Հաշմանդամություն ունեցող անձինք ունեն նույն իրավունքները, ինչ մյուս բոլոր մարդիկ: Այս և մի շարք հարցեր քննարկել ենք Ամալյա Հարությունյանի հետ, ում հաշմանդամությունը հետ չի պահել հասարակական ոլորտում ակտիվ գործունեություն ծավալելուց։
-Ամալյա, քո առաջին քայլերն հասարակական ոլորտում ինչպե՞ս ես սկսել:
– Ես հասարակական ոլորտում հայտնվել եմ 13 տարեկանում, երբ սովորում էի 6-րդ դասարանում և շատ քիչ բան գիտեի հաշմանդամության խնդիրների և ՀԿ ոլորտի մասին: Այն դպրոցում, որտեղ ես էի սովորում, 2006թ-ից սկսել էին ներառական կրթություն և «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունը, այն իրականացնում էր փորձնական տարբերակով: Այդպես ես մանակցեցի «Հույսի կամուրջ»-ի մի շարք ճամբարների, և այժմ, երբ հետ եմ նայում իմ անցած ուղուն, ես սովորական ճամբարականից վերածվել եմ շահերի պաշտպանի, դասընթացավարի, ինչ-որ տեղ ինձ նաև փորձագետ են համարում, որի հետ ես այդքան էլ համաձայն չեմ (ծիծաղում է):
– Որքանո՞վ է մեր հասարակությունը «բաց» ընդունելու հաշմանդամություն ունեցող անձանց:
– Այս պարագայում մենք օգտագործում ենք «ներառել» տերմինը, այսինքն՝ մենք անմիջական շփում ենք ծավալում հաշմանդամություն ունեցող անձի հետ: Մեր հասարակություն,ը համեմատած նախորդ տարիներին, ավելի բաց է դարձել մեր ջանքերի շնորհիվ, բայց մինչև հիմա, որպես այդպիսին «նորմալ» ընդունելը մեր հասարակության մեջ մնացել է խղճահարությունը, բարեգործության և օգնության զգացումը: Հասարակության մեջ կան բազում կարծրատիպեր, որոնք ամբողջությամբ կոտրել դեռևս չի ստացվում: Շատերի կարծիքով մենք սահմանափակ ենք, մենք չպիտի աշխատենք, սովորենք կամ անձնական կյանք ունենանք, և հասարակությունը, որպես այդպիսին, ինձ համար ամբողջությամբ բաց դեռևս չի եղել:
-Իսկ կա՞ն գործոններ, որոնք կախված են հենց հաշմանդամություն ունեցողից:
–Այո՛, եթե մենք փակվենք մեր տներում և չբարձրաձայնենք մեր խնդիրների մասին, կամ, երբ մեր ընտանիքներում ասեն, որ չպիտի խոսենք մեր հաշմանդամության մասին, մարդիկ այդպես էլ փակ կմնան ընդունելու և լսելու մեզ՝ մնալով իրենց կարծրատիպերի մեջ: Բայց ամեն անգամ, եթե նրանք տեսնեն հաշմանդամություն ունեցող մարդու, ով աշխատում է, սովորում է ու ժպտում, կսկսեն ավելի բաց և գիտակից դառնալ հաշմանդամության նկատմամբ:
-Պետությունը ի՞նչ պայմաներ պետք է ստեղծի հաշմանդամություն ունեցող անձանց համար, որ իրենք իրենց լիարժեք զգան և նրանց իրավունքները պաշտպանված լինեն:
– Առաջին հերթին հիշեցի Սահմանադրության Հոդված 3-ը, որում նշվում է, որ մարդը բարձրագույն արժեք է, հետևաբար յուրաքանչյուր մարդ իր հաշմանդամության խնդրով հանդերձ բարձրագույն արժեք է: Բացի այդ, մենք 2010 թ-ին ստորագրել ենք Հաշմանդամություն ունեցող անձանց կոնվենցիան, որտեղ նշվում է ազատ տեղաշարժման և մի շարք այլ իրավունքների մասին, և ՀՀ-ն պետք է ապահովի հավասար պայմաններ՝ թեքահարթակներ կառուցի, հանրային քննարկումների ժամանակ ապահովի ժեստերի լեզուն և շատ այլ պայմաններ, որոնք դեռևս չկան:
-Ի՞նչ դժվարությունների են հանդիպում հաշմանդամություն ունեցող անձինք իրենց գործունեության և կյանքի ընթացքում:
– Ես, ունենալով տեսողության խնդիր, բախվել եմ դժվարությունների դեռ փոքր տարիքից: Առաջին հերթին՝ փախուստը հասարակությունից, ընտանիքի վերաբերմունքը, երբ չեն պատկերացնում իրենց երեխայի դերը հասարակությունում, նաև այն բոլոր ընտանիքները, որոնք առընչվում են հաշմանդամություն ունեցող անձանց հետ և իրենց երեխաներին չեն թողնում շփվել, խոսել, խաղալ հաշմանդամութուն ունեցող երեխայի հետ:
2-րդ էտապը դպրոցն է․ պետք է նշել, որ հաշմանդամություն ունեցող շատ անձինք այդպել էլ դպրոց չեն հասնում, ստանում են տնային ուսուցում կամ՝ դա էլ չեն ստանում: Դպրոցում ծաղրի առարկա են դառնում, հետո արդեն աուդիո գրքերի բացակայությունը, ուսուցիչների ժեստերի լեզվին չտիրապետելը, մեծ տառաչափով գրքերի բացակայությունը շատ դժվարությունների առաջ են կանգնեցնում: Հետո աշխատանքի ընդունվելն է դժվար․ աշխատավայրի անմատչելիությունը, կյանք կազմելը, կարիերա ստեղծելը։ Հասարակությունը չի պատկերացնում, որ եթե դու ունես հաշմանդամություն, դու կարող ես երեխաններ ունենալ, ընտանիք կազմել:
– Ինչպե՞ս ես հաղթահարել այդ խոչընդոտները:
– Կյանքում գալիս է մի պահ, երբ դու սկսում ես ապրել քո հաշմանդամության հետ հաշտ, ու քեզ ընդունում ես այնպիսին, ինչպիսին կաս: Ես ընդամենը 19 տարեկան եմ և այդ գործընթացը ինձ մոտ շուտ է ստացվել, բայց մարդիկ կան, ովքեր իրենց ամբողջ կյանքում պայքարի մեջ են: Չնայած ես իմ հետ արդեն հաշտ եմ ապրում, սակայն լինում են պահեր, երբ էլի դժվարություն է ինձ համար պայքարել ինքս իմ դեմ ու ընդունել իմ հաշմանդամությունը:
–Որպես վերջաբան ի՞նչ խորհուրդ կտաս այն անձանց, ովքեր հաշմանդամություն ունեցող մարդկանց հետ շփվելու, աշխատելու փորձ չունեն:
-Մարդկանց խորհուրդ կտամ փոխել իրենց վերաբերմունքը, հասկանալ, որ մեզ օգնություն պետք չէ և մենք չենք «կծում» (ժպտում է)։ Մեզ ընդամենը սովորական շփում է պետք: Նաև խորհուրդ եմ տալիս միացնել իրենց արևները և կյանքը զգալ, ոչ թե տեսնել։

Լիլիթ Խլղաթյան
2-րդ կուրս