«Դուք չեք վախենում մարդու կորստից, երբ ոչ ոքի չունեք»
Նշանածիս կորցրել եմ 1991 թվականին ու դրանից հետո էլ չկարողացա գտնել ինձ համապատասխան մեկին, մնացի մենակ։
Ունեի հագուստի խանութ Ստեփանակերտում ու շրջափակման ժամանակ ես եմ եղել այն գործատուներից մեկը, ով գյուղացիներից ձու էր առնում հատը 500 դրամով, լոլիկ էր առնում կիլոն 1300 դրամով, իհարկե թանկ էր, բայց հո չէի թողնելու հարևան-բարեկամներս սովից մեռնեին։
Այդքան պատերազմներ տեսանք, հորս կորցրի, եղբորս երկու տղաներին կորցրի, քրոջս երեխուն կորցրի ու ինքս էլ չեմ հավատում, բայց ամեն կորստից հետո, հաջորդը ավելի հեշտ էր թվում, ու հիմա մի տեսակ անվախ եմ դարձել, էլ չեմ վախենում, որովհետև էլ չգիտեմ՝ ում կարող եմ կորցնել։
Սովորել եմ, բայց մենակ մնալը շատ է բարդացնում գործս։
Ոչ ոք չէր ուզում ինձ տուն տալ, ասում էին՝ այդ տանը երեքից չորս հոգու կարող ենք տեղավորել, բա ես ի՞նչ անեի, որ բախտս այսպես է դասավորվել, ի՞նչ անեի, որ մենակ էի․․․
Մշակածս այգին էլ այնտեղ թողեցի, դա ավելի մեծ ցավ է փոխանցում, որ ուրիշներն են գալու վայելեն տունս, խանութս անտեղ թողեցի, տունս, հայրենիքս, զրոյից սկսելու համար մեծ ուժ է պետք։
Ավանեսյան Կարինե
Արցախից բռնի տեղահանված կին
Նկարը չի ցանկացել հրապարակել
«Հիմա էլի երգում եմ, բայց ցավը, որը կար սրտումս օգնություն բաժանելու օրերին, այդպես էլ չհեռացավ»
Ամեն անգամ, երբ սկսում է պատերազմական իրավիճակ, ես, մեր համայնքի կամավորները, ընկերներս, սկսում ենք ծավալել մեր գործունեությունը բարեգործական կազմակերպության շրջանակներում։
Բեմը թողնելով՝ սկսում եմ իմ ամբողջ ուժն ու եռանդը տրամադրել սնունդ, հագուստ ու հիգիենայի պարագաներ գտնելու ու մեր նոր ժամանած ընկերներին ամեն ինչով ապահովելու համար։
Այդ օրերին էմոցիոնալ ամենաբարդ պահն է սխալ չխոսելը, որովհետև ամեն մի բառն էլ կարող է սխալ ընկալվել ու ցավեցնել։
Երբ գալիս են, ու ընտանիքի անդամների քանակը հարցնելով սկսում ենք օգնություն բաժանել, իրենց աչքերը շատ ուրիշ են այդ ժամանակ, չեն խոսում շատ, բայց կարող ես շատ բան հասկանալ այդ աչքերից։ Տեսնում ես, որ արածդ մի մեծ բան էլ չէ, բայց մեծ սպասում կա իրենց մոտ։
Առաջին օրն էր, որ սկսել էինք գործը, մի տղամարդ մոտեցավ իրենց բաժին օգնությունը ստանալու ու խնդրեց նաև դեղեր գտնել, որովհետև մայրը վատառողջ էր, ասացի լավ ու, հեռախոսս վերցնելով, սկսեցի զանգել մեզ մոտ գտնվող բոլոր դեղատները, որ կարողանամ բավական քանակությամբ դեղորայք գտնել։ Մոտ քսան րոպե անց արդեն դեղերն էի հանձնում իրեն, ու աչքերից արցունքները սկսեցին հոսել, հաղթանդամ տղամարդ էր, բայց չվախեցավ զգացմուքները ցույց տալուց, ու ես էլ հուզվեցի, ժպտացի ու մինչ նոր հանդիպում մաղթեցի։
Հիմա էլի երգում եմ, բայց ցավը, որը կար սրտումս օգնություն բաժանելու օրերին, այդպես էլ չհեռացավ։
Մերի Ավետիսյան
Երգչուհի, «Lions» բարեգործական կազմակերպության ղեկավար
«Մոր ժպիտը վայրկյանական էր, հետո նորից տխրությունը պատեց»
