քրջի բազարի» ու միայն փողի մասին ուղեղները լցրած առևտրականների կողքին»:

Մյուսները թղթախաղ են խաղում, նարդի, խմում, ծխում: Ընդհանուր պարապության են մատնված: Շատերը նշեցին, որ գնորդները Վերնիսաժում են, բայց իրենց այստեղ են  լավ զգում։

 

Օֆելյա Մարգարյան

4-րդ կուրս

Կիսվել