Արագածոտնի փոքրիկ ու հյուրընկալ գյուղերից մեկում` Ներքին Բազմաբերդում Անյա տատն ու իր մեծ ընտանիքը գտան իրենց նոր տունը։ Պատերազմի թոհուբոհով ու բազում դժվարությունների միջով անցնելուց հետո, Անյա տատը շնորհակալ է Աստծուն, որ ողջ և առողջ ընտանիքի հետ կարողացել են հասնել այստեղ։ Ասում է` ամեն ինչն էլ տանելի է, միայն թե մարդկային կորուստ չլինի։ Փոքրիկ ու համեստ տանը Անյա տատն ապրում է երկու որդիների ու դստեր ընտանիքների հետ միասին։ Հակոբյանների ընտանիքում անդամները տասներկուսն էին, երբ նրանք Ստեփանակերտից նոր էին եկել Բազմաբերդ։ Այժմ արդեն տասներեքն են. դեռ մեկ ամիս էլ չկա, ինչ լույս աշխարհ է եկել Անյա տատի ամենափոքրիկ թոռը` Սպարտակը։ Տատը, ծիծաղելով և նոր կտրատված խնձորները խնամքով շարելով դեռ չեփված կարկանդակի վրա, ասում է.
-Տանը իսկական Բազմաբերդցի ունենք։
Թույլ չի տվել, որ մյուս զավակները իրենց երեխաներին կնքեն այդ անունով, միշտ ուզել է, որ ավագ որդու տղան կրի ամուսնու անունը։ Ասում է` ամուսինը արցախյան շարժման առաջին զոհերից է։ Ուրախ է, որ գոնե թոռները հասցրել են իրենց պապի նկարը վերցնել։ Ինքն էլ միակ բանը, որը վերցրել է հետը ու սրտին դրած բերել է, աշխատանքային վկայականն է։ Շուրջ քսանհինգ տարի Անյա տատը աշխատել է ազգային անվտանգության ծառայությունում, այս ընթացքում էլ հասցրել է մասնակից դառնալ պատերազմի։ Ցույց է տալիս վկայականը, հուզվում ու ասում.
-Ամենաթանկ քսանհինգ տարիների կյանքս ու աշխատանքս եմ բերել ինձ հետ, միայն դա կարողացա։
Թե ինչերի միջով են անցել, միայն իրենք գիտեն։ Անյա տատն ասում է` իրենց ապրումներն ու տեսածը պատմելու բան չեն։ Երբեք չէին էլ մտածի, որ ամեն բան նման ավարտ կունենար։ Անգամ երբ արդեն լսել էին տեղահանվելու մասին, միևնույնն է` չէին հավատում։
-Շատ մտածելուց կխելագարվենք։ Պիտի կարողանանք դիմակայել էս ամենին ու հաղթահարենք բոլոր փորձությունները։ Պատերազմի միջով քանի֊քանի անգամ ենք անցել, բայց էս վերջինից չէինք պատկերացնում, որ ինչ֊որ մեկը ողջ դուրս կգա։ Անընդհատ ասելու բան կա, բայց ասենք֊չասենք էլ, միևնունն է` բան չի փոխվելու։
Անյա տատը ուժեղ կին է, բայց երբ խոսում է անցած տարիների մասին, անբացատրելի տխրություն է նկատվում աչքերում։ Ասում է` կյանքի դառնությունները շատ է ճաշակել։ Երբ ամուսինը զոհ դարձավ թշնամական հերթական ագրեսիային, ինքը մնաց չորս երեխաների հետ։ Մտածում էր` ինչպես կմեծացնի նրանց, բայց մեծացրեց իր կյանքի գնով։
Զրուցում էր, պատմում և ժամանակ առ ժամանակ էլ գնում խոհանոց` ստուգելու` արդյոք չեփվեց կարկանդակը։ Ասում է` պարտադիր պիտի համտեսենք իր պատրաստածը։ Թոռները շատ են սիրում իրենց տատի պատրաստած թխվածքները։ Ամեն օր նրա բաղադրատոմսերի տետրից առանձնացնում են համեղներից մեկն ու անհամբեր սպասում, թե երբ պատրաստ կլինի։
Անյա տատն էլ իր հերթին ասում է, որ շատ է սիրում պատրաստել։ Հիմա էլ այստեղ` Բազմաբերդում, մտադիր է ստեղծել իր փոքրիկ անկյունն ու զբաղվել հրուշակագործությամբ։ Անկեղծանում է. գուղը իրեն շատ է դուր եկել, իսկ գյուղի բնակիչների հետ շփվելիս իսկապես հաճույք է ստանում` հոգատար են ու ուշադիր։ Ճիշտ է, սկզբում էլ, հիմա էլ նեղվում է, որ դատարկաձեռն չեն այցելում իրենց, բայց դրա հետ մեկտեղ գնահատում է ու շնորհակալ է։
-Ասել եմ` ով մնա, չմնա, ես բազմաբերդցի եմ,- ասում է ու ծիծաղում։
Իր վաթսունութ ամյակն այստեղ է դիմավորել Անյա տատը։ Սովոր էին, երբ լի ու առատ սեղանի շուրջ բոլորով էին նշում ու շնորհավորում իրար։ Բայց Արցախից դուրս գալուց հետո ամեն բան իր իմաստը կորցրել է։ Հիմա, երբ գիշերը պառկում է, մտաբերում է ամեն բան, աչքերի առաջ են ապրած օրերն ու տարիները։
Չեն հուսահատվում։ Փոքրիկ գյուղում կստեղծեն էլ, կարարեն էլ։ Հավատում են, որ ամեն բան լավ է լինելու։
Մանե Հայրապետյան
2-րդ կուրս