«ԱՅՆ ՓՈՔՐԻԿ ԵՐԵԽԱՆ, ՈՎ ԼԱՑԵԼՈՎ ԷՐ ՀԱՃԱԽՈՒՄ ՊԱՐԻ ԴԱՍԵՐԻՆ, ՀԻՄԱ ՈՒՆԻ 120-ԻՑ...

«ԱՅՆ ՓՈՔՐԻԿ ԵՐԵԽԱՆ, ՈՎ ԼԱՑԵԼՈՎ ԷՐ ՀԱՃԱԽՈՒՄ ՊԱՐԻ ԴԱՍԵՐԻՆ, ՀԻՄԱ ՈՒՆԻ 120-ԻՑ ԱՎԵԼԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐ». ՏԱԹԵՎ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

3668

Պարի յուրօրինակ ընկալման և ներկայացման, ունեցած հաջողությունների, պարը չսիրելու, բայց հետո պարով տարվելու մասին զրուցեցինք Սոֆի Դևոյանի մշակույթի կենտրոնի պարուսույց Տաթև Միքայելյանի հետ:

Որոշեցի պարով զբաղվել…

Անկեղծ ասած որոշեցի ոչ թե ես, այլ ծնողներս։ Ես փոքր տարիքից մեծ սեր ունեի սպորտի նկատմամբ, հատկապես մեծ թենիսի, իսկ հայրս կողմ էր, որ արվեստով զբաղվեմ և ընտրեց պարարվեստը։ Ես այն երեխաների շարքին եմ պատկանում, ով չցանկանալով հաճախեց պարի դպրոց, այնուհետև սիրահարվեց պարարվեստին և այն դարձրեց իր կյանքի գլխավոր ապրելաձևը:

Իմ առաջին պարուսույցը…

Եթե ինչ-որ մասնագիտություն ես ընտրում, ամենակարևոր դերը ուսուցչիդ է ստանձնում։ Ես ընդունվեցի և ավարտեցի Սոֆի Դևոյանի մշակույթի կենտրոնը, առաջին պարուսույցս եղավ Գայանե Մարտիրոսյանը, ով ինձ սովորեցրեց հավատալ սեփական ուժերին, և հենց նրա շնորհիվ է, որ ես սկսեցի սիրել պարը։ Առաջին ուսուցիչը մեր սեփական մասնագիտական կյանքում ունի շատ մեծ նշանակություն։

Առաջին բեմելս և ստացած տպավորություններս…

-Գիտեք, այլ բան է բեմում լինես խմբով, այլ բան է բեմում լինել միայնակ։ Պարուսույցս որոշեց մենապար բեմադրել ինձ համար, երբ ես դեռ 1 տարի էր՝ հաճախում էի պարի դպրոց։ Ես միշտ ինչ-որ նոր քայլ անելուց վախենում եմ, դա էլ բացառություն չէր, մինչ ելույթիս օրը վախը սրտումս էր, թե միայնակ բեմում կարող եմ ելույթ ունենալ այնպես, որ հանդիսատեսին գրավեմ։ Բեմը ինձ համար ադրենալին է: Երբ բեմ եմ դուրս գալիս, լինեմ մենակ, թե անսամբլի հետ, փորձում եմ հանդիսատեսի ուշադրությունը վերցնել ինձ վրա։ Ես պարելիս փորձում եմ այդ 3 րոպեն հաճույք ստանալ, այլ ոչ թե լարված հաշվարկով ելույթ ունենալ։

