ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԸ ՎԵՐՋԱՊԵՍ ԿԿՈՂՄՆՈՐՈՇՎԵՆ

ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԸ ՎԵՐՋԱՊԵՍ ԿԿՈՂՄՆՈՐՈՇՎԵՆ

971

«Երբ հերթը հասավ իմ մասնագիտության ընտրությանը՝ մտածելու խնդիր անգամ չկար: Վեցերորդ դասարանից դեռ կար լրագրություն ընտրելու հնարավորություն, խաղի նման էր, որպես մասնագիտության դեռ չէի նայում, բայց ընտրեցի ու ոլորտի հետ կապս քիչ-քիչ լրջացավ», – պատմում է լրագրության ֆակուլտետի ուսանողուհի և Սեբաստացի կրթահամալիրի նախկին սան Վիկա Մարկոսյանը։

 127 ավագ դպրոցի հոգեբան Նաիրա Հարությունյանի խոսքով՝ 12-րդ դասարանը արդեն ուշ է մասնագիտական կողմորոշման համար: Հոգեբանը ասում է, որ իրենք բարձր դասարանի աշակերտների հետ անց են կացնում շաբաթական մեկ դաս կողմորոշման նպատակներով, որի արդյունքում այցելում են տարբեր հաստատություններ կամ մասնագետներ հրավիրում տարբեր բուհերից: Սակայն հոգեբանը ի սկզբանե նախատեսված չի եղել դեռահասների ուղորդման համար: 127 դպրոցը, լինելով ներառական, ունի այս մասնագետները, քանի որ հիմնական նպատակն է աշխատել հաշմանդամ և սոցիալական այլ խնդիրներ ունեցող երեխաների հետ: Իսկ երեխաների ապագա մասնագիտական կողմնորոշմամբ զբաղվելը կատարվում է որպես հավելյալ աշխատանք՝ տնօրենի հրամանով:

 Տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողուհի Արևիկ Միքայելյանը առանց կողմնակի միջամտման է ընտրել իր մասնագիտությունը: Ընտրությունը կատարել է վերջին դասարանում՝ հիմնվելով այն փաստի վրա, թե ինչ առարկաներ է ընտրել պարապելու համար: Ըստ նրա՝ դպրոցը երբեք չի օգնել կողմնորոշման և քննություններին պատրաստվելու հարցերում: Մինչ բուհ ընդունվելը նա ծանոթ չի եղել մասնագիտությանը, քանի որ երբեք հնարավորություն չի ունեցել հաստատություն այցելելու կամ մասնագետի հետ զրուցելու: Ծանոթ լինելով դպրոցի հնարավորություններին՝ ինքը ոչ մի ակնկալիքներ երբեք չի ունեցել դպրոցից:

 Օրերս այս նպատակներով, Երևանի պետական համալսարանը կազմակերպեց այցեր տարբեր ավագ դպրոցներ, ինչպես նաև աշակերտները հնարավորություն ստացան հյուրընկալել համալսարան: Այս ծրագիրը կազմակերպել էր ԵՊՀ-ի կրթության վարչությունը, և նրանց խոսքով՝ սա շարունակական բնույթ է կրելու:

Սիրարփի Գալստյան

4-րդ կուրս

Կիսվել