2806 տարեկան մայրաքաղաքի տոնական հասցեներից

2806 տարեկան մայրաքաղաքի տոնական հասցեներից

254

Տոնական համերգներ մայրաքաղաքի տարբեր վայրերում՝ դասական, էստրադային, ռոք, ջազ, բացօթյա սպորտային գոտի, գինու փառատոն. այս ամենը հոկտեմբերի 13-ին իր շուրջն էր հավաքել երևանցիներին և Երևանի հյուրերին։   

Շառլ Ազնավուրի անվան զբոսայգում զրուցեցինք Հայաստանի ժողովրդական արտիստ, ջազային երաժիշտ և պրոֆեսոր Մարտին Վարդազարյանի հետ։ Նրա խոսքով՝ նմանատիպ միջոցառումները ևս մեկ հնարավորություն են ընձեռում ստեղծագործողներին՝ իրենց վերաբերմունքը ցույց տալու Երևանի նկատմամբ։ «Երևանի տոնը ոչ միայն բարի ավանդույթ է, այլ նաև անհրաժեշտություն, որ ոչ միայն մենք, այլ նաև աշխարհը իմանա, թե Երևանը ինչ էր, ինչպիսին էր և ինչ է դարձել։ Շնորհավոր բոլորի տոնը, սա բոլորի տոնն է, բոլոր հայերի»,- իր խոսքը շնորհավորանքով ամփոփեց Վարդազարյանը։

Երևանի տոնի հասցեներից մեկում՝ Հյուսիսային պողոտայում, տեղի էր ունենում գինու փառատոնը։ Այստեղ էին հավաքվել գինու սիրահարները և տեղական գինեգործները։ Գինի վայելելուց զատ՝ քաղաքի բնակիչներն ու հյուրերը՝ թե՛ հայ և թե՛ այլազգի, միասնության շուրջպար էին բռնել։ Քաղաքի 2806-ամյակը երգով, պարով և գինառատ էր անցնում։

Ջազ համերգներ՝ տարբեր խմբերի մասնակցությամբ, տարբեր մարզաձևերի նվիրված միջոցառումներ, զուգահեռ՝ նաև գարեջրի փառատոն, իսկ վերջում՝ օրվա գլխավոր համերգը՝ սիրված արտիստների մասնակցությամբ։ Քաղաքի տոնին նվիրված միջոցառումներն ավարտվեցին Հանրապետության հրապարակում՝ «Էրեբունի Երևան» երգով։

Նյութը և լուսանկարները՝ Սոնա Այվազյանի

2-րդ կուրս

Կիսվել