ԵՊՀ-ում երկրորդ հերթով ուսուցումը պայմանավորված է լսարանային ու լաբորատոր տարածքների հնարավորություններով

ԵՊՀ-ում երկրորդ հերթով ուսուցումը պայմանավորված է լսարանային ու լաբորատոր տարածքների հնարավորություններով

135

Երեւանի պետական համալսարանում ուսուցումն իրականացվում է երկու հերթով։ Մի շարք ֆակուլտետներ, օրինակ՝ Եվրոպական լեզուների և հաղորդակցության, Ժուռնալիստիկայի, Սոցիոլոգիայի ֆակուլտետները երկու տարին մեկ փոխում են հերթերը։

Երկրորդ հերթով ուսուցումը, չնայած առավելություններին, որոշ անհարմարություններ է ստեղծում ուսանողների համար։ Օրինակ՝ մարզերից եկող ուսանողների համար դժվար է ուշ երեկոյան վերադառնալը, կամ աշխատող ուսանողները դժվարանում են աշխատանքն ու դասերը համատեղել։   

«Ուշ ենք ավարտում, մնացած բաների համար ժամանակ չի  մնում, անգամ՝ դասերի։ Տրանսպորտն է խնդիր, որ ուշ ենք վերջացնում, դժվար է վերադառնալը։ Օրինակ՝ առաջին հերթով հաճախող ուսանողները հնարավորություն ունեն  ուսանողական տրանսպորտից օգտվելու, իսկ ովքեր 2-րդ հերթով են հաճախում, չեն կարող»,- ասում է 20-ամյա Անի Մարդյանը՝ Մասիս քաղաքից, որը սովորում է Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետում։

«2-րդ հերթով հաճախելը դրական կողմ էլ ունի, օրինակ՝ երկար կարող ենք քնել, բայց դրական կողմերն այնքան շատ չեն, որ ծածկեն մնացած բացասական կողմերը։ Միանշանակ դժվար է 2-րդ հերթով հաճախելը, օրվա 2-րդ կեսից դասի ենք գալիս և, կարելի է ասել, ոչինչ չենք հասցնում անել»,-ասում է Անի Օրդյանը, որը սովորում է Սոցիոլոգիայի ֆակուլտետում։

ԵՊՀ ղեկավարությունից փորձեցինք պարզել, թե ինչո՞վ է պայմանավորված 2-րդ հերթով ուսուցումը, քանի՞ ֆակուլտետում է ուսուցումը կազմակերպվում 2-րդ հերթով,  և ի՞նչ քայլեր է համալսարանը մտադիր ձեռնարկել ամբողջությամբ մեկ հերթով ուսուցման անցնելու համար։

ԵՊՀ ուսումնական գործընթացի վերահսկման բաժնի վարիչ Ա. Սարգսյանը մեր հարցմանն ի պատասխան նշել է. «Տարիներ շարունակ Երևանի պետական համալսարանում դասերը սկսվում են 9:30-ից և ավարտվում են 19:05: Առանձին դեպքերում կարող են կազմակերպվել նաև այդ ժամերից դուրս: Դասերի անցկացման ժամերը ընտրվում են՝ հաշվի առնելով լսարանային ու լաբորատոր տարածքների հնարավորությունները, ինչպես նաև՝ դասախոսական կազմի զբաղվածությունը»:

Թե ինչ քայլեր են ձեռնարկվում լսարանային եւ լաբորատոր տարածքները ուսանողների թվին համապատասխանեցնելու ուղղությամբ, պրն Սարգսյանը չի նշել։

Ելենա Մուրադյան

3-րդ կուրս

Կիսվել