«ԹՈՂ ՍԵՐԸ ԼԻՆԻ ԱՅՍ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԸ» . ԾՈՎ ALIZE՛ ԲԱՆՈՒՉՅԱՆ

«ԹՈՂ ՍԵՐԸ ԼԻՆԻ ԱՅՍ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԸ» . ԾՈՎ ALIZE՛ ԲԱՆՈՒՉՅԱՆ

1774

Արվեստաբան, գրող Ծովինար Բանուչյանը (գրական անունը՝ Ծով Ալիզե Բանուչյան), որ 2010 թվականից ապրում եւ սովորում է Ֆրանսիայում, Թավշյա հեղափոխության օրերին շտապեց Հայաստան՝ միանալու խաղաղ անհնազանդության պայքարին: Ծովինարը 28 տարեկան է եւ արդեն՝ երկու գրքի հեղինակ: Նրա որոշ բանաստեղծություններ հուշում են՝ սա նաեւ իր կիսատ թողած պայքարն էր, որ սկսվել էր դեռ 2008 թվականին… Այսօր արդեն հետադարձ հայացքով Ծովինարը նկատում է՝ ժողովրդի՝ տարիներով լցված համբերության բաժակն ի վերջո պիտի ջարդվեր նախորդ իշխանությունների գլխին, եւ հենց դրա ականատեսն էլ մենք եղանք:

-Ինչպիսի՞ն էր առաջին արձագանքդ, երբ իմացար քայլարշավի մեկնարկի մասին:

-Հումորով, բացարձակապես չպատկերացնելով, որ այդ քայլերը կքառապատկվեն, իսկ հետո կհասնեն հազարների։ Այնպես որ, անկեղծ կլինեմ. մեկնարկից շաբաթներ անց ես պարզապես հիացած էի այդ մարդկանց ռոմանտիզմով, միևնույն ժամանակ` վճռականությամբ ՝ ապացուցելու, որ այն, ինչ մեզ դեռ անհնար էր թվում, միանգամայն հնարավոր էր, որ փոքր քայլերով անգամ կարելի էր հեռուն գնալ:

-Շարժման սկզբնական զարգացումներին հետևում էիր Ֆրանսիայից: Ինչպիսի՞ն էր այն հեռվից, կողքինի աչքով:

-Հենց որ շարժման մարտավարությունը փոխվեց, և վաղ առավոտից սկսեցին պարալիզացնել ողջ քաղաքը, ես սկսեցի վստահել ու հավատալ, որ սա մեծ փոփոխությունների սկիզբ է: Այդ ապակենտրոն պայքարը համապատասխանում էր մեր ժողովրդի խառնվածքին ու բնավորությանը, եւ դրա շնորհիվ, երբ ամեն մեկը դարձավ իր փողոցի, իր բակի, իր տան «առաջնորդը», եղավ այն, ինչ եղավ:

-Աչքիդ առաջ ունենալով 2008 թ-ի փորձը` ի՞նչ արդյունք էիր ակնկալում այս շարժումից, արդյո՞ք հավատում էիր հաղթանակին, թե՞ ինչպես շատերի դեպքում, քեզ մոտ էլ կար մարտիմեկյան վախը:

-Մարտի մեկին և այդ ողբերգական օրվան հաջորդած օրերին թե զոհերը, թե նրանց ընտանիքները և թե հանիրավի բանտ նետված քաղբանտարկյալներն ու նրանց երեխաները առաջին հարվածը վերցրին իրենց վրա: Իզուր չէ, որ հարթակից  մի քանի անգամ ասվեց՝ մարտի մեկ էլ չի լինելու: Իհարկե չէր լինելու, չպետք է լիներ, մեզանից յուրաքանչյուրը չպիտի թույլ տար այդ ողբերգության կրկնությունը։ Այս շարժումից ես ակնկալում էի, որ ժողովուրդը վերջապես կհասկանա՝ երբ մենք շատ ենք, մեզ ոչինչ չի սպառնում: Իսկ վերջնական հաղթանակին ես կհավատամ, երբ Հայաստանում այլևս չլինեն քաղցած քուն մտնող երեխաներ։

