Հայտնի չէ, թե Երևանի մետրոն երբ նոր վագոններ կունենա

Հայտնի չէ, թե Երևանի մետրոն երբ նոր վագոններ կունենա

125
Լուսանկարը` «Հետքի»

Երեւանի մետրոյում, հատկապես օրվա պիկ ժամերին, մարդիկ սեղմված են երթևեկում։ Շատ հաճախ այդ ժամերին ընդամենը երկու վագոն է գալիս։ Մետրոպոլիտենի տնօրեն Բաբկեն Սեդրակյանը 2023-ին «Radar Armenia»-ին ասել էր, որ շուտով նոր վագոններ ձեռք կբերվեն՝ նշելով, որ շահագործվող վագոնները 1976թ. արտադրության են։

Մետրոյով երթեւեկող քաղաքացիների շրջանում հարցումներ անցկացնելով՝ պարզեցինք, որ այս խնդիրը շատերին է անհանգստացնում։ Երևանի բնակիչ, ուսուցչուհի Արմինե Գալստյանի համար աշխատանքի գնալն իսկական փորձություն է. «Ահավոր է վիճակը, մի կերպ ենք աշխատանքի հասնում, այնքան սեղմված ենք գնում, որ շատ հաճախ մարդկանց ինքնազգացողությունը վատանում է»։ Մետրոյում տիրող իրավիճակից դժգոհում են նաև ուսանողները։ «Մասիսից եմ գալիս, իջնում եմ «Գործարանային», բայց քանի որ «Գործարանային»-ից նույնիսկ դժվար կլինի խցկվելը մետրո, գնում եմ «Գարեգին Նժդեհ», այնտեղից եմ գալիս, որ կարողանամ գոնե նորմալ կանգնել»,- նշում է Մասիսի բնակիչ, ուսանող Ելենա Մուրադյանը։ Դժգոհություններ կան նաև մետրոյի աշխատանքի հետ կապված։ «Վերջերս հաճախակի են դարձել դեպքերը, երբ մետրոն ճանապարհին կանգնում է, հավանաբար ինչ-որ անսարքության պատճառով, մի քանի րոպե հետո նոր շարժվում է»,- նշում է Երևանի բնակիչ Արմեն Վարդանյանը։

Երեւանի մետրոյի շահագործվող շարժակազմերը բավարար չեն ուղևորներին հարմարավետ սպասարկելու համար։ Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանը մեզ գրավոր հայտնել է, որ 2024 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Երևանի մետրոպոլիտենի գլխավոր գծերում շահագործվում է 15 շարժակազմ (32 վագոն), որից՝ 2-ը` 1 վագոնանոց, 4-ը` 3 վագոնանոց, 9-ը` 2 վագոնանոց։ Բաբկեն Սեդրակյանի խոսքով՝ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲ Ընկերության զարգացման պլանում նախատեսված է նոր շարժակազմերի (3 վագոնանոց 15 շարժակազմ) ձեռքբերում, սակայն չի հստակեցրել, թե երբ է նախատեսվում նոր վագոնների ձեռքբերումը։ Միայն նշել է, որ վագոնների ձեռքբերման առաջարկությունը ներկայացվել է ՀՀ կառավարություն։

Երեւանի տրանսպորտային համակարգի անբավարար աշխատանքի, խցանումների պայմաններում մետրոն միակ այլընտրանքն է, սակայն այն նույնպես գերծանրաբեռնված է։ Նոր վագոնների ձեռքբերումը հրատապ է մարդկանց հարմարավետ և անվտանգ սպասարկելու համար։

Բաբկեն Սեդրակյանի հավաստմամբ՝ մետրոպոլիտենից օգտվող ուղևորներին ավելի հարմարվետ սպասարկելու համար անհրաժեշտ է 45 վագոն։ Սակայն այս քանակը փոփոխական է՝ կախված ուղևորահոսքի հետագա ավելացումից կամ նվազումից, ինչպես նաև՝ մետրոպոլիտենի գլխավոր գծերի ընդլայնումից։

Անահիտ Սահակյան

3-րդ կուրս

Կիսվել