ԼՈՒՍԱՎՈՐ ԵՐԵԽԱՆԵՐ, ՈՎՔԵՐ ՈՒՆԵՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔԸ

ԼՈՒՍԱՎՈՐ ԵՐԵԽԱՆԵՐ, ՈՎՔԵՐ ՈՒՆԵՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔԸ

1425

«Նրանք լուսավոր, տաղանդավոր, շատ բարի երեխաներ են, ովքեր ունեն մեր օգնության կարիքը»,-նշեց տիկին Գասպարյանը։

Աբովյանի թիվ 7 հիմնական դպրոցը ներառական է։ 2014 թվականից ընդգրկվել է ներառական կրթություն իրականացնող դպրոցների ցանկում։ Դպրոցի տնօրեն Գոհար Գասպարյանը խոսեց սկզբնական խոչընդոտների մասին։

«Երբ եկավ հրաման, որ դպրոցը ընդգրկված է ներառական կրթություն իրականացնող դպրոցների ցանկում, գումարվեց առաջին մանկավարժական խորհրդի նիստը, և, բնականաբար, ոչ բոլորի արձագանքն էր դրական, քանի որ դասարաններում միջինը 25-30 աշակերտ է, և 45 րոպեի ընթացքում դժվար է դասագրքի նյութը ամբողջությամբ բացատրել, իսկ տվյալ պարագայում, եթե դասարանում էլ կան որևէ առողջական խնդիրներ ունեցող երեխաներ, նրանց դասընթացի ընթացքում նույնպես պետք է յուրահատուկ ուշադրություն։ Ծնողների կողմից էլ սկզբում եղան բացասական արձագանքներ, մի քանի անգամ պարբերաբար անցկացվեցին ծնողական ժողովներ, որպեսզի կարողանանք բացատրել իրավիճակը և ընդհանուր կրթական համակարգը»,-նշեց տիկին Գասպարյանը։

Ներառական կրթությունը ցանկացած երեխայի իրավունքների պաշտպանության կարևոր բաղադրիչներից է: Այն բացառում է ամեն տեսակ խտրականություն երեխաների նկատմամբ և սովորելու հնարավորություն է տալիս հանրակրթական դպրոցում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց:

«Սկզբնական շրջանում նաև մտավախություն կար, թե ինչպիսի արձագանք կտան համադասարանցիները, ի ուրախություն մեզ՝ նրանց արձագանքը դրական էր։ Երեխաները օգնում են առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց, շատ հոգատար են և ուշադիր նրանց նկատմամբ, շատ անգամ ինքս եմ ականատես եղել, երբ դասընկերներն են օգնում նրանց և ուղեկցում դեպի ռեսուրս սենյակ։ Ծնողները նույնպես նկատել են դա, և նշում են, որ նրանց երեխաները դարձել են էլ ավելի հոգատար և նրբանկատ»,- նշեց տիկին Գասպարյանը։

Ներառական կրթական համակարգում դասավանդելու համար քիչ է լինել պարզապես մանկավարժ։ Ուսուչիցները պետք է անցնեն հատուկ վերապատրաստում, որպեսզի կարողանան դասավանդել նաև առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց:

Դպրոցում կա նաև բազմամասնագիտական կոլեկտիվ։ Ուսուցչի օգնական, դաստիրակ, հոգեբաններ և սոց մանկավարժ։ Նրանք նշեցին, որ երեխաների մոտ առաջընթաց կա, շատ դեպքերում նրանք փորձում են հասնել կողքի ընկերոջը։ Կային երեխաներ, որ սկզբնական շրջանում չէին կարողանում քայլել, բայց հիմա նրանք դասընկերների օգնությամբ կարողանում են տեղաշարժվել։

Դպրոցի տնօրենի արձագանքը, ներառական կրթություն իրականացնելու մասին, դրական է։ Նշում է, որ երեխաները շատ երախատապարտ են, և անգամ այն հանգամանքը, որ նրանք արտաքին աշխարհի հետ հաճախ սերտ կապի մեջ չեն, նրանց էլ ավելի մաքուր է դարձնում և զերծ այդ արատավոր երևույթներից․ նրանց մաքրությունը և պարզությունը միշտ տաք մթնոլորտ է ստեղծում դպրոցում։

Թերեզա Հովհաննիսյան

2-րդ կուրս

Կիսվել