ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՉԸՆԴՈՏ ՉԷ, ԲԱՅՑ ՄԻՋԱՎԱՅՐՆ ԱՆՄԱՏՉԵԼԻ Է

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՉԸՆԴՈՏ ՉԷ, ԲԱՅՑ ՄԻՋԱՎԱՅՐՆ ԱՆՄԱՏՉԵԼԻ Է

1461

Արդեն 26 տարի է, ինչ Ասյա Խատոյանը կորցրել է ոտքը, սակայն դա նրան չի խանգարել լիարժեք կյանքով ապրել: «Հինգ տարի ծառայել եմ Ղարաբաղում. 1993թ.-ին Քելբաջարում կանգնեցի ականի վրա և կորցրի ոտքս: Կյանքս փրկեց Մոնթե Մելքոնյանը»,-պատմում է նա: Այս պատահարը, սակայն, խոչընդոտ չի եղել Ասիայի համար, որ  ակտիվ կենսակերպ վարի և աշխատի:

«Աշխատել եմ Ռազմական ոստիկանությունում․ 2 տարի է՝ ինչ չեմ շխատում, պայմանագիրս ավարտվել է 48 տարեկանում, հիմա 50 տարեկան եմ»։ Նա չի մտածում, որ կյանքն ավարտվել է: Նրա խոսքով՝ ինքը դեռ պետք է աշխատի: Սպասում է, որ շուտով պետք է աշխատանք ունենա հիվանդանոցում: Ասյան իր ունեցած խնդիրները փորձում է հաղթահարել, առաջ նայել, չի տրտնջում, ամեն ինչում փորձում է տեսնել դրականը․ «Տեղաղաշարժի հետ կապված ոչ մի խնդրի հետ չեմ առնչվում քաղաքում, լինում են պահեր, որ նեղվում եմ, բայց դա խնդիր չէ․ էլի ոտքի եմ կանգնում ընկերներիս օգնությամբ»:

2006 թվականի դեկտեմբերի 13-ին ՄԱԿ-ն ընդունեց Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիան, որը վավերացրել է նաև Հայաստանի Հանրապետությունը: Սակայն, դեռևս բացթողումներ կան կոնվենցիայի դրույթների իրականացման հետ կապված: Կոնվենցիայի հիմնական սկզբունքներից մեկը մատչելիությունն է, որը հաշմանդամություն ունեցող անձանց անկախ ապրելու և կյանքի բոլոր բնագավառներում լիակատար մասնակցության հնարավորություն ընձեռելու նպատակով ձեռնարկվող համապատասխան միջոցներն են: Նրանց համար մյուսների հետ հավասար հիմունքներով պետք է ստեղծվեն բոլոր հարմարությունների ու ծառայությունների մատչելիությունը, որոնք հասանելի են հասարակությանը և՜ քաղաքներում, և՜ գյուղական վայրերում:

Ըստ «Մատչելի քաղաք» նախաձեռնության համակարգող Վարդուհի Արամյանի՝ երկրում ապրում են մոտ երկու հարյուր հազար հաշմանդամություն ունեցող անձինք, որոնք ունեն շա տարբեր խնդիրներ. «Մենք գիտենք, որ մեծ մասը Երևանում են ապրում կամ տեղափոխվում են Երևան, և հենց այստեղ տարբեր խնդիրների են բախվում: Առաջին խնդիրը առնչվում է ֆիզիկական մատչելիությանը, այսինքն՝ ընդհանուր միջավայրային խնդիրներ: Դրանք պայմանավորված են առանձին ենթակառուցվածքներով՝ խանութներ, սպասարկման օբյեկտներ, հանգստի ու ժամանցի վայրեր, կրթական ու մշակութային օջախներ»։ 

Հաշմանդամություն ունեցող անձը օրվա ընթացքում տեղաշարժի հետ կապված ունենում է տարբեր խնդիրներ: «Մարդիկ հենց բնակարաններում էլ տեղաշարժվելու խնդիրներ հաճախ ունենում են, սայլակները չեն աշխատում փոքր բնակարաններում: Այսպիսով՝ ունենք ընդհանուր միջավայրի անմատչելիություն՝ վերելակներ, տրանսպորտ, մուտքեր, անցուղիներ»,-նշում է նա:

