«VARKS.AM»-Ի ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ԿԱԶՄՈՒՄ Է 70%. ՍԱ ՎԱՇԽԱՌՈՒԹՅՈՒՆ Է. ՓԱՍՏԱԲԱՆ

«VARKS.AM»-Ի ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ԿԱԶՄՈՒՄ Է 70%. ՍԱ ՎԱՇԽԱՌՈՒԹՅՈՒՆ Է. ՓԱՍՏԱԲԱՆ

1127

24-ամյա Անահիտը մեկ տարի առաջ աշխատավարձի ուշացման պատճառով ստիպված է եղել վարկ վերցնել «Varks.am» կազմակերպությունից։ «150.000 դրամ գումար եմ վերցրել, մուծում անելու ժամանակ երկարաձգել եմ ժամանակը, իսկ հիմա ստիպված եմ վճարել 280.000 դրամ։ Անընդհատ զանգեր ստանալուց հետո, կազմակերպության հետ եկա համաձայնության, որ ամեն ամիս 5000 դրամով պետք է փակեմ վարկը»,- պատմեց Անահիտը։ Նրա խոսքով՝ ինքը դեռ երկար ժամանակ է վճարումներ անելու, բայց արդյո՞ք մինչ դա կազմակերպությունը կգործի։ «Շատ եմ լսել բողոքներ, նույնիսկ լսեմ եմ, որ կարող է փակվել։ Ինձ թվում է՝ այդ 5000-ին համաձայնեցին, որովհետև ինչ էլ մուծեմ մինչ այդ, իրենց օգուտն է»,- ասաց Անահիտը։

Ի տարբերություն Անահիտի՝ Սևակը մեկ տարվա ընթացքում վերցրել է 700.000 դրամ, կատարել  է վճարումները, բայց  գումարն աճել է՝ դառնալով 850.000 դրամ։ «Մեկ տարվա ընթացքում վերցրածս 700.000 դրամը դարձավ 850.000 դրամ, բացի այդ վճարել եմ նաև տոկոսներ»,- նշեց Սևակը։ Մեր այն հարցին, թե քանի տոկոսով է տրամադրվել վարկը, նշեց՝ 15%, բայց ասաց, որ դա միայն պայմանգրում է, իրականում հաշվում են ավելի բարձր տոկոսով։

Հարցի շուրջ զրուցեցինք փաստաբան Նելլի Մինասյանի հետ, ով  վարկ է  վերցրել «Varks.am»-ից և որոշել, որ չի մուծելու գումարը։

 Փաստաբանը նշեց, որ ճիշտ է, «Varks.am կազմակերպությունը գործում է ԿԲ-ի հսկողողության ներքո, սակայն ԿԲ-ի կողմից սահմանված տարեկան փաստացի տոկոսադրույքը շատ ավելի ցածր է, քան Varks.am-ինը։  Վերջինիս տոկոսադրույքը կազմում է 70%։ Սա ի՞նչ է, եթե ոչ վաշխառություն, թալան։ Մարդիկ շատ արագ հայտնվում են սև ցուցակում։ Եթե օրենքով սահմանված է, որ 24%-ից ավել չի կարող լինել տոկոսադրույքը, ուրեմն ի՞նչ հիմքով է գործում այս կազմակերպությունը»,- հարց է տալիս փաստաբան Նելլի Մինասյանը։

Սոնան (անունը փոխված է) ընդամենը 50 օր է աշխատել «Varks.am»-ում և դուրս եկել աշխատանքից։ «Դուրս եկա, որովհետև ինձ մեղավոր էի զգում մարդկանց այդ վարկը տրամադրելու համար»,- ասաց Սոնան։ Նա նշեց, որ  ամիսը 15%-ով վարկ են տալիս հաճախորդին։ Դա ավելի բարձր է, քան վաշխառուներին տված տոկոսները։ Կազմակերպության աշխատողներն ասում են անգիր արած տեքստ, իսկ եթե հաճախորդը չի հասկանում, ուզում ես նորից բացատրել, մասնաճյուղի պատասխանատուն ասում է՝ անիմաստ ժամանակ չվատնեք»,- պատմեց Սոնան։ Նրա խոսքով՝ կազմակերպությունը վարկը տրամադրում է 30 օրով, 0% տոկոսադրույքով, դրանից հետո պահանջում է 15%՝ երկարաձգման համար, որը ծառայության վճար է, և օրենքով չի սահմանվում։ Բացի այդ, աշխատողների հետ աշխատում են աշխատանքային օրենսգրքի կոպիտ խախտումներով։

Գարիկ Ղազարյանը համագործակցում է «Խելացի Սպառողներ» ՍՊԸ-ի հետ, որը պայքարում է բարեփոխումների համար։ «Ես արշավներ եմ սկսել ու հստակ ձևակերպել վարկային բարեփոխման հանրային պահանջ, ինչն արդեն պատկան մարմինների ուշադրության կենտրոնում է»,- նշեց Գարիկ Ղազարյանը։ Նրա խոսքով՝ բարեփոխումները կարող են լինել տույժերի համաչափ ներման, գոնե 7-8 տարի ժամկետով երկարացման միջոցով, որը կթեթևացնի վարկային բեռը։ «Ես գրեթե բոլորին տեղեկացրել եմ խնդիրների և դրանց հետևանքների մասին, մինչև անգամ վարչապետին։ Ի դեպ, ԿԲ-ն արհեստական պատնեշներ է ստեղծել ընկերության համար»,- նշեց Գարիկ Ղազարյանը։

Փետրվարի 19-ին Ազգային ժողովը մերժեց ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԼՀԿ փոխնախագահ Մանե Թանդիլյանի այն նախաձեռնությունը, որով հնարավորություն էր տրվում բանկերին և վարկային կազմակերպություններին ներել անհուսալի վարկերը։ Ըստ Մանե Թանդիլյանի հայտարարության՝ այս նախաձեռնության արդյունքում բանկերը կունենան մասնակի վճարումներ, քաղաքացիները կազատվեն կուտակած պարտավորություններից։

Շողեր Կակոյան
2-րդ կուրս

Կիսվել