«ԲՈԼՈՐՍ ՄԻԱՍԻՆ ՔԱՅԼԵՆՔ ԴԵՊԻ ԱՊԱԳԱ». ՀՐԱՆՏ ԱՎԱՆԵՍՅԱՆ

«ԲՈԼՈՐՍ ՄԻԱՍԻՆ ՔԱՅԼԵՆՔ ԴԵՊԻ ԱՊԱԳԱ». ՀՐԱՆՏ ԱՎԱՆԵՍՅԱՆ

2206

«Նման մասնագիտական հավաքը շատ ավելի խորն է ու լայն իր բովանդակությամբ, քան առաջին հայացքից կարող է թվալ։ Այս ցուցահանդեսը մեր իրականության մեջ ձևավորում է մեր՝ հոգեբանների ընտանիքը»,- ասաց ԵՊՀ-ի Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դեկան, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ Ալեքսան Բաղդասարյանը «Հոգեբանական վերնիսաժ EXPO 2018» ցուցահանդեսի ժամանակ:

Արդեն թվով 9–րդ հոգեբանական վերնիսաժը տեղի ունեցավ մայիսի 15-ին ԵՊՀ-ի Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում։ Ցուցահանդեսը իրականացվեց Ընդհանուր հոգեբանության ամբիոնի Կառավարման հոգեբանության  մասնագիտացող մագիստրոսների կողմից։

Վերնիսաժը հոգեբանական EXPO է, որի ժամանակ հավաքվում են Հայաստանում գործող ամենատարբեր հոգեբանական կենտրոններ և կազմակերպություններ։ Վերջիններս ներկայացնում են իրենց գործունեությունն ու մատուցվող ծառայությունները, որոշներն էլ պրակտիկայի և աշխատանքի հնարավորություն են տալիս բուհի ուսանողներին:

Ցուցահանդեսի նպատակներն էին՝ հանրությանը իրազեկել ժամանակակից հոգեբանության և հարակից մասնագիտությունների մարտահրավերներին, նպաստել բակալավրիատի ուսանողների մասնագիտական կողմնորոշմանը, տալ տարբեր մասնագիտացումներով ուսանողներին ինքնադրսևորվելու, աշխատաշուկայում կողմնորոշվելու հնարավորություն, նպաստել ուսանողների և շրջանավարտների միջև կապերի հաստատմանն ու ամրապնդմանը:

«Հոգեբանական վերնիսաժ ասվածը եկել է ուսանողներից։ Այս վերնիսաժի նպատակը ծնվեց, երբ մենք  10 տարի առաջ հիմնեցինք կառավարման և կազմակերպչական հոգեբանության մասնագիտացումը»,- ասաց վերնիսաժ EXPO-ի շրջանակներում տեղի ունեցած միջոցառման ընթացքում Ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ «Կառավարման հոգեբանություն» ծրագրի ղեկավար, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանտ Ավանեսյանը և հավելեց. «Վերնիսաժի նպատակն է համագործակցություն, ուսանողների նախաձեռնողականություն և կարիերայի կառուցում»։

Պարոն Ավանեսյանն իր ելույթի ընթացքում, դիմելով դահլիճում նստած ֆակուլտետի ուսանողներին, ասաց․ «Մենք պարտավոր ենք ձեզ համար ստեղծել բոլոր պայմանները և պետք է աջակցենք այդ գործում»։

«Վերնիսաժը ամեն տարի մի նոր շունչ  ու ձևաչափ է ստանում։ Վերջինս արձագանքում է հասարակության մարտահրավերներին։ Այս ամենը կարող են անել միայն երիտասարդները, ովքեր լի են եռանդով, գիտելիքով ուժով և անպայման նայում են դեպի ապագա»,- իր խոսքը ավարտեց Ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ Հրանտ Ավանեսյանը։

«Վերնիսաժ-EXPO կարգախոսը՝ «Քայլ արա» ուղեղային գրոհի միջոցով ստեղծել ենք մոտ 3 ամիս առաջ։ Ստացվեց այնպես, որ մենք այս կոչը տեսանք ստեղծումից 1-2 ամիս հետո արդեն մեր փողոցներում, հրապարակներում։ Մենք համահունչ քայլեցինք այս կարգախոսի հետ»,- մեզ հետ անկեղծացավ Հոգեբանական վերնիսաժ EXPO-ի կազմակերպիչ, հ․գ․թ, դոցենտ Էլինա Ասրիյանը։

Հոգեբանական EXPO-ի կազմակերպիչ, հ․գ․թ․, դոցենտ Էլինա Ասրիյանը ասաց, որ յուրաքանչյուր EXPO-ից հետո 5-7 ուսանող անպայման աշխատանք է գտնում։ Վերջինս նաև  հավելեց․«Սա, կարծում եմ, ամենամեծ հաջողություններից մեկն է»։

«Յուրաքանչյուր նոր ստեղծվող կազմակերպություն, որը ուզում է աշխատել հոգեբանության դաշտում չի կարող լինել մեկուսացած։ Այս միջոցառման շնորհիվ նաև կլինի  այդ համագործակցությունը։ Երբ հավաքվում են մասնագետներն ու ներկայացնում իրենց աշխատությունները»,- մեզ հետ զրույցում ասաց  Ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտութունների դոկտոր, պրոֆեսոր Հրանտ Ավանեսյանը։

Վերնիսաժ EXPO—ի շրջանակներում տեղի ունեցավ նաև մրցանակաբաշխություն։ Տարբեր անվանակարգերում պարգևատրվեցին մի շարք դասախոսներ։

 

Կատարինե Ղարսլյան

4-րդ կուրս

Կիսվել