Քաղաքում խնդիրները շատ են և´ Վարդուհի Արամյանը և´ մյուսները բազմիցս ձայն են բարձրացրել այս խնդիրների լուծման համար, սակայն դրանք հիմնական մասով մնում են օդից կախված․ «Երկար տարիներ աշխատում եմ այս ոլորտում և մտահոգվում եմ հաշմանդամություն ունեցող անձանց ներառման և քաղաքն ավելի մատչելի դարձնելու խնդրով: Տարիներ շարունակ ինչ-որ բաներ արվում են, սակայն դրանք բավարար չեն, որովհետև այդ ամենը իրականացվում է տեղային, ոչ թե համակարգային մակարդակով: Որոշակի վայրերում թեքահարթակների կառուցման ժամանակ չեն մտածում՝ արդյո՞ք այստեղ թեքահարթակների կառուցումը կօգնի մարդուն «Ա» կետից գնալ «Բ» կետը․ երբեմն այդ թեքահարթակներից հետո էլի խոչընդոտներ կան, որոնք չեն կարողանում հաղթահարվել»։

«ՀՀ-ում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի համաձայն՝ չի թույլատրվում բնակավայրերի նախագծումն ու կառուցապատումը, բնակելի շրջանների ձևավորումը, նախագծային լուծումների մշակումը, շենքերի, կառուցվածքների, ներառյալ օդանավակայանների և երկաթուղային կայանների շինարարությունն ու վերակառուցումը, ինչպես նաև տրանսպորտային միջոցների, այդ թվում անհատական, կապի և տեղեկատվության միջոցների մշակումն ու արտադրությունը, եթե դրանք հաշմանդամների մատչելիության և օգտագործման համար հարմարեցված չեն:

Վարդուհի Ադամյանն ասում է, որ դեռևս տեսնում է, թե ինչպես են շահագործման հանձնվում տարբեր շենք-շինություններ, կենցաղային և հանրային նշանակության վայրեր, որոնց մատչելիությունը ուղղակի ապահովված չէ: Նրա խոսքով՝ այստեղ մենք գործ ունենք պատկան մարմինների անգործության հետ, որը պատշաճ վերահսկողություն չի իրականացնում․ այս տեմպերով մենք չենք ունենա մատչելի միջավայր:

Հաշմանդամություն ունեցող անձիք դժվարությամբ են ինտեգրվում հասարակություն, և դա պայմանավորված է մի շարք գործոններով: «Կարևոր խնդիրներից է տրանսպորտի մատչելիությունը, ինչը շատ կարևոր է ոչ միայն հաշմանդամություն ունեցող անձանց ներառման կոնտեքստում, այլ ընդհանրապես՝ քաղաքի վերակենդանացման, տրանսպորտային բեռնաթափման առումով»-ասաց նախաձեռնության համակարգող Վարդուհի Արամյանը:

Քաղաքային իշխանությունները փորձում են քայլեր ձեռնարկել խնդիրների լուծման համար, բայց միշտ չէ, որ դրանք բավարար օգտակար են լինում: Վարդուհի Արամյանի խոսքով՝ 2014-2016 թվականին Երևանի քաղաքային բյուջեից մոտ հարյուր միլիոն դրամ է տրամադրվել, որպեսզի 25 ավտոբուսներ հարմարեցվեն հատուկ վերելակներով, բայց՝ անարդյունավետ: «Հնարավոր չէր տվյալ ավտոբուսները հարամարեցնել այդ վերելակներով: Դրանք երբեք նորմալ չեն աշխատել, մարդիկ դրանցից չեն օգտվել տարբեր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով»։ Այս կապակցությամբ նշենք, որ ՀՀ-ում հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության մասին ՀՀ օրենքի 23-րդ հոդվածը սահմանում է, որ տրանսպորտի, կապի, տեղեկատվության միջոցները և սոցիալական ենթակառուցվածքի մյուս օբյեկտները պետք է հարմարեցվեն հաշմանդամների պահանջմունքների բավարարմանը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, պայմաններով և ժամկետներում:

Այն դեպքում, եթե նշված օբյեկտները հնարավոր չէ հարմարեցնել հաշմանդամների օգտագործմանը, համապատասխան իրավասու պետական մարմինները հաշմանդամների պահանջմունքների բավարարման նպատակով պետք է մշակեն և իրականացնեն անհրաժեշտ միջոցառումներ:

Նշենք նաև, որ կառավարությունը ընդունել է որոշում «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2019 թ. տարեկան ծրագիրը և միջոցառումների ցանկը հաստատելու մասին», և ծրագրի խնդիրներից է, ի թիվս այլնի,  հաշմանդամություն ունեցող անձանց համար քաղաքային և գյուղական վայրերում ֆիզիկական միջավայրի, տրանսպորտի, տեղեկատվության և հաղորդակցության տեխնոլոգիաների և համակարգերի, շենքերի ու ծառայությունների մատչելիության ապահովումը:

Արմանուշ Գևորգյան

4-րդ կուրս

Կիսվել