ՊԱՅՈՒՍԱԿ՝ ԼԻ ԾԱՆՈԹԱՑՄԱՆ ՈՒ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԽԱՂԵՐՈՎ

ՊԱՅՈՒՍԱԿ՝ ԼԻ ԾԱՆՈԹԱՑՄԱՆ ՈՒ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԽԱՂԵՐՈՎ

1230

Դասընթացավարները, ուսուցիչներն ու կրթական հաստատությունները այսուհետ կարող են երեխաների հետ աշխատել՝ ունենալով մի պայուսակ՝ լի ծանոթացման ու զարգացման խաղերով:

«Երիտասարդները հանուն զարգացման» հիմնադրամը հունվարի 31-ին ներկայացրեց նոր գաղափար՝ պայուսակ, որտեղ հավաքված են 70 մանրամասն նկարագրված խաղեր՝ իրենց անհրաժեշտ պարագաներով: Նպատակը ոչ ֆորմալ դասընթացը կազմակերպելն է, երեխաների ծանոթությունը ապահովելն ու թիմի մեջ հեշտ ինտեգրելը:

Հիմնադրամի գործադիր տնօրեն Խաչիկ Աբաջյանի խոսքով՝ իրենք տարբեր տարիքային խմբերի երեխաների համար դասընթացներ են կազմակերպում, որոնց ընթացքում բազմապիսի ինտելեկտուալ խաղեր են խաղում.

«Դասընթացներից մեկի ժամանակ մի երեխա հարցրեց, թե ինչու այս բոլոր խաղերը չենք համախմբում մեկ ամբողջական փաթեթում, և մենք էլ մտածեցինք, որոշեցինք ու ստեղծեցինք այս պայուսակը»,- ասաց Խ. Աբաջյանը:

Ծրագրի համահեղինակ Դիանա Մարգարյանը ուրախ է, որ գաղափարն իրականություն է դարձել.

«Մենք ուղիղ 6 ամիս աշխատել ենք այս ծրագրի շուրջ և այսօր տեսնում ենք արդյունքը»։

Հեղինակների խոսքով՝ եղած խաղերը մշակվել են, նորերը՝ թարգմանվել հայերեն:

Հարկ է նշել, որ պայուսակը որոշ ժամանակ եղել է Կրթության ազգային ինստիտուտում. մասնագետներն ուսումնասիրել են, խաղացել խաղերը, շտկումներ մտցրել, իսկ վերջում Կրթության և գիտության նախարարությունը հաստատել է այն որպես ուսումնական նյութ:

Պայուսակի շնորհանդեսին ներկա էին կրթական կազմակերպությունների տնօրեններ և դասընթացավարներ: Նրանց դուր է եկել գաղափարը, ոմանք նույն օրը պատվիրեցին մեկական պայուսակ:

Հայաստանի Վիկիմեդիայի գործադիր տնօրեն, ավագանու անդամ Գայանե Վարդանյանը հայտնվել է այնպիսի իրավիճակներում, երբ հրատապ պետք է եղել փորձարկել որևէ խաղ, և դժվար է եղել հիշել ու ձեռքի տակ ունենալ անհրաժեշտ պարագաներ.

«Այսպիսի ամբողջական փաթեթի շնորհիվ ցանկացած իրավիճակում կարող ես ընտրել մի տարբերակ՝ խմբի աշխատանքին խաղով միջամտելու համար»,- նշեց Գայանե Վարդանյանը:

«Ողջունում եմ այս նոր նախաձեռնությունը և համոզված եմ, որ այն կիրառվելու է տարբեր խմբերի ու դասընթացավարների կողմից, և մեծ արդյունքների ենք հասնելու՝ երիտասարդների զարգացման և նախաձեռնողականության բարձրացման տեսանկյունից»,- ասաց Հայաստանի Մանուկների հիմնադրամ, Երեխայի և ընտանիքի աջակցության ծրագրի ղեկավար Լուսինե Սաղումյանը:

Նշենք նաև, որ պայուսակները կարելի է ձեռք բերել՝ դիմելով «Երիտասարդները հանուն զարգացման» հիմնադրամի ֆեյսբուքյան էջին:

Միլենա Մովսեսյան

2-րդ կուրս

Կիսվել