Պարը կենսակերպ դարձնելու վճռական քայլը…

Երբ անում ես ինչ-որ բան, պետք է անես կամ շատ լավ կամ պետք է պարզապես չանես։ Երբ ընտրեցի պարը որպես մասնագիտություն, պետք է լինեի բավականին տեղեկացված և պրոֆեսիոնալ, ոչ թե սիրողական մակարդակի։ Ընդունվեցի Երևանի պետական պարարվեստի ուսումնարան: Այնպիսի ուսուցիչներ էին դասավանդում, ովքեր թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս լավագույնն են։ Այնտեղ սովորելուն  զուգահեռ նաև հաճախում էի իմ առաջին սիրելի պարի դպրոց, որտեղ ունեցա համերգ և Սոֆի Դևոյանը նկատելով ինձ՝ կանչեց պարելու իր սեփական հոգու և պարի թատրոնում։ Դա ինձ համար աննկարագրելի ուրախություն էր՝ լինելով տարիքով այդքան փոքր, բայց պարել և դասեր ունենալ անձամբ Ս.Դևոյանի մոտ։ Ավարտելով պարարվեստի ուսումնարանը ընդունվեցի Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ, այնտեղ ստացա պարարվեստի ռեժիսորի կրթություն։ Սովորեցի ոչ միայն լինել արտիստ բեմում, այլ բեմադրել և հենց քո ստեղծած արտիստին և կերպարին ներկայացնել հանդիսատեսին։ Այնտեղ ավարտելուն պես՝ Ս. Դևոյանը հրավիրեց արդեն իր դպրոց ոչ թե պարուհի, այլ արդեն որպես պարուսույց։ Նա ինձ վստահեց մի ամբողջ պարի դպրոց, որ բեմադրեմ ներկայացում: Այդ ներկայացմանը մասնակցեցին 1000-ից ավել երեխա: Սկզբում դա անհնար էր թվում, բայց ես, եթե ունենում եմ նպատակ, պետք է ամեն կերպ հասնեմ դրան, և վերջ ի վերջո, եթե հավատացել էր իմ ուժերին իմ ուսուցիրը, ես իրավունք չունեի սխալվելու, և պատվով դուրս եկանք այդ պատասխանատվությունից։  Հետո արդեն սկսեցի աշխատել երեխաների հետ, իսկ երեխաների հետ աշխատելու համար պետք է լինես կատարյալ բանիմաց քո մասնագիտության մեջ, ես չեմ ասում պետք է իմանալ ամեն ինչ, ամեն ինչ իմանալ հնարավոր չէ, ուղղակի պետք է լինես բավական պրոֆեսիոնալ և կիրթ։ Որոշեցի ուսումս շարունակել Հայաստանից դուրս, մեկնեցի Մոսկվա, փորձեցի ընդունվել ժամանակակից արվեստի բուհ և մագիստրոսի կոչում ունենալ։ Հասկացա, որ սխալ որոշում չեմ կայացրել, երբ ընդունվեցի գերազանց բարձր գնահատականներով և այնտեղ մասնագետները ասացին. «Դու այնքան հետաքրքիր աղջիկ ես, մենք հաճույքով կաշխատենք քեզ հետ և հույս ունենք քո օրիգինալ մտքերով և բեմադրություններով բազում մրցանակներ կբերես մեր բուհին»։ Իսկ հիմա այն փոքրիկ երեխան, ով լացելով էր հաճախում պարի դասերին՝ մի քանի տարի անց ունի 120-ից ավելի աշակերտներ։

Դժվարություններ հաղթահարելը պրոֆեսիոնալ պարուհի դառնալու գրավական…

Պարը այն արվեստն է, որտեղ ոչինչ հեշտ չի տրվում։ Պետք է անցնես բազում դժվարություններ։ Գիտեք, այդ 3 րոպե ելույթի համար դու աշխատում ես ամիսներով։ Հանդիսատեսը չգիտի՝ դու ի՞նչ ճանապարհ ես անցել, նրան դա չի էլ հետաքրքրում, նա ներկա պահի գնահատողն է, դրա համար պետք է աշխատանքդ փորձես անել անթերի։

Պարի բնագավառում գրանցած հաջողություններս…

Մրցույթների մասնակցել եմ տարիներ առաջ և չեմ ընդունում, երբ ասում են կարևորը մասնակցությունն է, ո՛չ, եթե դու կարծում ես` կարող ես մրցել ինչ-որ մեկի հետ, ուրեմն պետք է մտածես միայն հաղթանակի մասին։ Ներկա պահին պատրաստվում եմ աշակերտներիս տանել Հայաստանից դուրս մասնակցելու միջազգային մեծ փառատոնի, որտեղ Հայաստանը միայն մեր խումբն է ներկայացնելու, և մտածում եմ միայն հաղթանակի մասին։ Փառատոնին իրենց մասնակցությունն են ունենալու տարբեր երկրների ներկայացուցիչներ։