Ես բնակվում եմ Արտաշատում, ու այն թվով երկրորդ քաղաքն է, որտեղ ամենաշատ՝ Արցախից բռնի տեղահանված ընտանիքներն են բնակություն հաստատել։ Առաջին օրերը ամենածանրն էին, որովհետև փողոցներում բոլորը մեքենաներ էին, մարդիկ էին իրենց մեծ պայուսակներով, նրանք նստում էին այգիներում ընտանիքներով ու սպասում նորության։ Ու ամեն քայլափոխի զգում էինք այն մեծ ցավի ալիքը, որը կար նրանց սրտերում։
Անպետք էի զգում ինձ այդ իրավիճակում, քանի որ բացի որպիսություն հարցնելուց, որոշակի օգնություն տրամադրելուց, ուրիշ ոչ մի կերպ չէի կարող մեղմացնել նրանց ցավը։
Մի անգամ գնում էի աշխատանքի, անցնում էի մարզպետարանի կողքով ու տեսա մի մեծ մեքենա, որը կանգնեցրել էին հրապարակում։ Մեքենայում միայն երեխաների կարողացա տեսնել, բայց թե քանիսն էին՝ հեռվից չկարողացա հաշվել՝ շատ էին։ Գնացի մոտակա խանութը, քաղցրավենիք գնեցի ու հետ եկա իրենց մոտ: Սպասում էին տուն գտնելու մասին որևէ նորության, ես փոքրիկ նվերս տվեցի, սկսեցի խոսել երեխաների մոր հետ։
8 երեխաների մայր էր, ամուսինն էլ շենքի ներսում էր, ու այնքան էմոցիաներ ստացա այդ մի քանի րոպե տևած զրույցից, որ բառերով ուղղակի չեմ կարող բացատրել։ Երեխաները սկսեցին ուրախությամբ շնորհակալություն հայտնել քաղցրի համար, իսկ մոր ժպիտը վայրկյանական էր, հետո նորից տխրությունը պատեց, որովհետև չգիտեր, թե ինչ է լինելու հաջորդ վայրկյանին։
Ես ուրախ եմ, որ հիմա մեր քաղաքը ավելի մարդաշատ է, ու փորձում եմ ամեն պարագայում օգնության ձեռք մեկնել, երբ ունեմ դրա հնարավորությունը։
Նարինե Մարտիրոսյան
Արտաշատ քաղաքի բնակիչ
«Մանկապարտեզը տունս է դարձել»
Արցախյան վերջին պատերազմից հետո մեր քաղաքում տարածք էր անհրաժեշտ, որը կարող էր ծառայել սնունդ ու հագուստ բաժանելու համար, ընկերներով չկարողանալով հարմար տարբերակ գտնել, որոշեցի, որ մանկապարտեզիս տարածքը կարող է ծառայել։
Հենց այդպես սկսեց առավոտյան երեխաների ու երեկոյան մեծիկների հետ աշխատանքը։
Առավոտյան շուտ ժամանում էի այստեղ՝ մանկապարտեզ, դիմավորում երեխաներին, հոգ տանում նրանց մասին ու երեկոյան, երբ ծնողները տանում էին նրանց, սկսում էինք պատրաստվել, որ տրամադրենք սնունդ ու հագուստ։
Համայնքից շատ կամավորներ կան, որոնք ամեն օր պարտաճանաչ գալիս են ինձ օգնության, որովհետև ես էլ գտնվում եմ հղիության յոթերորդ ամսում, ու ծանր ոչ մի գործ կատարել չի կարելի։
Մի սենյակ կա մանկապարտեզում, այնտեղ հավաքում ենք հագուստ ու ցանկացած ապրանք, որը կարող է պետք գալ, ու ամեն անգամ երբ ավելանում է սենյակի պարունակությունը, մարդիկ բերում ու իրեր են թողնում, սիրտս լցվում է, ուրախանում եմ, որ մեկ ավել մարդու էլ կարող ենք օգնել։
Երբ գալիս են Արցախից տեղահանված ընտանիքները ու տեսնում են ինձ աշխատելիս, ոմանք սկսում են իրենք ինձ օգնել, հարցնել՝ արդյոք ինձ լավ եմ զգում: Այդ պահին հասկանում եմ, որ իրենք՝ տուն ու տեղ կորցրած, մի հղի կնոջ մասին են անհանգստանում, և ինչքան մեծ է իրենց սիրտը, ու թեկուզ իրենց պոկել են իրենց տներից, բայց այն սերն ու բարիությունը, որը կար նրանց սրտերում, չի մարել։
