ՄԻԿՐՈԱՇԽԱՐՀԻ ՀՍԿԱՆԵՐԸ

ՄԻԿՐՈԱՇԽԱՐՀԻ ՀՍԿԱՆԵՐԸ

1279

Էդուարդ Տեր-Ղազարյանը միակն էր, ում հաջողվեց մեծ հանճարներ Չապլինին և Պագանինիին «տեղավորել» ասեղի անցքի մեջ, շարժվող միկրոֆիգուրներով  «Գուլիվերը և լիլիպուտները»՝ մարդու մազի վրա, ստեղծել ասեղի ծայրին քանդակված ուղտերի քարավանը, մազի ծայրին՝ Ազատության արձանը, իսկ մետաղի փշուրի վրա՝ խաչքարն ու Հիսուսի դիմապատկերը: Նրա միկրոգլուխգործոցները որպես նվեր ստացան Ինդիրա Գանդին, Խրյուշչովը, Եղիսաբեթ Երկրորդը, Ստալինը, Ռոքֆելլերը և այլ աշխարհահռչակ մարդիկ: Նրան անվանեցին «հայկական» դա Վինչի, ում լոսանջելեսյան ցուցահանդեսը դեռ 1977 թվականին Los Angeles Times-ը անվանեց «աշխարհի 8-րդ հրաշալիք»:

  Հայտնի վիրաբույժ Սվյատոսլավ Ֆյոդորովի խնդրանքով՝ Ղազարյանը պատրաստեց գերբարակ միկրոասեղներ աչքերի վիրահատության ժամանակ կար դնելու համար, իսկ ակնաբույժ Յարոսլավ Ֆյոդորովի հետ համատեղ նա ստեղծեց հատուկ բյուրեղային ոսպնյակ։ Հենց նա ստեղծեց աշխարհի ամենափոքր ջութակը: «Մի լարանոց ջութակի վրա նվագել ենք միայն ես և Պագանինին» ,- համեստորեն ասել է Տեր-Ղազարյանը: Մի անգամ Խրյուշչովը Հնդկաստանի կառավարությունից նվեր ստացավ կարի ասեղ՝ վրան քանդակված յոթը փղերով։ Գլխավոր քարտուղարին նվերը շատ դուր եկավ, բայց նա տխրեց, որ ԽՍՀՄ-ում չկան նման արհեստավորներ։ Դրանից քիչ ժամանակ անց Երևանից Դելի ուղարկվեց մի ծանրոց. մեկ սանտիմետր երկարությամբ մազի վրա Էդուրադ Տեր-Ղազարյանը տեղավորել էր 300 փղերի և գրել․ «Կեցցե խորհրդա-հնդկական բարեկամությունը»։

   Միկրոաշխարհի  նրա ստեղծած առեղծվածային գաղտնիքները դեռ ոչ մի գիտանականի չի հաջողվել  բացահայտել: Միակ մարդը, ով կարողանում է հասկանալ արվեստի գաղտնիքները ու գնալ նրա հետքերով, արվեստագետի անվանակից թոռնիկն է: Տեր-Ղազարյան կրտսերը հանճարեղ պապից ոչ միան անունն է ժառանգել, այլև՝ արվեստը: Մասնագիտությամբ երաժիշտ, երաժշտական գործիքների մեծ վարպետ, նկարիչ, կենսաբան, քիմիկոս, գիտանական Տեր-Ղազարյանի ազդեցությունը մեծ է եղել թոռան վրա, որն իր հերթին ամենայն պատասխանատվությամբ է վերաբերվում որպես ժառանգորդ և աշակերտ յուրացրած այդ պատվավոր գործին: «Ես ցավ եմ ապրում, որովհետև մենք վերջին մի քանի տարին էինք միասին աշխատում և այդ ժամանակ ես սկսեցի ճիշտ ճանաչել իրեն, բայց շատ քիչ հնարավորություն ունեցանք շփվելու՝ որպես պապ ու թոռ, ուսուցիչ ու աշակերտ: Նա ամբողջովին փոխեց իմ կյանքը, իմ իրավաբանի մասնագիտությունը, աշխարհայացքը, ամեն ինչը»,- ասում  է Տեր-Ղազարյան կրտսերը և ավելացնում, որ ինքն էլ պետք է այդ բարդագույն արվեստը փոխանցի սերունդներին: 100-ից ավելի միկրոքանդակներ ունի նա: Իրենց ձևով, չափով, կառուցվածքով և ընդհանուր գաղափարներով արդեն յուրօրինակ են Էդուարդի միկրոաշխատանքները: Նա միկրոքանդակներ է ստեղծում ասեղի անցքի մեջ, բրնձի կես հատիկի, լուցկու, մազի վրա: Յուրաքանչյուր աշխատանքի համար պահանջվում է 2 շաբաթից մինչև 2-3 ամիս: Նրանից նվեր են ստացել մի շարք հայտնի մարդիկ, որոնց թվում են Գարեգին II-ը, Շառլ Ազնավուրն ու Ֆրանցիսկոս Պապը, ով աշխարհում իր ամենափոքր՝ 1 միլիմետրանոց դիմանկարը նվեր ստանալուց ամիսներ անց հեղինակին շնորհել է մեդալ և իր լուսանկարը՝ ստորագրությամբ, իսկ Ազնավուրին լրագրող Արտակ Հերիքյանի միջոցով նվիրել է 0,5 միլիմետրանոց փղերի քարավանը՝ մազի վրա:  Նա ստեղծել է «Փոքրիկ իշխանի» աշխարհում ամենափոքր պատկերը, ասեղի անցքում ժայռի գագաթին կանգնած եղնիկը, ձկան թեփուկներից վարդերի փունջը, որի ցողունները մարդու մազից չորս անգամ ավելի բարակ են, կիսաթանկարժեք քարերի փոշեհատիկներից պատրաստված փղերի քարավանը, որտեղ որպես կամուրջ հատուկ նյութերով մշակված մազն է ծառայում: 

  Էդուարդ Տեր-Նազարյան կրտսերը տեխնոլոգիապես, ինչպես նաև նոր գաղափարներով ընդլայնում է միկրոքանդակագործության ոչ միայն թեմատիկան, այլ նաև կատարելագործում է այդ արվեստի տարբեր ճյուղերը՝ միկրոդիմանկարներ, միկրոլոգոտիպեր և այլն: Այժմ Էդուարդն աշխատում է միկրոքանդակագործության  ամենաբարդ ժանրի ՝ շարժական միկրոքանդակների ստեղծման վրա:

Անի Մելոյան

4-րդ կուրս

Կիսվել