Հայաստանում հոգեբանի ամենաշատ դիմելիությունը երիտասարդների շրջանում է. Մարիամ Մելքումյան

Հայաստանում հոգեբանի ամենաշատ դիմելիությունը երիտասարդների շրջանում է. Մարիամ Մելքումյան

254

Journalist.am-ի այսօրվա զրուցակիցը «Master mind» հոգեբանական և թրեյնինգային կենտրոնի հիմնադիր, հոգեբան և թրեյներ Մարիամ Մելքումյանն է: Հարցազրույցի ընթացքում խոսել ենք երիտասարդների շրջանում սթրեսի մակարդակի բարձրացման, հոգեբանի օգնությանը դիմելու, սոցցանցերի ազդեցության մասին:

-Ըստ Ձեզ` ովքե՞ր են ավելի հաճախ դիմում հոգեբանի աջակցությանը և ինչո՞վ է դա պայմանավորված:

-Հայաստանում հոգեբանի ամենաշատ դիմելիությունը երիտասարդների շրջանում է: Սա պայմանավորված չէ խնդիրների շատությամբ, այլ նրանով, որ երիտասարդները առավել բաց են և գիտակից՝ հոգեբանի դիմելու հարցում: Դա կոտրում է թերապիայի վերաբերյալ կարծրատիպերը՝ դառնալով օրինակ իրենց շրջապատի համար, որ նորմալ է հոգեբանի դիմելը, էնպես ինչպես օրինակ դիմում են ատամնաբույժի:

-Ի՞նչ է սթրեսն ու սթրեսակայունությունը:

-Սթրեսը առաջացնում են ադրենալին և կորդիզոլին հորմոնները, ինչն էլ թուլացնում է իմունիտետը և մենք ավելի խոցելի ենք դառնում: Իսկ սթրեսակայունությունը ձևավորվում է անձնական փորձի, ընտանեկան պատմության և աջակցության հիման վրա, այն կարելի է զարգացնել ՝ սեփական ռեսուրսները ճիշտ օգտագործելով: Սա ավելի շատ որպես հմտություն է, այսինքն նրանք հնարավորինս շուտ իրենց ռեսուրսները մոբիլիզացնում են ու արագ են վերականգնվում:

Հաճախ սթրեսի բարձր մակարդակը կապում ենք ընտանիքի սոցիալական վիճակի հետ, սակայն պրակտիկայում դեպքեր ունենք, որ երիտասարդը սոցիալապես ապահովված ընտանիքից է, կրթության բարձր մակարդակ ունի, սակայն ընդհուպ մինչև հոգեբուժական խնդիրների է հասնում:

Կան խնդիրներ, որոնք մենք ի վիճակի ենք լուծել, ուղեղի հիմնական նպատակը խնդիրներ լուծելն է, սակայն, երբ խնդիրը գերազանցում է մեր ռեսուրսները, առաջանում է սթրես:

-Որո՞նք են այն հիմնական հմտությունները, որ երիտասարդները պետք է զարգացնեն իրենց հոգեկան առողջությունը պահպանելու համար:

-Շատ կարոր է ինքնախնամքի գաղափարը, պետք է գիտակցել, որ առողջարար է սեփական անձը խնամելը: Այն իրենից ենթադրում է սեփական կարիքները արժևորելը և ուշադրություն դարձնելը:  Օրինակ, եթե կա անհանգստացնող խնդիր՝ լինի դա ֆիզիոլոգիական, սոցիալական, թե հոգեբանական, այն չպետք է անտեսվի, այլ պետք է լուծումներ փնտրել: Պարտադիր է ունենալ ինչ-որ ռիտուալներ, սովորույթներ, որոնք դրական էմոցիա ու ռեսուրս են տալիս անձին։

Պարտադիրների շարքից է նաև, որ երիտասարդը ճանաչի ինքն իրեն: Մեր ընթերցողներին ևս խորհուրդ եմ տալիս՝ փոորձեք գտնել ձեզ, թե ի՞նչն է ձեզ մոտ լավ ստացվում, ի՞նչն է ձեզ խանգարում և ի՞նչը կցանկանաք բարելավել: Էստեղ պետք է նշեմ նաև, որ երիտասարդը պետք է ունենա նպատակ, այն մոտիվատոր է ու մարդուն հրում է դեպի առաջ, շատ կարևոր է ապագայի տեսլական ունենալը, եթե ունես նպատակ, ինքդ քեզ ծրագրավորում ես,  վիզուալիզացիա ես անում ու գնում ես դեպի դա: Նպատակի համար պետք չէ տանջվել, որ ինչի հենց հիմա չի ստացվում, այլ աշխատել և գտնել վերջնարդյունքներ:

Հիմնականում ի՞նչ խնդրով են դիմում մասնագետի:

-Հիմա երիտասարդների շրջանում տարածում ունի տագնապայնության հետ կապված հոգեբանական հայցերը, ունենում են տագնապային մտքեր, բայց եթե տագնապայնության շեմը բարձր է լինում, անպայման ուղղորդում ենք հոգեբույժի, որովհետև ախտորոշում տալիս են միայն հոգեբույժները: Կան խնդիրներ, օրինակ, կպչուն մտքերը, որոնք համարվում են կլինիկական դեպքեր, ես ինքս կլինիկական հոգեբան եմ, բայց անպայման ուղղորդում եմ հոգեբույժի, ախտորոշում ենք ունենում, միգուցե դեղորայքային բուժում ենք նշանակում, հետո  նոր շարունակում ենք թերապիան:

Բավականին հայցեր կան ընտանեկան հարաբերություններում առկա դժվարության խնդրով, երբ ընտանիքում որպես հասուն անձ չեն ընդունվում ծնողների կողմից, անընդհատ անտեսվում  են, կոնֆլիկտների մեջ են, ընդհուպ մինչև ֆիզիկական և հոգեբանական բռնության են ենթարկվում։ Հիմա նաև շատ են վարքի հետ կապված դժվարություններ ունեցող երիտասարդների հայցերը և զուգընկերոջ հետ հարաբերությունների դժվարությունները։

-Մեր օրերում սթրեսի մակարդակը բավականին բարձր է, սկսած  COVID-19-ից մինչև  մի քանի պատերազմներ: Ի՞նչ խորհուրդ կտաք այն երիտասարդներին, ովքեր չեն կարողանում հաղթահարել առօրյա սթրեսները և բարձր հուզական լարվածության մակարդակը:

-Նորմայում մարդիկ ունեն տագնապայնության շեմ, որի նպատակը մարդուն զգոն պահելն է, բայց այն երկրներում, որտեղ կա տարածքային անվտանգության խնդիր, արտակարգ իրավիճակները շատ են լինում, մարդկանց տագնապայնությունը լինում է նորմայից բարձր, արդյունքում հնարավոր է, որ այդ երիտասարդի կյանքում ամեն ինչ շատ լավ է, բայց միշտ լարված ու անհանգիստ է, որովհետև եթե կա տարածքային անվտանգության խնդիր, ուզես թե չուզես, դա քեզ լարված է պահում: Քովիդից հետո նաև ֆիզիկական տեսանկյունից վնասվեց մարդկանց առողջությունը, և մարդկանց իմունիտետը ընկավ, հաջորդեց պատերազմը, որը վնասեց մարդկանց նյարդերը: Հետևելով վերը նշված խորհուրդներին՝ կարելի է գոնե որոշ չափով պահպանել հանգստությունը:

-Ըստ Ձեզ՝ ի՞նչ ազդեցություն ունի սոցիալական մեդիան երիտասարդների հոգեկան առողջության վրա, և ի՞նչ մարտահրավերներ կան:

-Նախկինում մեր ծնողները, տատիկ-պապիկները համեմատվել են իրենց գյուղի, քաղաքի, նեղ միջավայրի մարդկանց հետ, ու երբ համեմատության շրջանակը փոքր էր, ռիսկը մեծ չէր, ինչքան հիմա: Այժմ կան սոցցանցերը, և դու կարող ես համեմատվել աշխարհի  X ծայրում X մարդու հետ, թվում է, թե դրական նշանակություն ունի, սակայն մեծամասամբ ինքնազգացողությունդ վատանում է, երբ  տեսնում ես ինչ-որ մեկը իդեալականացված կյանք է վարում, իսկ դու՝ ոչ:
Կարևոր է գիտակցել, որ մեդիան չի արտացոլում իրականությունը, էդտեղ ներկայացվում են իրենց անձի ցանկալի գծերը, կյանքի այն հատվածը, որը կուզեին մարդիկ տեսնել, սակայն իրական խնդրահարույց դժվարությունները մնում են կադրից դուրս: Սթրեսային իրավիճակներում մենք շատ ենք թերթում մեդիան, կարևոր է սահմանափակել դա:

Իմ գործունեության ընթացքում ինքս ընդունել եմ շատ հայտնի բլոգերների, ու նկատել եմ, որ այն կոնտենտը, որ իրենք են ներկայացնում, իրականում իրենց անձի հետ կապ չունի: Օրինակ՝ մարդը ունի տագնապներ, անիքնավստահ է, բայց իր լսարանին կարողանում է հակառակը համոզել: Դրանից կեղծ դիրքորոշում է ձևավորվում, որ իր մոտ ամեն ինչ հիանալի է:

Մեդիան շատ ծայրահեղական է, դու կարող ես և՛ սովորել, և՛ սկսել համեմատվել, սակայն այն վատթարացնում է ինքնազգացողությունդ, նաև երկար ժամանակ սոցցանցերում լինելիս հյուծված ես զգում քեզ:

-Եվ որպես վերջաբան, քանի՞ տարի է, ինչ գործում է Ձեր «Mister mind» հոգեբանական թրեյնինգային կենտրոնը, և որոք են ամենահաջողված թրեյնինգները:

-Որպես հոգեբան-թրեյներ ոլորտում եմ գրեթե 10 տարի: ԱՁ հիմնել եմ մոտ 5-6 տարի առաջ, երբ սկսեցի  իմ անհատ բիզնեսն անել, եկավ մի պահ, որ ցանկանում էի իմ անձից կտրել գործունեությունս, որովհետև ամենուր Մարիամ Մելքումյանն էր ասոցացվում, էդպես ստեղծվեց «Mister mind»-ը, որը  2 տարի է, ինչ գործում է: Հայաստանում թրեյնինգային շարքը, որ իրականացնում ենք, 10-ից ավել է, Soft skill-երի թրեյնինգներ, Stress managmnt, Communication skills և էդպես շարունակ: Բայց ամենապահանջվածը հատկապես երիտասարդների շրջանում կարծում եմ Stress managmnt-ն է, ինքնագնահատականը և ինքնախնամքը:

Հարցազրույցը՝ Լուսինե Նավասարդյանի

2-րդ կուրս

Կիսվել