Սովորել ու սովորեցնել… Պարելու և պարել սովորեցնելու տարբերություններն ու բարդությունները…

Կարող ես լինել լավ պարուհի, բայց վատ բեմադրող, կարող ես լինել լավ բեմադրող, բայց վատ մանկավարժ։ Դրանք բոլորը տարբեր բաներ են, ես փորձում եմ երեքն էլ համատեղել՝ պահելով բալանսը։ Սիրում եմ իմ այդ երեք մասնագիտությունները, բայց չեմ կարող առանձնացնել մեկը մյուսից։ Աննկարագրելի սիրում եմ աշխատել երեխաների հետ, փոխանցել իրենց այն, ինչ գիտեմ ես։ Ես նրանց հետ և՛ շատ խիստ եմ և՛ մեղմ: Փորձում եմ ավագ ընկեր լինել նրանց։ Կարծում եմ երեխաների հետ աշխատելու համար պետք է նաև լինես հոգեբան, ամեն երեխա ունի իր ներքին աշխարհը, դու պետք է ընկալես այն ճիշտ և իր ձևով, չես կարող լինել նույնը բոլորի հետ, բայց պետք է չառանձնացնես ոչ մեկի։ Վստահ կարող եմ ասել, եթե հիմա հարցնեք իմ սաներին, թե ում է ամենաշատը սիրում ընկեր Տաթևը, նրանք կպատասխանեն բոլորիս առանց բացառության։

Աշակերտներս ու իրենց արկածները…

Աշակերտներս կյանքս գույներով են լցնում։ Շատերն ասում են՝ քո սաները քո երկրպագուներն են։ Եթե աշխատում ես երեխաների հետ, պետք է օրինակ ծառայես նրանց ամեն հարցում։ Նրանց հետ կապված շատ արկածներ կան, այսինքն այդպիսի օր չկա, որ արկած չլինի, այնքան շատ են, որ չգիտեմ, որը պատմեմ, բայց երևի հենց այսօրվա դեպքը։ Դասի ընթացքում բոլորը իրենց  հեռախոսները դնում են մի տեղ, երբ դասի ավարտն էր արդեն ուզում էի ժամ նայել, տեսա էկրանին իմ նկարը,  զարմացած հարցրեցի, թե ու՞մ հեռախոսն է, որ իմ նկարն է դրված, բոլորն ասեցին իմ(ծիծաղում է): Պարզվեց բոլորի էկրանին իմ նկարն էր:

Ոգեշնչվել ու կարողանալ ոգեշնչման աղբյուր հանդիսանալ բեմում…

Իմ ոգեշնչման աղբյուրներն իմ պարուսույցն ու աշակերտներն են։ Երբ բեմադրություն եմ անում պրոֆեսիոնալ պարուհիների համար, և ուսուցիչս ՝ Ս.Դևոյանը իր գնահատականը պետք է տա, դա ինձ պարտավորեցնում է, որպեսզի անեմ անթերի։ Նույնն էլ իմ աշակերտները, նրանք ամեն ինչ անում են, որ ինձ գոհացնեն:

Խորհուրդներ, որոնք ստացել եք պարուսույցներից…

Երբեք չընկճվել, լինել միշտ օրինակելի, հավատալ սեփական ուժերին և փորձել միշտ ներկայանալ լավագույնս, լինել լիդեր բեմում, կարողանալ հանդիսատեսին գոհացնել և, ամենակարևորը, լինել տարբերվող։ Իմ ամենասիրելի զբաղմունքն է նստել և ժամերով լսել Ս. Դևոյանին. նա ոչ միայն պարի ուսուցիչ է, այլ նաև կյանքի։

Առաջիկա պլաններ…

Ներկա պահին պատրաստվում ենք մեծ մենահամերգի, որը տեղի կունենա մայիսի 28-ին Հակոբ Պարոնյանի երաժշտական պետական թատրոնում։ Լինելու են բազմաթիվ բեմադրություններ, որոնց մի մասի հեղինակը ես եմ, մյուսը պարուսույց Գոհարիկ Մուրադյանը։ Իսկ 2 ամսից արդեն պատրաստվում ենք մրցույթների երկրից դուրս։

 

Հարցազրույցը` Լուսինե Հովհաննիսյանի

4-րդ կուրս

Կիսվել