Ի՞նչը ստիպեց քեզ թողնել ամեն բան ու գալ Հայաստան, ու արդյո՞ք դա հեշտ տրվեց. անհետաձգելի գործեր, դասեր չկայի՞ն, թե՞ այս դեպքում ամեն բան երկրորդական էր դարձել:

-Կային, բայց այդ շրջանը համընկավ համալսարանի գարնանային արձակուրդի հետ, իսկ դրանից հետո արդեն համալսարան գնալն էլ էր անհնար, քանի որ այնտեղ էլ խնդիրներ կային. մասնաշենքերից մեկում բնակվող էմիգրանտներին աջակցող ասոցացիաները փակել էին համալսարանի մուտքը եւ խոչընդոտում էին անգամ ադմինիստրացայի աշխատանքին… Ինչ վերաբերում է մյուս գործերին, ամեն ինչ կարելի էր հետաձգել թեկուզ մեկ օր հրապարակում լինելու և այդ էներգիան վերապրելու համար։

-Դու Հայաստան հասար Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո միայն: Կա՞ր մտավախություն, որ անհնազանդության գործողություններին չես հասցնի մասնակցել. չէ՞ որ դու գալիս էիր քո կարողացածի չափով քո կռիվը տալու:

-Ճիշտն ասած, երբ Սերժ Սարգսյանը հիշեցրեց մարտի մեկի մասին, ես արդեն տոմսս գնել էի, և իմ միակ մտավախությունն այն էր, որ ոչ թե անհնազանդություններին չեմ մասնակցի, այլ որ կարող է հանկարծ ուժ կիրառվել, և ես չլինեմ իմ հարազատների ու ընկերների կողքին։ Խորը շունչ քաշեցի, երբ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, քանի որ մարտի մեկով իշխանության եկած նախագահը չէր բացառվում, որ որոշեր նույն կերպ էլ հեռանալ։ Գիտեք, մի ժամանակ, հատկապես 2008 թվականից հետո, անհնազանդության փորձեր այնքան էինք անում, որ մեզ անդադար հետևում էին, երբեմն նույնիսկ չէինք հասցնում ակցիայի համար նախատեսված վայր հասնել, որովհտեւ մեզանից տասն անգամ ավել թվով ոստիկան փակում էր մեր ճանապարհը, բռնի ուժ կիրառում… Ես գիտեմ՝ ինչ է անհնազանդությունը դեռ շատ վաղուց, եւ այսօր ուրախ եմ, որ այն «վարակի» պես տարածվեց, հասավ ամեն շենք ու բակ:

-Ո՞րը եղավ առաջին քայլդ Հայաստանում, առհասարակ, ի՞նչ ձևով մասնակցություն ունեցար:

-Մասնակցեցի, ինչին հասցրի։ Երբ հրապարակում էի, ամեն քայլափոխի ծանոթների էի տեսնում, գրեթե բոլոր ընկերներիս զգուշացրել էի, որ եկել եմ՝ անհնազանդ Երևանը վայելելու: Միայն թե պիտի խոստովանեմ, որ իմ եկած ժամանակ, անկախ նրանից, որ հանրապետականները առաջին քվեարկությունը տապալեցին, այնուամենայնիվ, արդեն քաղաքում առաջվա վախի մթնոլորտը չկար, չկար լարվածություն, և անհնազանդության ակցիաներն էլ արդեն «ժամանցի» էին վերածվել։

-Ըստ քեզ` ինչու՞ այս անգամ հաջողեց պայքարը, ո՞րն էր գլխավոր պատճառը:

-Տասը տարի տանել մարտի մեկով իշխանության եկած նախագահին և սահմանադրական այդ տխրահռչակ փոփոխություններից հետո նրան հնարավորություն տալ շարունակելու հարստահարել երկի՞րը. ոչ, եւ վերջ, ինչպես կասեր Նիկոլ Փաշինյանը։ Փաշինյանի եւ նրա թիմակիցների, ինչպես նաև «Մերժիր Սերժին» նախաձեռնության  անդամների մարտավարությունը շատ ճիշտ էր ընտրված։ Ինչպես արդեն ասացի, ապակենտրոն պայքարն էր հաղթանակի կարևոր գրավականը, դրան գումարած՝ արդեն ամիսներ առաջ տարբեր խնդիրների համար պայքարող ակտիվ ուսանողությունը։

-Սա ինչի՞ հեղափոխություն էր քեզ համար. նյարդերի, արժեքների…

Սա ժողովրդի հեղափոխությունն էր՝ յուրաքանչյուրին հատուկ արժեքներով և յուրաքանչյուրի ներսում ապրված նյարդերով: Պատահական չէ, որ հրապարակում մենք ճանաչեցինք մեզ. մենք տարբեր էինք, բայց բոլորս մի բանի համար էինք այնտեղ. որ իշխանությունը վերադարձվի ժողովրդին։ Իսկ թե ինչքանով ենք մենք պատրաստ սերն ու հանդուրժողականությունը դարձնել տևական կամ իսկապես արժեհամակարգի մի մաս, ցույց կտա ժամանակը:

-Կա՞ մեկը, ով դարձավ հեղափոխության քո հերոսը/խորհրդանիշը:

-Ըստ իս՝ այս հեղափոխությունը հերոս չունի, քանի որ յուրաքանչյուրը մի հերոս էր։ Հավատացեք՝ կգա ժամանակ, երբ մարդիկ հազիվ կհիշեն Իռայի ամուսնուն, Լեյլա տատիկին եւ կամ Նիկոլ Փաշինյանի հազը… ժողովուրդն այնքան արագ է մոռանում ամեն բան: Պարզապես կհիշեն, որ արել են իրենց քայլը, և դա ամենակարևորն է։ Բայց օդում շատ սեր կար, եւ թող դա էլ լինի այս հեղափոխության խորհրդանիշը:

-Ինչ-որ շոշափելի փոփոխություններ նկատե՞լ ես արդեն:

-Իհարկե, կարծում եմ՝ նոր կառավարությունը արդեն հասցրել է արդարացնել իրեն: Մենք ամեն օր տեսնում ենք այդ փոփոխությունները, մնում է՝ մեզանից յուրաքանչյուրը փոխվի, քանի որ Հայաստանում դեռ շրջում է ծանոթ-սանիկ հարաբերությունների ուրվականը։

-Հիմա` այս ամենից հետո, վերադառնալու միտք կա՞, առհասարակ, ի՞նչ ծրագրեր ունես` կապված Հայաստանին:

– Ես գնալուն ու վերադառնալուն մի քիչ այլ կերպ եմ վերաբերվում. մարդիկ ապրում, սովորում եւ աշխատում են այնտեղ, որտեղ տեսնում են այդ հեռանկարը եւ բավարարում ներշնչքանի ծարավը: Իսկ Հայաստանին կապված ծրագրեր միշտ էլ լինում են, քանի որ ես ստեղծագործող մարդ եմ, և իմ ստեղծագործելու լեզուն հիմնականում հայերենն է: Այս ամռանը Հայաստանում կանցկացնեմ թվային արվեստի հետ կապված սեմինար( իմ գիտական աշխատանքը հենց թվային արվեստին է առնչվում), կներկայացնեմ, թե ինչ է դա, և կփորձեմ հետագա նախագծերի մասին պայմանավորվածություններ ձեռք բերել։

 

Հարցազրույցը՝ Միլնա Խաչիկյանի

2-րդ կուրս

Կիսվել