ԻՆՉՊԵՍ ԸՆՏՐԵԼ ՍՆՆԴԱՄԹԵՐՔ

ԻՆՉՊԵՍ ԸՆՏՐԵԼ ՍՆՆԴԱՄԹԵՐՔ

1627

Սննդամթերքի ընտրության հարցում պետք է լինել զգոն, քանի որ հենց սննդից է սկսվում, ինչպես նաև վերջանում առողջությունը։ Այսօր շուկայում կարելի է հանդիպել ամենատարբեր, երբեմն էլ անհայտ, ծագման սննդամթերքի։

  Այս խնդրով զբաղվում է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը։ Սննդաբաններն էլ իրենց հերթին ահազանգում և հորդորում են սպառողներին ուշադիր լինել և ցանկացած խնդրի դեպքում բարձրաձայնել։ «Հարկավոր է միայն  հետևել՝ սահմանված չափանիշները պահպանվում են, թե՝ ոչ, խախտում նկատելու դեպքում էլ անմիջապես բարձրաձայնել դրա մասին: Ուշադիր լինել՝ արդյոք ապրանքի վրա կա հայերեն մակնշում, որը ներառում է անվանումը, բաղադրությունը, օգտագործված սննդային հավելումների ցանկը, արտադրման ամսաթիվը և պիտանելիության ժամկետը, պահպանման պայմանները, տեղեկատվություն արտադրողի կամ ներմուծողի մասին»։ Մեզ հետ զրույցում ասաց սննդաբան Գայանե Ղազարյանը։

  Սպառող Լիլիթ Պետրսյանն ասում է, որ խախտում նկատել է։ Գնված ըմպելի յոգուրտի մեջ բորբոս է եղել, սակայն շարունակում է օգտվել նույն ապրանքատեսակից։ «Դե հիմա բան է, պատահել է, դրա համար չեմ ուզում հրաժարվել իմ սիրելի յոգուրտից։ Ես առհասարակ որևէ բան գնելիս ժամկետներին էլ չեմ նայում»,-հավելում է Լիլիթը։

  Ամեն ինչ այլ է սպառող Տիգրան Մկրտչյանի դեպքում․ «Ես միշտ ցանկացած ապրանք գնելիս ծանոթանում եմ և՛ ժամկետին, և՛ արտադրողին։ Եթե ապրանքը թարմ է, իսկ ծագումը ինձ անծանոթ, միևնույն է, չեմ գնում»։

  Մասնագետները նշում են, որ ամենակարևորը հիգիենային հետևելն է։ Սննդամթերքի հիգիենիկ պահպանման և օգտագործման համար պետք է համապատասխան պայմմաններ ստեղծվեն ինչպես արտադրողի կողմից արտադրության գործընթացում, այնպես էլ սպառողի կողմից տանը օգտագործելիս։

  Սննդի անվտանգության տեսանկյունից մեծ վտանգ են ներկայացնում տանը պատրաստված պահածոները։ Եթե արտադրության ընթացքում կարելի է վերահսկողություն իրականացնել և խախտումների դեպքում կասեցնել արտադրողի գործունեությունը, ապա տանն ամեն ինչ այլ է։ Այստեղ ևս սննդաբան Գայանե Ղազարյանը լուծում ունի․ «Պարզապես պետք է պահպանել հիգիենայի կանոնները, այն է՝ սննդամթերքը լավ լվանալ և լավ եփել պահածոյացնելուց առաջ»։

Մյուս կարևոր խնդիրներից է փողոցային առևտուրը։ Խուսափեք փողոցային առևտրի կետերից օգտվելուց, մասնավորապես՝ մի գնեք արևի տակ վաճառվող  հրուշակեղեն, ձու, սունկ, և ձկնամթերք։ Այս դեպքում շրջանառվող և իրացվող սննդամթերքի համար ծագման աղբյուրը հասկանալը կամ բացահայտելը գրեթե անհնար է:

Այս ամենը վկայում է այն մասին, որ ամեն ինչ մեր ձեռքերում է, վերահսկողություն էլ հնարավոր է իրականացնել համապատասխան գիտելիքի առկայության դեպքում: Մի փոքր ուշադրություն, վտանգ պարունակող սննդամթերքից հրաժարում, խնդրի բարձրաձայնում, և կարելի է շրջանցել ռիսկերն ու չվտանգել ձեր և   ձեր հարազատների կյանքը:

Սոնա Մելիքյան

4-րդ կուրս

Կիսվել