Բարդ է անընդհատ փոփոխել մանկապարտեզի դրսի հատվածը, որ հարմարլինի երեխաների համար, բայց գիտակցելով, որ արած աշխատանքը տալիս է մեծ օգուտ, տրտնջալու իմաստ չենք տեսնում։
Ամեն օր շարունակում ենք տրամադրել սնունդ այն ընտանիքներին, որոնք բնակություն են հաստատել մեր քաղաքում, ու երեկոյան տուն գնալիս, ընտանիքիս գրկելիս, ինձ հանգիստ եմ զգում, որ այսօր էլ մի լավ բան արեցի։
Հերմինե Ղազարյան
Մանկավարժ, «Happy Kids» մանկապարտեզի տնօրեն
«Սենյակը կոչել էինք «լացի սենյակ», գնում, լացում էինք, հանգստանում ու հետ գալիս, որովհետև իրենք չպետք է մեզ տխուր տեսնեին, մենք էինք իրենց ուժ տվողը»
2016 թվից անընդհատ պատերազմի մեջ ենք, ու նոր պատերազմի լուրը ստիպում է վերապրել այն բոլոր զգացողությունները, որոնք եղել են տարիների ընթացքում։ Եվ ինչքան էլ ուսումնական պրոցեսը հետաքրքիր է, միևնույն է չես կարողանում դա հաշվի առնել, ուղղակի հաճախել դասերի, որովհետև երկրում պատերազմական իրավիճակ է։ Սովորական դասի հաճախելը նորմալիզացնում է երկրի իրավիճակը, ինչը անձամբ ինձ ավելի է ցավեցնում։
Կամավորություններով վաղուց եմ զբաղվում, բայց պատերազմների ժամանակ կատարվող կամավորությունները ավելի պարտավորեցնող են, որովհետև հասկանում ենք, որ մեր կատարած գործը կարող է մարդկանց կյանքեր փրկել։
Կացարան էի գտել, որտեղ պիտի գնայի որպես կամավոր, բայց մի քանի ժամ ուղղակի նստել ու մտածել եմ՝ արդյոք ես պատրաստ եմ հոգեպես այս քայլին, թե ոչ։
Խիզախությունս հավաքեցի ու գնացի, բայց առաջին մի քանի օրը ուղղակի չեմ շփվել ոչ ոքի հետ, որովհետև վախենում էի ցավեցնել իրենց։ Ուղղակի հետևում էի իրենց պահելաձևին, որ հասկանայի, թե ինչ մոտեցում է անհրաժեշտ ցուցաբերել իրենց հետ։
Երբ առավոտյան արթնանում էին ու չէին հասկանում, թե որտեղ են գտնվում, կամ ինչի համար են աթնացել ընդհանրապես ու սկսում էին բարձր ձայնով արտասվել, դա ամենաբարդ զգացումն էր ինձ համար։
Օրեր անց արդեն ընկերացել էի կացարանի բնակիչների հետ, բայց ինձ թույլ չէի տալիս շատ կապվել իրենց հետ, քանի որ որոշ ժամանակ անց լքելու էին կացարանը, չէի ուզում էլի կորստի զգացում ունենային։
Այս կամավորությունը իմ կյանքում անցկացրած ամենազգացմունքայինն էի երևի։
Մի անգամ խաղ էին խաղում, որտեղ պետք է բառերը բացատրենք մյուս խմբի անդամներին, ու երեխաներից երկուսը՝ եղբայր ու քույր, խաղում էին միասին, աղջիկը հարցնում է եղբորը՝ Աշոտ մենք ի՞նչ չունենք, նա պատասխանում է տուն, ահան ուրի՞շ, հայերի՞ք, հա, բայց ուրիշ, ԱՊԱԳԱ՞, հա!
Այստեղ բոլորիս աչքերից արցունքները գնացին, իսկ երեխաները շարունակում էին իրենց բառերը բացատրել։
Մի սենյակ ունեինք, որտեղ պահում էինք առաջին անհրաժեշտության իրերը։ Սենյակը կոչել էինք «լացի սենյակ», գնում, լացում էինք, հանգստանում ու հետ գալիս, որովհետև իրենք չպետք է մեզ տխուր տեսնեին, մենք էինք իրենց ուժ տվողը։
Փոխեց ինձ այս կամավորությունը, բայց ուրախ եմ, որ հնարավորություն ունեցա լինել այս ամենի մի մասը, հոգեպես օգնություն ցուցաբերել իրենց ու ես էլ կոփվել։
Մանե Մնացականյան
Ուսանող, կամավոր
Միլենա Սարգսյան
4-րդ կուրս